Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ալկիմոս քահանայապետի զրպարտությունը1 Երեք տարի անց Սելևկիոսի որդի Դեմ…

Ալկիմոս քահանայապետի զրպարտությունը

1 Երեք տարի անց Սելևկիոսի որդի Դեմետրիոսը մեծ բանակով հարձակվեց Տրիպոլիս նավահանգստի վրա և 2 նեխուժեց երկիր՝ այնտեղից արտաքսելով Անտիոքոսին ու նրա խնամակալ Լյուսիասին։
3 Ալկիմոս անունով մի նախկին քահանայապետ, որը խառնակ ժամանակներում իր կամքով պղծվել ու դարձել էր հեթանոս, միտք արեց ու ասաց. «Ինչ էլ լինի, չեմ կարող փրկություն գտնել, չեմ կարող այլևս մոտենալ սուրբ զոհասեղանին»։ 4 Նա հարյուր հիսունմեկ թվականին եկավ կանգնեց Դեմետրիոս արքայի առաջ, նրան ոսկե պսակ ու արմավենու տերև նվիրեց և ի պատիվ մեհյանի՝ ձիթենու թավ ճյուղեր մատուցեց։ Այդ օրը նա լուռ մնաց։
5 Իր անմտությունն իրագործելու համար հարմար ժամանակի էր սպասում։ Մի օր Դեմետրիոսը, նրան խորհրդի կանչելով, հարցրեց. «Հուդայի երկրի եբրայեցիներն ինչպե՞ս են տրամադրված մեր հանդեպ և ի՞նչ են խորհում մեր մասին»։ 6 Նա այսպես պատասխանեց. «Հրեաների մեջ ասիդացի կոչվողները, որոնց սպարապետն ու զորավարը Հուդա Մակաբեն է, զորք են կազմել, պատրաստվում են պատերազմի, անընդհատ հրահրում են ժողովրդին և թույլ չեն տալիս, որ խաղաղությամբ հնազանդվեն ձեր տերությանը։ 7 Դրա համար էլ ես, ահա թողած իմ հայրենի փառքը՝ քահանայությունը, եկել հասել եմ քեզ մոտ։ 8 Նպատակս է նախ՝ արքունի գործերի մասին սրտացավությունս հայտնել և ապա՝ իմ մտահոգությունը մեր մասին։ Այդ մարդկանց անմտության պատճառով խիստ անհանգստացած եկել հասել եմ քեզ մոտ, որովհետև մեր ողջ անմեղ ժողովուրդն իզուր խռովքի մեջ է։ 9 Թե ինչ խաղաղասեր նպատակներ ու մարդասիրական ցանկություններ ունեք տարբեր կողմերի ու ամբողջ աշխարհի նկատմամբ, այդ բոլորը քաջ գիտեմ։ 10 Բայց քանի դեռ Հուդան կենդանի է, անհնար է, որ Հուդայի երկրում արքունի գործերը խաղաղ ընթանան»։ 11 Երբ նա այս խոսքերն ասաց նրա մասին, Հուդայի նկատմամբ թշնամական ոխ ունեցող ավագանին է՛լ ավելի բորբոքեց թագավորի զայրույթը։ 12 Հրամայեց անմիջապես կանչել փղապետ Նիկանորին, նրան զորք հանձնեց ու նշանակեց Հուդայի երկրի կողմերի սպարապետ և մեծ սպառազինություն ուղարկեց՝ 13 խստագույնս պատվիրելով, որ Հուդային անձամբ ողջ բռնի, նրա գունդը ցաքուցրիվ անի և Ալկիմոսին նշանակի մեծ տաճարի քահանայապետ։ 14 Հուդայի պատճառով Հուդայի երկրից փախած հեթանոսները խմբերով եկան, խառնվեցին Նիկանորի գնդին՝ մտածելով, որ հրեաների դժբախտությունն իրենց համար բարօրություն կլինի։
15 Երբ հրեաները լսեցին Նիկանորի արշավանքի ու հեթանոսների այդ առաջխաղացման մասին, հող լցրին իրենց գլխին և գետնին ընկած աղոթեցին նրան, ով ի սկզբանե հավիտենապես հաստատեց իր ժողովրդին և ամեն անգամ բացահայտ օգնության ձեռք է մեկնում իր ժառանգությանը։ 16 Երբ զորավարը հրաման տվեց, անմիջապես նրանց դեմ ելան Դեսաու կոչվող գյուղի մոտ։ 17 Հուդայի եղբայր Շմավոնը Նիկանորի դեմ էր ելել, բայց նիզակակիցների մի փոքրիկ խումբ անզգույշ լինելու պատճառով պարտություն էր կրել։ 18 Սակայն Նիկանորը, լսելով այդ մարդկանց քաջության և հանուն իրենց երկրի մղած մարտերում ցուցաբերած խիզախության մասին, վախենում էր գործն արյունալի դատաստանով ավարտել։ 19 Դրա համար նա ուղարկեց Պոսիդովնիոսին, Թեոդոտոսին ու Մատաթիասին՝ հրեաների հետ դաշինք կնքելու։ 20 Երբ բազում քննարկումներ ու պարզաբանումներ եղան, և զորապետն այդ մասին տեղեկացրեց բոլորին, ժողովուրդը միաձայն հանձն առավ հաշտություն կնքել։ 21 Պայման դրեցին ու դաշինք կնքեցին։ Օր նշանակեցին, որ մի տեղ հավաքվելով՝ հաստատեն դաշինքը։ Հանդիպեցին միմյանց, նստեցին աթոռներին, խորհուրդ արեցին ու դաշինք կնքեցին։ 22 Հուդան իր գնդին հրաման էր տվել, որ զինված ու պատրաստ դարանամուտ լինեն, չլինի թե թշնամին հանկարծ մի չար դավ նյութած լինի։ Այսպես զգուշությամբ միմյանց հետ օրինական դաշինք կնքեցին։ 23 Նիկանորը մտավ Երուսաղեմ ու շրջագայեց այնտեղ՝ առանց անկարգ ու անօրեն որևէ բան կատարելու։ Իսկ իր մոտ հավաքված խառնիճաղանջ խմբերին ուղարկեց իրենց տեղերը։ 24 Նիկանորը Հուդայի հետ քաղցրությամբ ու սիրալիր էր վերաբերվում։ 25 Նա խնդրեց, որ Հուդան իր ազգից կին առնի, սիրի և զավակ ունենա։ Հուդան համաձայնվեց ու ընտանիք կազմեց։

