Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Արդարների ճակատագիրը1 Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահ…

Արդարների ճակատագիրը

1 Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ 2 Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, 3 իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք խաղաղության մեջ են։ 4 Ու թեպետև մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանց հույսը լի է անմահությամբ, 5 ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ խրատից, պիտի ավելի մեծ բան գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտավ իրեն։ 6 Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ, և իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց։ 7 Եվ երբ Տերն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպես կայծակը եղեգի միջով։ 8 Պիտի դատեն ազգերին և տիրեն ժողովուրդներին, և նրանց վրա հավիտյան թագավորելու է Տերը։ 9 Նրանք, որ իրենց հույսը դրել են Աստծու վրա, պիտի իմանան ճշմարտությունը, և նրանք, որ հավատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները և ողորմությունը, և իր ընտրյալների համար է նրա այցելությունը։
10 Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարությունն ու ապստամբեցին Տիրոջ դեմ, պիտի կրեն իրենց պատիժը՝ իրենց խորհուրդներին համապատասխան։ 11 Քանզի ով անարգում է իմաստությունն ու խրատը, թշվառական է. ունայն է նրանց հույսը, անօգուտ է նրանց վաստակը, և բանի պետք չեն նրանց գործերը։ 12 Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարո, և անիծված են նրանց ծնունդները։
13 Երանելի է անարատ ամուլը, որ հանցավոր անկողին չի ճանաչել. նա վարձ կընդունի հոգիների այցելության օրը։ 14 Նաև ներքինին, որ իր ձեռքով անիրավություն չի գործել և ոչ էլ չարություն է խորհել Տիրոջ մասին. ըստ իր հավատի՝ նրան ընտիր շնորհ է տրվելու և ցանկալի տեղ՝ Տիրոջ տաճարում։ 15 Քանզի փառավոր է բարի վաստակների պտուղը, և անսխալ՝ իմաստության արմատը։ 16 Շնացողների որդիները լինելու են պակասավոր, և ապօրինի անկողնու զավակը պիտի ոչնչանա։ 17 Եվ եթե երկարակյաց էլ լինեն, ոչնչություն են համարվելու, իսկ իրենց կյանքի վախճանին անարգվելու է նրանց ծերությունը։ 18 Իսկ եթե արագ հասնի վախճանը, հույս չեն ունենալու, և ոչ էլ հանդիմանության օրը՝ մխիթարություն։ 19 Քանզի այսպես է կարգը. անիրավ սերնդին՝ չարաչար վախճան։