Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ազատ երկխոսություն Տիրոջ հետ1 Ահա այս ամենը տեսել է իմ աչքը, և լսել ի…
Ազատ երկխոսություն Տիրոջ հետ
1 Ահա այս ամենը տեսել է իմ աչքը,
և լսել իմ ականջը։
2 Ինչքան որ դուք գիտեք,
այնքան էլ ես գիտեմ,
և ձեզնից ավելի անմիտ չեմ։
3 Սակայն ես պետք է Տիրոջ հետ խոսեմ,
նրա առջև փորձեմ արդարանալ, եթե կամենա։
4 Բայց դուք բոլորդ անարդար բժիշկներ եք
և ողջացնում եք չարիքներ միայն։
5 Երանի լռեք.
այդ ժամանակ գուցե ձեզ իմաստունի տեղ դնեն։
6 Լսե՛ք իմ բերանի փաստարկները
և ակա՛նջ դրեք շրթունքներիս դատաստանին։
7 Չէ՞ որ Տիրոջ առաջ եք խոսում,
նրա դեմ նենգ բաներ բարբառում։
8 Պիտի ակնածե՞ք։
Դուք ինքներդ ձեզ դատավո՛ր եղեք։
9 Լավ կլիներ, եթե ձեզ քններ։
Եթե ամեն արված իրեն վերագրեք,
10 Նա էլ ձեզ պակաս չի կշտամբելու.
եթե նույնիսկ ծածուկ՝ աչառու լինեք,
11 Իր արհավիրքը ձեզ չի՞ ահաբեկում,
Իր երկյուղը ձեզ չի՞ ցնցում։
12 Պերճանքը ձեր մոխրի պես կլինի,
մարմինը՝ կավի։
13 Լռե՛ք, որ ես էլ խոսեմ,
և անդորր գտնեմ իմ տանջվելուց։
14 Մարմինս առնեմ ատամներիս մեջ,
հոգիս ամփոփեմ ձեռքերի մեջ իմ։
15 Ամենազորը ձեռքը թե իջեցնի ինձ վրա
(սկսել էլ է),
չե՞մ խոսելու ես նրա առաջ և արդարանալու փորձեր անելու։
16 Կդառնա դա ինձ իբրև փրկություն,
որովհետև նրա առաջ նենգ բան չի կանգնի։
17 Լսե՛ք, անսացե՛ք խոսքերիս.
ի լուր ամենքիդ եմ ասում սա։
18 Մոտ եմ ահա իմ դատաստանին.
գիտեմ, արդար եմ երևալու։
19 Ո՞վ է ոսոխն իմ, որ դեմ կանգնի ինձ.
որ կաշկանդվեմ և կամ էլ մեռնեմ։
20 Երկու բաներ են լոկ անհրաժեշտ ինձ,
և ես քո առջևից չեմ թաքնվի։
21 Հե՛տ քաշիր ինձնից ձեռքդ.
և ահդ թող ինձ չսարսափեցնի։
22 Եվ եթե կանչես ինձ, կլսեմ քեզ,
թե խոսես ինձ հետ, պատասխան կտամ։
23 Որքա՞ն մեղք ունեմ, անօրենություն,
հասկացրո՛ւ ինձ՝ որքա՞ն են դրանք։
24 Ինչո՞ւ ես պահում դրանք ինձանից։
Ինձ քեզ թշնամի՞ ես համարում,
25 թե՞ քամուց շարժվող տերևից ես վախենում,
կամ թե հակառա՞կ ես կանգնում ինձ՝
հողմավար խոտիս։
26 Իմ դեմ չար վճիռներ գրեցիր
ու վրաս գցեցիր մանկության մեղքերս։
27 Ոտքերս դրեցիր ոտնակոճղի մեջ,
հսկեցիր իմ գործերին,
քննեցիր նույնիսկ ոտնահետքերս,
28 մինչդեռ մարմինս է հին տիկի պես,
կամ էլ ցեցակեր՝ ձորձի պես»։