Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Ամեն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրվելով, պաշտոն ունի մարդկանց…

1 Ամեն մի քահանայապետ, մարդկանց միջից ընտրվելով, պաշտոն ունի մարդկանց կողմից Աստծու հետ հարաբերության մեջ լինելու, որպեսզի ընծաներ և զոհեր մատուցի մեղքերի քավության համար։ 2 Նա որոշ չափով միայն կարող է չարչարակից լինել անգետներին և մոլորվածներին, քանի որ ինքն էլ տկարությամբ պատված մարդ է։ 3 Դրա համար նա պետք է ինչպես ժողովրդի, այնպես էլ իր համար ընծաներ մատուցի մեղքերի քավության համար։ 4 Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։ 5 Նույնպես և Քրիստոսը ոչ թե ինքն իրեն փառավորեց քահանայապետ դառնալու համար, այլ նա, ով նրան ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղ. 2.7)։

6 Ինչպես որ մի ուրիշ տեղ էլ ասում է.

«Դու հավիտյան քահանա ես,

ըստ Մելքիսեդեկի կարգի» (Սաղ. 109(110).4)։

7 Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։ 8 Թեպետև Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդություն սովորեց 9 և կատարյալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդվողներին հավիտենական փրկության պատճառ դարձավ 10 և Աստծուց անվանվեց Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։

Զգուշացում հավատը լքելու վտանգից

11 Այս մասին մենք շատ խոսք ունենք ասելու, բայց դրանք դժվար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մեջ։ 12 Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պետք է լինեիք, բայց ահա հարկավոր է, որ սովորեք, թե ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը։ Դուք կաթի կարիք ունեք և ոչ թե պինդ կերակրի. 13 քանի որ ով կաթնակեր է, անգիտակ է արդարության խոսքին, քանզի երեխա է։ 14 Իսկ պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները, քանի որ նրանք չափահաս են, վարժ են լավը և վատը զանազանելու մեջ։