Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հնազանդություն իշխանություններին1 Ամեն մարդ թող հնազանդվի իշխանության…
Հնազանդություն իշխանություններին
1 Ամեն մարդ թող հնազանդվի իշխանությանը, որի ներքո է, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված։ 2 Այնպես որ ով հակառակ է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակ, և նրանք, ովքեր հակառակ են, իրենց վրա դատապարտություն են ընդունում։ 3 Իշխանավորները վախ չեն ազդում բարի գործերի համար, այլ չար գործերի։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ, բարի՛ք գործիր, և նրանից գովասանք կստանաս, 4 որովհետև նա Աստծու պաշտոնյա է քո բարիքի համար։ Իսկ եթե չարիք գործես, վախեցի՛ր, որովհետև զուր տեղը չէ սուրը մեջքին կրում։ Աստծու սպասավոր է նա՝ բարկությամբ պատժելու նրան, ով չարիք է գործում։ 5 Ահա թե ինչու պետք է հնազանդվել, ոչ միայն բարկության վախից, այլև խղճի հանգստության համար։ 6 Դրա համար նաև հարկ եք վճարում, որովհետև նրանք Աստծու սպասավորներ են՝ այդ բանը հոգալու համար։ 7 Արդ, յուրաքանչյուրին վճարե՛ք իրեն հասանելիքը՝ որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը։
Սեր միմյանց նկատմամբ
8 Եվ ոչ մեկի պարտական մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ով սիրի ընկերոջը, Աստծու օրենքը կատարած կլինի։ 9 Պատվիրանները՝
«Մի՛ շնացիր»,
«Մի՛ սպանիր»,
«Մի՛ գողացիր»,
«Սուտ մի՛ վկայիր»,
«Մի՛ ցանկացիր» (Ելք 20.14, 13, 15-17, Բ Օր. 5.17-21)
և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ են խտացված. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։ 10 Սերն ընկերոջ հանդեպ չարիք չի գործում. Օրենքի լրումը սերն է։ 11 Եվ սա իմացե՛ք ժամանակի առումով, որովհետև ճիշտ ժամանակն է քնից արթնանալու, որովհետև փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ հավատացինք։ 12 Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ։ Ուստի դեն նետենք խավարի գործերը և հագնենք լույսի զենքերը։ 13 Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։ 14 Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնի մասին հոգ մի՛ տարեք՝ ցանկությունները գոհացնելու համար։