Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սառայի մահը և թաղումը1 Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի։ 2 Նա մահացավ…
Սառայի մահը և թաղումը
1 Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի։ 2 Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։ 3 Աբրահամը վեր կացավ իր ննջեցյալի մոտից և դիմելով Քետի որդիներին՝ ասաց. 4 «Ես ձեր մեջ պանդուխտ ու օտարական եմ։ Արդ, ինձ մի գերեզմանի կալվա՛ծք տվեք ձեզ մոտ, որ թաղեմ իմ ննջեցյալին»։ 5 Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին՝ ասելով. 6 «Լսի՛ր մեզ, տե՛ր։ Դու մեզ համար Աստծու կողմից ուղարկված իշխան ես։ Քո ննջեցյալին թաղի՛ր մեր լավագույն գերեզմաններից մեկում, որովհետև մեզնից ոչ մեկը չի հրաժարվի քեզ շիրիմի համար տեղ տրամադրելուց»։ 7 Աբրահամը ոտքի ելավ և գլուխ խոնարհեց այդ երկրի ժողովրդին՝ Քետի որդիներին։ 8 Նրանց դիմելով՝ Աբրահամն ասաց. «Եթե դուք համաձայն եք, որ իմ ննջեցյալին թաղեմ ձեզ մոտ, լսե՛ք ինձ և խոսե՛ք Սահառի որդի Եփրոնի հետ, 9 որ ինձ տա իր ագարակի ծայրին գտնվող զույգ քարայրը։ Ձեր առջև թող այն ինձ տա այնքան արծաթի դիմաց, որքան արժե այն, որպեսզի այն իմ սեփական գերեզմանը լինի»։ 10 Եփրոնը նստած էր Քետի որդիների հետ։ Նա պատասխանեց Աբրահամին՝ ի լուր Քետի որդիների ու բոլոր քաղաք մտնողների, 11 և ասաց. «Նայի՛ր ինձ, տե՛ր, և լսի՛ր ինձ։ Քեզ եմ տալիս թե՛ ագարակը և թե՛ այնտեղ գտնվող քարայրը։ Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայությամբ այն քեզ եմ տալիս, որպեսզի թաղես քո հանգուցյալին»։ 12 Աբրահամը գլուխ խոնարհեց երկրի ժողովրդի առաջ, 13 Եփրոնի հետ խոսեց ի լուր երկրի ժողովրդի և ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ։ Ես քեզ արծաթ կտամ ագարակի դիմաց։ Վերցրո՛ւ այն ինձնից, և ես այնտեղ կթաղեմ իմ ննջեցյալին»։ 14 Եփրոնն Աբրահամին պատասխանեց և ասաց. 15 «Ո՛չ, տե՛ր իմ, անշուշտ լսել եմ, որ հողամասը չորս հարյուր սատեր արծաթ արժե։ Բայց այդ ի՞նչ է որ իմ ու քո միջև։ Դու թաղի՛ր քո ննջեցյալին»։ 16 Աբրահամը Եփրոնին լսելուց հետո կշռեց և նրան վճարեց չորս հարյուր սատեր արծաթը վաճառականների մոտ ընդունված գնով, ինչպես խոստացել էր ի լուր Քետի որդիների։ 17 Եվ Եփրոնի ագարակը՝ զույգ քարայրներով, որ Մամբրեի կաղնու դիմաց էր, թե՛ ագարակը և թե՛ նրա մեջ գտնվող քարայրը, ագարակի և նրա սահմանի բոլոր ծառերը 18 Քետի որդիների և բոլոր քաղաք մտնողների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփականություն։ 19 Դրանից հետո Աբրահամն իր կնոջը՝ Սառային, թաղեց ագարակի զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց էր գտնվում, այսինքն՝ Քեբրոնում՝ քանանացիների երկրում։ 20 Այդպես ագարակն ու նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփական գերեզմանոց։