Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ խոստումը Դավթին և նրա սերնդին(Բ Թագ. 7.1-17)1 Երբ Դավիթը բնակվե…

Տիրոջ խոստումը Դավթին և նրա սերնդին

(Բ Թագ. 7.1-17)

1 Երբ Դավիթը բնակվեց իր տանը, Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ մայրի փայտից կառուցված իմ տանը, իսկ Տիրոջ Ուխտի տապանակը վրանի տակ է»։ 2 Նաթանն ասաց Դավթին. «Ինչ որ կա սրտումդ, արա՛, քանզի Աստված քեզ հետ է»։ 3 Եվ այդ գիշեր Տերը, խոսքն ուղղելով Նաթանին, ասաց. 4 «Գնա՛ և ասա՛ իմ ծառա Դավթին. “Տերն այսպես է ասում. “Դու ինձ համար բնակվելու տուն չպիտի շինես, 5 քանզի իսրայելացիներին Եգիպտոսից հանելուց մինչև այսօր երբեք տան մեջ չեմ բնակվել, այլ տաղավարի ու վրանի տակ եմ եղել։ 6 Ամենուրեք, որ իսրայելացիների հետ եմ եղել, մի՞թե Իսրայելի ցեղերից որևէ մեկին կամ նրա դատավորներին, որոնց պատվիրել էի հովվել իմ ժողովրդին, որևէ բան եմ ասել, թե՝ ինչո՞ւ ինձ համար մայրի փայտից տուն չեք շինում”։ 7 Արդ, հետևյա՛լն ասա իմ ծառա Դավթին. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ես քեզ վերցրի արոտավայրից, ուր ոչխարների հովիվ էիր, որ Իսրայելի իմ ժողովրդին առաջնորդ լինես։ 8 Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրա եղած մեծամեծերի անվան պես դարձրի քո անունը։ 9 Արդ, Իսրայելի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ, դու նրան պիտի հաստատես այնտեղ, և նա առանձին պիտի բնակվի, ոչ մի հոգս այլևս չպիտի ունենա, և ոչ մի անիրավություն նրան այլևս չպիտի ընկճի, ինչպես նախկինում էր՝ 10 այն օրերից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի կարգել։ Ես խոնարհեցրի քո բոլոր թշնամիներին և պիտի բազմացնեմ քեզ ու ես՝ Տերս, քեզ համար տուն պիտի կառուցեմ։ 11 Եվ երբ քո օրերը լրանան, դու կննջես քո նախնիների հետ։ Քեզնից հետո քեզնից ծնված քո զավակին պիտի բարձրացնեմ և պիտի պատրաստեմ նրա թագավորությունը։ 12 Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը հավիտենական պիտի դարձնեմ։ 13 Ես նրան հայր պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի։ Իմ ողորմածությունը նրանից չեմ պակասեցնելու, ինչպես մերժեցի նրանց, որ քեզնից առաջ էին։ 14 Նա հավատարիմ պիտի լինի իմ տան նկատմամբ, և նրա թագավորությունը հավիտենական պիտի լինի, նրա գահը՝ հաստատուն մինչև հավիտյան”»։ 15 Եվ Նաթանն այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը նույնությամբ պատմեց Դավթին։

Դավթի աղոթքը

(Բ Թագ. 7.18-29)

16 Եկավ Դավիթ արքան ու նստելով Տիրոջ առջև՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր, Աստվա՛ծ, և կամ ի՞նչ է իմ տունը, որ ինձ սիրեցիր հավիտյան։ 17 Կարծես այս բաները քիչ երևացին քո աչքին, Աստվա՛ծ, հիմա էլ խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար, վերաբերվեցիր ինձ հետ, ինչպես երևելի մի մարդու։ Դու բարձրացրիր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ։ 18 Ի՞նչ խոսք ավելացնի Դավիթը քեզ փառավորելու համար. ինքդ ճանաչում ես քո ծառային 19 և ըստ քո սրտի արեցիր այս ամբողջ մեծությունը, Տե՛ր։ 20 Քեզ նման ոչ ոք չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ դատելով այն ամենից, որ լսել ենք մեր ականջներով։ 21 Երկրի վրա չկա այնպիսի ազգ, ինչպիսին Իսրայելի քո ժողովուրդն է, որին Աստված առաջնորդեց՝ փրկելու որպես իր ժողովրդին, որպեսզի իր համար մեծ ու երևելի անուն ստեղծի՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին ազատեցիր Եգիպտոսից։ 22 Քո իսրայելացի ժողովրդին հավիտենապես ժողովուրդ դարձրիր քեզ, և դու նրանց համար Աստված եղար։ 23 Արդ, Տե՛ր, այն խոսքը, որ ասացիր քո ծառայի և նրա տան մասին, թող հաստատ լինի հավիտյան, 24 որպեսզի ասեն, թե Տերը՝ Ամենակալ Տերն է Իսրայելի Աստվածը, և թող քո ծառա Դավթի տունը կանգուն մնա քո առջև։ 25 Քանի որ դու, Տե՛ր, քո ծառայի ականջին հայտնեցիր, թե նրա համար տուն ես կառուցելու, դրա համար էլ քո ծառան համարձակություն գտավ քո առջև աղոթելու։ 26 Արդ, Տե՛ր, դու ես Աստված, և դու ասացիր այդ բարի խոսքերը քո ծառայի մասին։ 27 Սկսի՛ր այսուհետև օրհնել քո ծառայի տունը, որպեսզի հավիտյան քո առջև լինի։ Քանի որ դու օրհնեցիր, Տե՛ր, օրհնի՛ր հավիտյան»։