Նիկանորն սպառնում է ավերել տաճարը

26 Երբ Ալկիմոսը տեսավ նրանց միաբանությունը և միմյանց հետ կնքած դաշինքը, անմիջապես եկավ Դեմետրիոսի մոտ։ Նա ամբաստանեց Նիկանորին և ապացուցում էր, որ նա արքունական օրենքի նկատմամբ խորթ, թշնամական մտադրություններ ունի, քանի որ արքունական գործերի դեմ գնացող մի մարդու՝ Հուդային, ժառանգորդ է դարձրել և կամենում է իր հաջորդ նշանակել։ 27 Երբ թագավորը լսեց անօրեն բանսարկուի այս խոսքերը, խիստ զայրացավ։ Նա հրամայեց հրովարտակ արձակել ու հայտնել, որ ինքը համաձայն չէ միաբանության այդ դաշինքին։ Նույն հրովարտակում նա հրամայում էր, որ Մակաբեին, ոտքերն ու ձեռքերը կապած, բերել տա Անտիոք։ 28 Երբ այս ամենը հայտնի դարձավ Նիկանորին, մտամոլոր ու գլխահակ դարձավ, տրտմեց, որ դաշինքը պետք է սուտ դուրս գար և ուխտը չեղյալ հայտարարվեր, թեև Հուդան որևէ սխալ չէր գործել։ 29 Բայց քանի որ թագավորի հրամանն անտեսել չէր կարող, սպասեց հարմար առիթի, որպեսզի հնարամտությամբ կատարի հրամանը։ 30 Երբ Մակաբեն տեսավ, որ Նիկանորն ավելի հանդգնությամբ է վարվում իր հետ և հպատակության օրենքը շատ խիստ ու կոպտորեն է կիրառում իր նկատմամբ, Նիկանորի հանդգնությունը լավ նշան չհամարեց և իր հետ շատերի վերցնելով՝ հեռացավ Նիկանորի մոտից։ 31 Երբ Նիկանորը տեսավ, որ նրան չի կարողանում իր ձեռքը գցել այնպես, ինչպես ինքն էր կամենում, եկավ սրբության տաճարը՝ քահանաների մոտ, մինչ նրանք զոհեր էին մատուցում, և պահանջեց նրանցից, որ անմիջապես իրեն հանձնեն այդ մարդուն։ 32 Նրանք երդվելով պնդեցին. «Այդ մարդուն մենք չենք էլ տեսել»։ 33 Նա ձեռքը մեկնեց դեպի տաճարն ու այսպես երդվեց. «Եթե Հուդային, ոտքերն ու ձեռքերը կապած, ինձ չհանձնեք, Աստծու այս տաճարը գետնին կհավասարեցնեմ, զոհասեղանը կկործանեմ և նվիրական այս տաճարը Որմիզդի [Ο΄
Դիոնիսիոս
] աստվածների մեհյան կդարձնեմ»։ 34 Այս խոսքերն ասաց ու ելավ գնաց։ Քահանաները ձեռքերը դեպի երկինք պարզեցին, դիմեցին նրան, ով բոլոր ժամանակներում իրենց ազգի օգնականն ու պաշտպանն էր եղել, և ասացին. 35 «Դու, ո՜վ ամեն բանի Տեր, որ ոչ մի բանի կարիք չունես և ամեն ինչով լի ես, կամեցար, որ քո բնակության տաճարը հաստատվի մեր մեջ։ 36 Արդ, Տե՜ր, բոլոր սրբությունների սուրբ, հավիտյան պահպանի՛ր նորոգ սրբագործված քո այս տաճարը»։

Ռազիսի ինքնասպանությունը

37 Երուսաղեմի ժողովրդի ծերերի մեջ Ռազիս անունով մի մարդ կար, որին շատ ընկերասեր, մարդասեր, բարեհամբավ, բարեսիրտ ու հոգատար լինելու պատճառով եբրայեցիների հայր էին անվանում։ 38 Նախկինում, երբ դեռ չէին խառնակվել հեթանոսների հետ, նա նախանձախնդիր էր հրեության օրենքների նկատմամբ և իր անձն ու կյանքը վտանգել էր դրանց ազատության համար։ 39 Նիկանորը, կամենալով ցույց տալ հրեաների նկատմամբ ունեցած թշնամությունը, ավելի քան հինգ հարյուր զինվոր ուղարկեց, որպեսզի գնան ու բռնեն նրան, 40 որովհետև այսպես էր մտածում. «Եթե կարողանամ դրանց ընկճել, մեծ գործ կատարած կլինեմ այս քաղաքում»։ 41 Երբ զինվորները հասան ու պաշարեցին աշտարակը և դարպասի վրա ուժ գործադրեցին, միմյանց ձայն տվեցին, որ կրակ բերեն ու դարպասներն այրեն։ 42 Երբ այդ մարդը տագնապահար տեսավ, որ իրեն պիտի բռնեն, սուրը խրեց իր պորտի տակ. նա գերադասեց ազատ մեռնել, քան անօրենների ձեռքն ընկնել ու պղծել իր հոգու ազնվությունը։ 43 Բռնվելու վտանգից շտապելու պատճառով նրա հարվածը մահացու չէր եղել, և քանի որ զորքը դարպասից ներս էր խուժում, նա վեր բարձրացավ և իրեն պարսպի բարձրությունից ցած նետեց։ 44 Ներքևում գտնվողները խուճապահար այս ու այն կողմ գնացին, և ամբոխը նրանից հեռու քաշվեց. սուրը դրեց ու ընկավ վրան։ 45 Քանի դեռ շնչում էր, բարկությամբ լցված նա ոտքի կանգնեց, թեև արյունն առատորեն հորդում էր, իսկ վերքերը չափազանց խորն էին։ Ամբոխը նրա առջևից այս ու այն կողմ ցրվեց։ 46 Նա ելավ կանգնեց մի ուղղաբերձ ժայռի վրա, կռացավ, իր ձեռքերի մեջ առավ արնաթաթախ աղիքները, բարձրացրեց վեր՝ դեպի երկինք, և դիմելով կենդանի հոգիների ու մարմինների Տիրոջը՝ ասաց. «Այս հատուցմա՛մբ հատուցիր նրան»։ Եվ նա այսպես հրաժեշտ տվեց կյանքին։