Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամմաուսի ճակատամարտը10 «Նա թող հիշի մեր հայրերի հետ կնքած ուխտը և մեր…
Ամմաուսի ճակատամարտը
10 «Նա թող հիշի մեր հայրերի հետ կնքած ուխտը և մեր ոտքերի առաջ թող կոտորի այս զորքը, 11 որպեսզի հեթանոսները գիտենան, թե գոյություն ունի Աստված, որ փրկում է Իսրայելը»։
12 Երբ այլազգիներն իրենց աչքերը բարձրացրին ու տեսան, որ նրանք հարձակվելով գալիս են իրենց վրա, 13 պատերազմելու ելան նրանց գնդերի դեմ։ Հուդայի զինվորները փող հնչեցրին 14 ու մի տեղ հավաքվեցին։ Հարձակվեցին, կոտորեցին, փախուստի մատնեցին, 15 մի մասին տեղում սպանեցին, ոմանց դաշտում սրախողխող արեցին և փախուստի մատնեցին մինչև Գազիրոնի սահմանները, եդովմացիների, Ազովտի ու Համենի կողմերը։ Այդ օրը խոցված ընկավ շուրջ երեք հազար մարդ։ 16 Հուդան վերադարձավ իր զորքով։ Երբ նա եկավ հասավ ճակատամարտի վայրը, 17 սկսեց խոսել զորքի հետ ու ասաց. «Դեռ մի՛ մտածեք ընկած դիակները կողոպտելու մասին, 18 որովհետև ահա Գորգիասը սպառազինված իր զորքով դեռ կանգնած է մեր դեմ։ Դիրքե՛ր բռնեք, կանգնե՛ք ձեր թշնամիների դեմ, իսկ մարտի հաղթանակից հետո համարձակ կերպով կկողոպտեք նրանց»։ 19 Մինչ նա այս խոսքերն էր ասում, տեսան, որ մի գունդ երևաց լեռան կողմից։ 20 Գնդի մարդիկ հասկացան, որ իսրայելացիները, պարտության մատնելով իրենց բանակին, կրակի են մատնել ճամբարը, որովհետև բարձրացող ծուխն այդ էր վկայում։ 21 Երբ նրանք դա տեսան, վախեցան։ Մանավանդ նկատելով, թե Հուդայի գունդն ինչպես է պատրաստ կանգնած՝ ճակատամարտ տալու համար, 22 փախան գնացին փղշտացիների երկիրը։ 23 Հուդան վերադարձավ ճակատամարտի վայրը, որպեսզի կողոպտի ընկած դիակները։ Եվ նրանց բանակից վերցրեց ոսկի ու արծաթ, թանկարժեք զգեստներ, կարմիր, կապուտակ, ծովագույն կտորեղեն և մեծ հարստություն։ 24 Երբ այնտեղից վերադարձան, սկսեցին գոհություն մատուցել, օրհնել երկնային Տիրոջն ու ասել. «Նա բարի է, հավիտենական է նրա ողորմությունը»։ 25 Այդ օրն Իսրայելի համար մեծ փրկություն եղավ։
26 Այլազգիներից ովքեր փրկվել էին, եկան պատմեցին Լյուսիասին այն ամենը, ինչ կատարվել էր։ 27 Երբ Լյուսիասը դա լսեց, տրտմեց ու երեսի վրա ընկավ գետնին, որովհետև իսրայելացիների վերաբերյալ իր ցանկությունը չէր կատարվել այնպես, ինչպես ինքն էր մտածել, ոչ էլ կատարվել այնպես, ինչպես թագավորն էր պատվիրել իրեն։
Լյուսիասի առաջին արշավանքը
28 Հաջորդ տարի նա մոտ վաթսուն հազարանոց հետևակ զորք հավաքեց, հինգ հազարանոց սպառազինված հեծելազոր կազմեց, որպեսզի գա, ավարի մատնի Հուդայի երկիրը։ 29 Եկան, հասան, ճակատ կազմեցին Բեթսուրի կողմերում։ Հուդան նրանց դեմ ելավ տասնմեկ հազար մարդկանցով։ 30 Երբ տեսան բազմամարդ ու հզոր գունդը, սկսեցին աղոթել, օրհնաբանել Աստծուն և ասել. «Տե՛ր Աստված, դու ես, որ քո ծառա Դավթի ձեռքով խորտակեցիր հզորի հարձակման զորությունը և Սավուղի որդի Հովնաթանի ձեռքը մատնեցիր այլազգիների բանակները։ 31 Արդ, Իսրայելի ձեռքով խորտակի՛ր այս զորքի զորությունը։ Թող ոչնչանա նրանց զորությունը՝ հեծյալներով ու հետևակով հանդերձ։ 32 Սարսա՛փ գցիր նրանց մեջ, ոչնչացրո՛ւ նրանց հզորության գոռոզությունը, նրանք թող դողան՝ իրենց անկումը տեսնելով։ 33 Կործանի՛ր նրանց քո սիրելիների սրով, որպեսզի նրանք, ովքեր ճանաչում են քո անունը, օրհնաբանեն քեզ»։
34 Բանակները բախվեցին միմյանց, և այդ ժամանակ Լյուսիասի գնդից հինգ հազար զինվոր ընկավ նրանց առաջ։ 35 Երբ Լյուսիասը տեսավ իր գնդի պարտությունն ու Հուդայի գնդի քաջությունը և այն, որ նրանք պատրաստ էին կա՛մ ապրել կա՛մ մեռնել քաջ հաղթողի անուն վաստակելու համար, նահանջեց, գնաց Անտիոքի կողմերը։ Դարձյալ զորք հավաքեց, սպառազինվեց, որպեսզի նորից արշավի դեպի Հուդայի երկիր։
