Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 «Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կա…

1 «Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ 2 Իմ շաբաթները պահե՛ք և իմ սրբարանից երկնչե՛ք. ես եմ Տերը։

Օրհնություններ Օրենքին հնազանդվողներին

(Բ Օր. 28.1-14)

3 Եթե ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատվիրանները պահպանեք և կատարեք դրանք, 4 ապա անձրև կուղարկեմ ձեզ իր ժամանակին, և հողն իր բերքը կտա, իսկ դաշտերի ծառերը կտան իրենց պտուղները։ 5 Ձեր կալսումը կտևի մինչև այգեկութ, իսկ ձեր այգեկութը՝ մինչև նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ հաց կուտեք և ձեր երկրում անհոգ կապրեք։ 6 Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կվերացնեմ չար գազաններին։ Եվ ձեր երկրում պատերազմ չի լինի։ 7 Դուք կհալածեք ձեր թշնամիներին, և նրանք սպանված կընկնեն ձեր առաջ։ 8 Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։ 9 Իմ հայացքը ձեզ վրա կլինի, կաճեցնեմ ու կբազմացնեմ ձեզ և հաստատ կմնամ ձեզ հետ կնքած իմ ուխտին։ 10 Կուտեք նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը և ստիպված հին բերքը շտեմարանից պիտի հանեք՝ այն նոր բերքով լցնելու։ 11 Ես իմ ուխտը կհաստատեմ ձեր մեջ և ես ձեզնից չեմ խորշի։ 12 Ես կքայլեմ ձեր մեջ և կլինեմ ձեր Աստվածը, իսկ դուք կլինեք իմ ժողովուրդը։ 13 Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեցի ձեր ստրկական լծի կապանքները և ձեզ համարձակ այստեղ բերեցի»։

Անեծքներ Օրենքին անհնազանդներին

(Բ Օր. 28.15-68)

14 «Բայց եթե չլսեք ինձ և չկատարեք իմ այս բոլոր հրամանները, 15 այլ արհամարհեք դրանք, իմ կարգադրություններից ձանձրանալով՝ չկատարեք իմ պատվիրաններն ու լուծարեք իմ հաստատած ուխտը, 16 ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։ 17 Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։ 18 Եթե այդքանից հետո էլ ինձ չլսեք, ձեր գործած մեղքերի համար յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ։ 19 Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտավան պարծենկոտությունը, երկինքը ձեզ վրա երկաթի պես ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պես կարծր։ 20 Ձեր զորությունն ի չիք պիտի դառնա, հողն իր բերքը չպիտի տա, ոչ էլ վայրի ծառերը պտուղ պիտի տան։ 21 Իսկ եթե դուք շարունակեք շեղվել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ըստ ձեր գործած մեղքերի՝ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։ 22 Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։ 23 Իսկ եթե դրանից հետո էլ չխրատվեք և դեռ հակառակվեք ինձ, 24 ես ևս զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի դիմաց յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։ 25 Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։ 26 Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։

27 Եթե դրանից հետո էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ, 28 ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։ 29 Եվ կուտեք ձեր տղաների մարմինները, կուտեք ձեր դուստրերի մարմինները։ 30 Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։ 31 Ձեր քաղաքներն ավերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր տաճարները և ձեր զոհերի անուշ բույրն այլևս չպիտի հոտոտեմ։ 32 Պիտի ավերեմ ձեր երկիրը, և նրա մեջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրա։ 33 Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։ 34 Այնքան ժամանակ, մինչ երկիրն ավերակ պիտի մնա, պիտի վայելի իր հանգստյան օրերը, իսկ դուք պիտի լինեք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, մինչ երկիրն ավերակ պիտի մնա, պիտի վայելի իր շաբաթները, 35 ավերման բոլոր օրերին պիտի հանգստանա այն շաբաթների փոխարեն, որ չհանգստացավ ձեր՝ այնտեղ բնակվելու ժամանակ։ 36 Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։ 37 Եղբայրը պիտի լքի իր եղբորը, ինչպես ռազմի դաշտում, առանց որևէ մեկից հետապնդված լինելու։ Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին։ 38 Դուք պիտի կորչեք ժողովուրդների մեջ, և ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տա։ 39 Ձեզնից վերապրածներն իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորվեն իրենց թշնամիների երկրում և իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ հալումաշ պիտի լինեն։ 40 Նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, որ հանցանք են գործել և արհամարհել են ինձ, և որ հակառակվել են ինձ, 41 դրա համար ես էլ նրանց հակառակվեցի բարկությամբ և ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։

Այնժամ պիտի ամաչի նրանց անթլփատ սիրտը, և այնժամ պիտի ընդունեն իրենց մեղքերը։ 42 Ես էլ կհիշեմ Հակոբին, Իսահակին և Աբրահամին տված իմ խոստումը, կհիշեմ նաև այն երկիրը, 43 որը, լքվելով նրանց կողմից, պիտի վայելի իր շաբաթները, քանի որ այն ավերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժվեն իրենց կատարած անօրենությունների համար այն բանի փոխարեն, որ արհամարհեցին իմ պատվիրանները, և իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։ 44 Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի և ոչ էլ զզվեցի նրանցից՝ նրանց ոչնչացնելու և նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, քանզի ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։ 45 Ես կհիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ ստրկության բնակավայրից, որպեսզի լինեմ նրանց Աստվածը, քանզի ես եմ Տերը»։

46 Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրենքները, որը Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։