Հին Կտակարան
Նոր Կտակարան
Երկրորդ տեսիլքԴանիելի և ընկերների պատմությունը1 Հուդայի արքա Հովակիմի…
Երկրորդ տեսիլք
Դանիելի և ընկերների պատմությունը
1 Հուդայի արքա Հովակիմի թագավորության երրորդ տարում բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկավ Երուսաղեմ և պաշարեց այն։ 2 Տերը նրա ձեռքը տվեց Հուդայի արքա Հովակիմին և Աստծու տան սպասքի մի մասը, և նա դրանք տարավ Սենաարի երկիրը և սպասքը դրեց իր աստծու տան գանձարանում։ 3 Թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ Իսրայելի գերության որդիներից, թագավորական սերնդից և ազնվականներից բերի 4 անարատ մանուկների՝ գեղեցիկ դեմքով, ամեն իմաստության խելահաս, գիտության հմուտ, հանճարամիտ և ուժեղ, տաճարում՝ թագավորի առաջ կանգնելու և դպրություն ու քաղդեացիների լեզուն նրանց ուսուցանելու համար։ 5 Թագավորը նրանց համար սահմանեց ամենօրյա ուտելիքի բաժին արքայի սեղանից և գինուց, որ ինքն էր խմում՝ նրանց երեք տարի սնելու և ապա թագավորի առաջ կանգնեցնելու համար։ 6 Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։ 7 Ներքինապետը նրանց անուններ տվեց. Դանիելին՝ Բաղդասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք և Ազարիային՝ Աբեդնագով։ 8 Սակայն Դանիելն իր մտքում դրեց չճաշակել թագավորի սեղանից, ոչ էլ նրա խմած գինուց և աղաչեց ներքինապետին, որ չճաշակի։ 9 Եվ Աստված շնորհ և ողորմություն արեց Դանիելին ներքինապետի առաջ։ 10 Եվ ներքինապետն ասաց Դանիելին. «Ես երկնչում եմ իմ տեր արքայից, որ ձեզ համար սահմանեց ձեր կերակուրն ու ըմպելիքը. գուցե տեսնի ձեր դեմքերն ավելի դալուկ, քան ձեր հասակակից ուրիշ մանուկներինը, և ինձ գլխով պարտական դարձնեք թագավորի առաջ»։ 11 Դանիելն ասաց պահապանին, որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի վրա. 12 «Լավ, տասը օր փորձի՛ր քո ծառաներին. թող մեզ ընդեղեն տան՝ ուտենք, և ջուր՝ խմենք։ 13 Ապա կերևա քո առաջ մեր գույնը և այն մանուկների գույնը, որ ուտում են թագավորի սեղանից, և ինչպես տեսնես, վարվի՛ր քո ծառաների հետ»։ 14 Նա անսաց նրանց և տասը օր փորձեց նրանց։ 15 Եվ տասն օրերի լրանալուց հետո նրանց երեսները նրան ավելի լավ երևացին, և մարմնով՝ ավելի ուժեղ, քան բոլոր այն մանուկներինը, որ ուտում էին թագավորի սեղանից։ 16 Ամեղասադը վերցնում էր նրանց ընթրիքն ու նրանց խմելու գինին և ընդեղեն էր տալիս չորս մանուկներին։ 17 Աստված նրանց իմաստություն ու հանճար տվեց ամեն տեսակի դպրության և իմաստության մեջ, և Դանիելը խելամուտ էր բոլոր տեսիլքներին ու երազներին։ 18 Օրերի լրանալուց հետո թագավորը հրաման տվեց բերել նրանց, և ներքինապետը նրանց բերեց Նաբուքոդոնոսորի առաջ, 19 և արքան խոսեց նրանց հետ։ Եվ բոլորի մեջ չգտնվեցին Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման, և կանգնել էին թագավորի առաջ։ 20 Իմաստության ու գիտության բոլոր բաներում, որ թագավորը նրանց հարցնում էր, նրանց տասնապատիկ առավել էր գտնում, քան բոլոր գուշակներին ու մոգերին, որ նրա թագավորության մեջ էին։ 21 Եվ Դանիելը մնաց մինչև Կյուրոս արքայի առաջին տարին։