Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տիրոջ զայրույթն Իսրայելի տան դեմ1 «Վա՜յ նրանց, որ արհամարհում են Սիոն…
Տիրոջ զայրույթն Իսրայելի տան դեմ
1 «Վա՜յ նրանց, որ արհամարհում են Սիոնը
և հույսները դրել են Սամարիայի լեռան վրա։
Հավաքեցին ազգերի իշխաններին
և մտան նրանց մեջ, ո՛վ Իսրայելի տուն։
2 Բոլորդ անցե՛ք Քանան և տեսե՛ք,
այնտեղից անցե՛ք մեծ Եմաթ-Հռաբա և իջե՛ք այլազգիների Գեթ քաղաքը.
ավելի հզոր են, քան այն բոլոր քաղաքները,
նրանց սահմաններն ավելի մեծ են, քան ձեր սահմանները։
3 Դուք, որ գալիս եք դեպի չարիքի օրը,
մոտենում եք հասնելու ստությունների շաբաթներին,
4 դուք, որ ննջում եք փղոսկրյա գահավորակների վրա
և մեղկանում ձեր անկողիններում,
ուլեր եք ուտում հոտերից և կաթնակեր հորթեր՝ նախիրներից,
5 դուք, որ դոփահարում էիք սրինգների առաջ,
որոնք որպես հաստատուն հաճույքներ համարեցիք և ոչ անցավոր,
6 նաև խմում եք անապակ գինի և անուշահոտ յուղերով օծվում
ու չէիք ցավում Հովսեփի կործանման համար,-
7 արդ, դրա համար կգերեվարվեն
բռնակալների իշխանության կողմից,
և կկտրվի Եփրեմի երիվարների խրխնջյունը»։
Սամարիայի կործանումը
8 Քանի որ Տերը երդվեց իր անձով,
և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է.
«Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը,
կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։
9 Եվ կլինի, որ եթե տասը մարդ մնա մի տանը,
կմեռնեն,
10 իսկ մնացողները կվերցնեն իրենց հարազատներին
և կիջնեն հանելու նրանց ոսկորներն այն տնից
ու կասեն նրանց, ովքեր կանգնած կլինեն տան առաջ.
«Ուրիշ բան մնա՞ց այդտեղ, քեզ մոտ»։
11 Եվ նա կասի՝ ոչ,
և չի ասի՝ լո՛ւռ մնա.
դրա համար չէին տալիս Տիրոջ անունը։
12 Քանի որ ահա Տերը հրաման կտա և կհարվածի մեծ ապարանքներին՝ կործանելով,
և փոքր ապարանքներին՝ ջարդուփշուր անելով։
13 Կլինի՞, որ երիվարներն արշավեն ժայռերին ընդառաջ
կամ հանդարտվեն մատակների մեջ,
քանի որ արդարադատությունը փոխեցիք բարկության
և արդարության պտուղը՝ դառնության,
14 ուրախանում էիք ոչինչ բաներով.
որ ասում էին. «Մեր քաջությամբ չէ՞ր, որ զորություն ունեցանք»։
15 Ահա դրա համար, ո՛վ Իսրայելի տուն,
ձեր դեմ կհանեմ մի ազգ,- ասում է Զորությունների Տերը,- և կնեղեն ձեզ,
որպեսզի այլևս չմտնեք Եմաթ և մինչև արևմտյան գետը»։