Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դավթի հաղթանակները հարևան ժողովուրդների դեմ(Բ Թագ. 8.1-18)1 Դրանից հե…
Դավթի հաղթանակները հարևան ժողովուրդների դեմ
(Բ Թագ. 8.1-18)
1 Դրանից հետո Դավիթը հարվածեց այլազգիներին, վանեց նրանց և այլազգիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։ 2 Նա հարվածեց Մովաբին, և մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ 3 Դավիթը Եմաթում հարվածեց Սուբայի արքա Ադրաազարին, երբ նա գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա։ 4 Նրանից վերցրեց հազար մարտակառք, յոթ հազար ձիավոր ու քսան հազար հետևակ։ Դավիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարյուր մարտակառք։ 5 Ասորիները Դամասկոսից եկան, որպեսզի օգնեն Սուբայի արքա Ադրաազարին, բայց Դավիթն ասորիներից քսաներկու հազար մարդ սպանեց։ 6 Նա Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորք դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։ 7 Դավիթը վերցրեց այն ոսկե մանյակները, որ Ադրաազարի թիկնապահների վրա էին, և բերեց Երուսաղեմ։ 8 Դավիթը Մատեբեթից և Ադրաազարի բարգավաճ քաղաքներից չափազանց շատ պղինձ վերցրեց։ Դրանով Սողոմոնը պատրաստեց պղնձե ավազանը, պղնձե սյուներն ու անոթները։
9 Երբ Եմաթի արքա Թովուն լսեց, որ Դավիթը հարվածել է Սուբայի արքա Ադրաազարի ամբողջ զորքին, 10 իր որդի Ադուրամին ուղարկեց Դավիթ արքայի մոտ՝ նրանից խաղաղություն խնդրելու և շնորհավորելու նրան, քանի որ պատերազմել էր Ադրաազարի դեմ և հաղթել նրան, որովհետև Թովուն թշնամի էր Ադրաազարին։ Նա իր որդու միջոցով ուղարկեց նաև ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ։ 11 Դավիթը բոլոր ազգերից՝ եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից և ամաղեկացիներից գրաված արծաթի ու ոսկու հետ դրանք ևս նվիրեց Տիրոջը։
12 Շարուհիի որդի Աբեսսան Ալոնի հովտում հարվածեց տասնութ հազար եդովմացիների։ 13 Նա հովտում բերդապահ զորք դրեց, և եդովմացիները Դավթի ծառաները դարձան։ Տերը փրկեց Դավթին ամենուրեք, ուր էլ գնում էր։
14 Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա, և իրավունք ու արդարություն էր գործադրում իր ամբողջ ժողովրդի հանդեպ։ 15 Շարուհիի որդի Հովաբը զորքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Հովսափատը՝ դիվանապետ, 16 Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աբիմելեքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխավոր քարտուղար, 17 Հովիդայեի որդի Բանեասը՝ քերեթիների ու փելեթիների վերակացու, իսկ Դավթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները։