Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ խոսքը տաճարի վերակառուցման մասին1 Դարեհ արքայի երկրորդ տարում՝ …

Տիրոջ խոսքը տաճարի վերակառուցման մասին

1 Դարեհ արքայի երկրորդ տարում՝ վեցերորդ ամսին, որ ամսվա առաջին օրն էր, Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով և ասաց. «Խոսի՛ր Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու, և Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու հետ և ասա՛. 2 “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այդ ժողովուրդն ասում է, թե չի հասել Տիրոջ տունը շինելու ժամանակը”»։ 3 Եվ Տիրոջ խոսքը եղավ Անգեոս մարգարեի միջոցով, և ասաց. 4 «Միայն ձե՞զ համար կլինի ժամանակ՝ գմբեթավոր տներում բնակվելու, իսկ իմ տունն ավերակ է»։ 5 Արդ, այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քննեցե՛ք ձեր սրտերը ձեր ճանապարհներին։ 6 Ցանում էիք շատ և հավաքում քիչ, ուտում էիք, բայց չէիք հագենում, խմում էիք, բայց հագուրդ չէիք ստանում, հագնում էիք, բայց չէիք տաքանում դրանցով, և ով իր վարձն էր հավաքում, ծակոտված կապոցների մեջ էր հավաքում»։ 7 Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քննեցե՛ք ձեր սրտերը ձեր ճանապարհներին։ 8 Բարձրացե՛ք լեռը, փա՛յտ կտրեք և շինե՛ք այդ տունը, և կհիանամ դրանով ու կփառավորվեմ,- ասում է Տերը։ 9 Շատին սպասեցիք, և քիչը եղավ, դուք ներս՝ տներ կրեցիք, իսկ ես դուրս փչեցի այն»։ Դրա համար այսպես է ասում Ամենակալ Տերը. «Քանի որ իմ տունն ավերակ է, և դուք շտապում եք յուրաքանչյուրն իր տունը, 10 դրա համար երկինքը կպահի քո անձրևը, և երկիրը կխափանի իր արդյունքը։ 11 Ես սուր կբերեմ երկրի վրա, ցորենի վրա, գինու վրա, յուղի վրա ու երկրի բոլոր բույսերի վրա, մարդկանց վրա ու անասունի վրա և նրանց ձեռքերի բոլոր վաստակների վրա»։

Ժողովուրդը հնազանդվում է Տիրոջ ձայնին

12 Եվ Զորաբաբելը՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդին, Հեսուն՝ Հովսեդեկ քահանայապետի որդին, և ժողովրդի բոլոր մնացորդները լսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու ձայնը և Անգեոս մարգարեի պատգամները, ինչպես որ Տերը՝ իրենց Աստվածը, նրան ուղարկեց իրենց մոտ. և ժողովուրդը վախեցավ Տիրոջ հայացքից։ 13 Եվ Անգեոսը՝ Տիրոջ պատգամաբերների մեջ Տիրոջ պատգամաբերը, ժողովրդին ասաց. «Ես ձեզ հետ եմ,- ասում է Տերը»։ 14 Եվ Տերն արթնացրեց Զորաբաբելի՝ Հուդայի ցեղից Սաղաթիելի որդու ոգին, Հեսուի՝ Հովսեդեկ քահանայապետի որդու ոգին և ժողովրդի բոլոր մնացորդների ոգին. և մտնում և իրենց Աստծո՝ Ամենակալ Տիրոջ տանը գործ էին անում։ 15 Վեցերորդ ամսվա քսանչորսին՝ Դարեհ արքայի երկրորդ տարում։