Հին Կտակարան
Նոր Կտակարան
Վերջին պատուհասները1 Եվ երկնքում տեսա մեծ և զարմանահրաշ այլ նշան. յոթ…
Վերջին պատուհասները
1 Եվ երկնքում տեսա մեծ և զարմանահրաշ այլ նշան. յոթ հրեշտակներ, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, քանի որ Աստծու բարկությունը դրանց մեջ էր լրանում։ 2 Տեսա հրախառն, ապակե ծովի նման. նրանք՝ գազանին, նրա պատկերին ու նրա անվան թվին հաղթածները, կանգնած էին ապակե ծովի վրա և ունեին Աստծու քնարները։ 3 Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով.
«Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ,
մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10),
արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո,
Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։
4 Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7),
և չի փառավորելու քո անունը,
քանզի դու ես միայն սուրբ
և արժանի երկրպագության։
Ազգերը բոլոր պիտի գան
և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9),
Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։
5 Այնուհետև տեսա, որ բացվեց վկայության տաճարի խորանը, որ երկնքում է։ 6 Տաճարից ելնում էին յոթ հրեշտակներ, որոնք ունեին յոթ պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտավ և իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկե գոտիներ։ 7 Եվ չորս կենդանիների կողմից յոթ հրեշտակներին տրվեցին յոթ սկավառակներ՝ լի ցասումով Աստծու, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։ 8 Եվ սրբարանը լցվեց Աստծու փառքի և զորության ծխով։ Եվ ոչ ոք չէր կարող մտնել սրբարան, մինչև չավարտվեին յոթ հրեշտակների յոթ պատուհասները։