Տիրոջ տաճարի սրբագործումը
36 Հուդան ու նրա եղբայրները սկսեցին խոսել ժողովրդի հետ ու ասացին. «Ահա մեր թշնամիները խորտակվեցին մեր ոտքերի տակ։ Եկեք գնանք, մաքրենք սրբարանը, մաքրենք տաճարը, որպեսզի նրա նավակատիքն անենք»։ 37 Ողջ ժողովուրդը հավաքվեց, եկավ հասավ Սիոն լեռը 38 և տեսավ, որ սրբարանն ավերված է, զոհասեղանը՝ պղծված, դռները՝ հրկիզված։ Գավիթներում թփեր էին բուսել, ինչպես անտառում կամ լեռան վրա, կամարակապ սենյակներն ավերված էին, ներքնախցերը՝ քանդված։ 39 Նրանք ձեռքները գցեցին օձիքներին, պատառոտեցին պատմուճաններն ու գլուխներին հող ցանեցին։ 40 Թավալվում էին գետին, փող էին փչում, դեպի երկինք աղաղակ բարձրացնում։
41 Այն ժամանակ Հուդան հրաման տվեց, որ զորքը հավաքվի, պաշարի միջնաբերդը և կոտորի հեթանոսներին, մինչ ինքը կմաքրեր սրբարանը։ 42 Նա ընտրեց անարատ, օրենքներին հնազանդ քահանաներ 43 և մաքրել տվեց սրբարանը։ Նրանք հանեցին պիղծ պաշտամունքային քարերը, հավաքեցին մի առանձին տեղ 44 և խորհրդի նստեցին թշնամիների պղծած ողջակեզների զոհասեղանի համար, թե ի՛նչ անեն այն։ 45 Որոշվեց քանդել զոհասեղանը, որպեսզի այն իրենց համար հավիտենական նախատինք չլինի, քանի որ այն պղծել էին թշնամիները։ Նրանք քանդեցին զոհասեղանը, 46 քարերը տարան դրեցին հարմար մի տեղ, մինչև որ մի մարգարե կգար ու կասեր, թե ի՛նչ անեն դրանց հետ։ 47 Նրանք անկոփ քարեր վերցրին, ինչպես սահմանված է Օրենքով, կառուցեցին սրբարանը 48 և այն ամենը, ինչ պետք է լիներ տաճարի ներսում, և սրբագործեցին գավիթները։ 49 Պատրաստեցին սրբազան նոր սպասքներ և տաճարի ներսը տարան լույսի աշտանակը, խնկերի սեղանն ու առաջավորության հացի սեղանը։ 50 Սեղանի վրա խունկ ծխեցին, վառեցին ճրագները և լուսավորեցին տաճարը։ 51 Սեղանի վրա դրեցին հանապազօրյա հացը և կախեցին վարագույրները։ Այսպիսով ավարտեցին այն բոլոր գործերը, որ ձեռնարկել էին։
52 148 թվականի իններորդ ամսի քսանհինգերորդ օրվա առավոտյան վաղ վեր կացան և 53 ըստ Օրենքի զոհ մատուցեցին նոր կառուցված ողջակեզների զոհասեղանի վրա։ 54 Այն նույն ժամանակ և նույն օրը, որ հեթանոսները պղծել էին զոհասեղանը, տարվա այդ նույն օրը նորոգվեց այն օրհնության երգերով, փողի, քնարի ու սրնգի նվագակցությամբ։ 55 Ողջ ժողովուրդն ընկավ երեսի վրա, խոնարհվեց, երկրպագություն արեց և օրհնաբանեց երկնային Աստծուն, որ հաջողություն էր պարգևել իրենց։ 56 Ութ օր նրանք կատարեցին զոհասեղանի նավակատիքը, ուրախությամբ ողջակեզներ, փրկության ու գոհության զոհեր մատուցեցին։ 57 Տաճարի ճակատը, կամարակապ դահլիճը ու ներքնախցերը զարդարեցին ոսկե պսակներով ու ոսկե ճարմանդներով, նորոգեցին դարպասները և տեղադրեցին դռները։ 58 Ժողովրդի մեջ չափազանց մեծ ուրախության էր տիրում, որովհետև թշնամու նախատինքը ջնջվեց իրենց վրայից։ 59 Հուդան, իր եղբայրներն ու իսրայելացի ողջ ժողովուրդը որոշեցին, որ զոհասեղանի նավակատիքի այս օրերը ամեն տարի ութ օր ուրախությամբ ու ցնծությամբ նշվեն նույն այդ ժամանակ՝ իններորդ ամսի քսանհինգերորդ օրը։
60 Այդ ժամանակ նրանք Սիոն լեռան շուրջբոլորը բարձր պարիսպներ ու ամուր աշտարակներ կառուցեցին, որպեսզի հեթանոսները չգան, ոտնակոխ չանեն այդ վայրը, ինչպես արել էին առաջ։ 61 Հուդան այդտեղ պահապան զորք թողեց, նաև ամրացրեց Բեթսուրը, որպեսզի եդովմացիների կողմից զորքն ապահով պատնեշ ունենա։