Հին Կտակարան
Նոր Կտակարան
Խավարը և կրակե սյունը1 Մեծ և անպատմելի են քո դատաստանները, դրա համար …
Խավարը և կրակե սյունը
1 Մեծ և անպատմելի են քո դատաստանները, դրա համար էլ անխոհեմ անձերը մոլորվեցին։ 2 Անօրենները կարծում էին, թե կարող են բռնադատել սուրբ ազգին, մինչդեռ նրանք կապված էին խավարին և երկարատև գիշերով կաշկանդված, իրենց հարկի տակ արգելափակված փախստականներ էին նրանք՝ լքված հավիտենական նախախնամությունից։ 3 Մտածելով, թե իրենց մեղքերը գաղտնի են պահված, նրանք հիմարության անճաճանչ առագաստի ներքո ցրվեցին՝ ծայր աստիճան հիմարացած և խուճապի ու խռովքների մատնված։ 4 Որովհետև այն մութ վայրը, որ թաքցնում էր նրանց, չփրկեց երկյուղից. նրանց սարսափեցնում էին իրենց շուրջը թնդացող բոմբյունները, նրանց աչքին անժպիտ ու խոժոռադեմ ցնորքներ էին երևում։ 5 Կրակի և ոչ մի ուժ չկարողացավ լուսավորել մութը, և խարույկից ծնված ոչ մի բորբոք բոց ի վիճակի չեղավ փարատելու տխուր գիշերը։ 6 Նրանց միայն ինքնակեզ երկյուղալի խարույկ էր երևում, և դրա աներևույթ տեսիլքից զարհուրած՝ այն, ինչ տեսնում էին, համարում էին առավել ևս մեծ չարիք։ 7 Նրանք ընկնում էին հմայական արվեստի խաբկանքների մեջ և ամբարտավան մտածումների մեջ արժանանում թշնամանքով լի կշտամբանքի։ 8 Որովհետև ովքեր խոստանում էին հիվանդների հոգուց հալածել զարհուրանքն ու խռովքները, իրենք էին բռնվում ծաղրելի երկյուղի այդ ախտով։ 9 Թեպետև նրանց ինչ-որ նոր նշան չէր զարհուրեցնում, բայց ճիճուների անցնելուց և սողունների շչյունից խուճապահար դողալով՝ մեռնում էին՝ վախենալով նայել անգամ այդ օդին, որից չէին կարող խուսափել ոչ մի կերպ։ 10 Քանզի երկչոտն ինչ-որ առանձնահատուկ չարություն ունի, որն ինքն է վկայում՝ դատապարտելով իրեն և, խղճմտանքից նեղվելով, միշտ անհնարինն է կանխազգում, 11 քանի որ երկյուղն այլ բան չէ, քան մտքի օգնականությունից զրկված լինելը։ 12 Եվ քանի դեռ մեկի ներսը վախ կա, փոքր է նրա ակնկալությունը, և շատ են չգիտակցված այն պատճառները, որոնք տանջանքներ են հարուցում։ 13 Նրանք դժոխքի անմատչելի խավարից վրա հասած այդ սոսկալի գիշերը ևս քնեցին սովորական քնով, 14 բայց մերթ սահմռկում էին ուրվատեսիլ ցնորքներից, մերթ լքված հոգով վհատության էին մատնվում, քանի որ հանկարծահաս և անակնկալ ահը մերվել էր նրանց։ 15 Եվ ով որտեղ գտնվում էր, այնտեղ էլ ցած ընկավ և վախից փակվեց չերկաթապատված բանտի մեջ։ 16 Հողագործ լիներ թե հովիվ կամ թե դաշտային ծանր աշխատանքներով զբաղվող երկրագործ, ահով բռնված՝ ընկնում էր անխուսափելի տագնապի մեջ, 17 քանզի բոլորն էլ կապվել էին խավարի անքակտելի մի շղթայով։ Հողմ էր փչում, թե թանձրախիտ ոստերի միջից քաղցրաձայն թռչունների դայլայլ էր հնչում, բուռն թափով հոսող հորդ ջրերն էին հորձանք տալիս, 18 կամ գլորվող քարերի սպառնալից դղրդյուն էր լսվում, կայտառ կենդանիների աներևույթ վազքի ոտնաձայն կամ ահռելի գազանների գոչյուն ու լեռների քարանձավներից անդրադարձող սրտաբեկ ձայն ու արձագանքներ,- այս ամենը զարհուրեցրեց և հուսալքեցրեց։ 19 Իսկ ողջ աշխարհը լուսավորվում էր պայծառ լույսով, և ամեն ոք աշխատում էր իր գործին ամուր կպած, 20 սակայն միայն նրանց վրա էր տարածվում ծանր գիշերը, խավարի այն պատկերը, որ ի վերջո պատելու էր նրանց. բայց իրենց ներքին տխրությունն ավելի ծանր է, քան արտաքին խավարը։