Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ։ Իմա…

1 Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ։ Իմացե՛ք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։

Հորդոր աղոթքի և խոհեմության

2 Մշտապես աղոթե՛ք և արթուն հսկե՛ք աղոթքի մեջ՝ գոհություն մատուցելով։ 3 Միաժամանակ աղոթե՛ք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեր առաջ բացի քարոզության դուռը, որ կարողանանք ավետել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապանքների մեջ եմ, 4 որպեսզի հայտնի դարձնեմ այդ խորհուրդը՝ խոսելով այնպես, ինչպես որ պետք է։

5 Իմաստությա՛մբ վարվեք ոչ քրիստոնյաների հետ՝ օգտագործելով առիթը։ 6 Եվ ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին։

7 Իսկ ինչ վերաբերում է ինձ, ամեն ինչ ձեզ կպատմի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը, հավատարիմ սպասավորը և ծառայակիցը Տիրոջով։ 8 Նրան ձեզ մոտ ուղարկեցի դրա համար, որ իմանաք մեր մասին, և նա մխիթարի ձեր սրտերը։ 9 Նրա հետ կգա նաև Օնեսիմոսը՝ հավատարիմ ու սիրելի եղբայրը, որ ձեր հայրենակիցն է։ Նրանք ձեզ կպատմեն այստեղի անցուդարձը։

Վերջին ողջույններ

10 Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպես նաև Մարկոսը՝ Բառնաբասի եղբորորդին, որի մասին հրահանգ եք ստացել. եթե ձեզ մոտ գա, ընդունե՛ք նրան. 11 ողջունում է նաև Հիսուսը՝ Հուստոս կոչվածը։ Թլփատվածներից միայն սրանք գործակից եղան ինձ Աստծու արքայության համար և դրանով իսկ մխիթարություն եղան ինձ համար։

12 Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։ 13 Վկայում եմ նրա մասին, որ շատ է տքնում ձեր և լավոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, որ Երապոսլում են։

14 Ողջունում է ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, ինչպես նաև Դեմասը։

15 Ողջունե՛ք այն եղբայրներին, որ գտնվում են Լավոդիկիայում, Նիմփային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։

16 Երբ այս նամակն ընթերցվի ձեզ մոտ, այնպե՛ս արեք, որ լավոդիկեցիների եկեղեցում ևս ընթերցվի, իսկ լավոդիկեցիներին ուղարկված նամակն էլ դո՛ւք ընթերցեք։ 17 Արքիպպոսին ասացե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես»։

18 Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհը ձեզ հետ լինի։