Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տովբիթի մահը1 Տովբիթը վերջացրեց այս օրհներգը։2 Երբ նրա աչքերը կուրացա…

Տովբիթի մահը

1 Տովբիթը վերջացրեց այս օրհներգը։
2 Երբ նրա աչքերը կուրացան, նա հիսունութ տարեկան էր. ութ տարի անց աչքերը կրկին բացվեցին։ Նա ողորմություններ էր անում, էլ ավելի երկյուղած դառնալով Աստծու հանդեպ՝ փառաբանում էր նրան։ 3 Նա շատ ծերացավ։ Կանչեց իր որդուն ու թոռներին և իր որդուն ասաց. «Որդյա՛կ, դու վերցրո՛ւ քո որդիներին, որովհետև ես ահա ծերացել եմ և մեռնելու մոտ եմ, 4 գնա՛ Մարաց երկիր, որդյա՛կ իմ, որովհետև ես հավատում եմ, որ, ինչպես Հովնան մարգարեն է ասել, Նինվեն պիտի կործանվի, իսկ Մարաց երկրում միառժամանակ խաղաղություն պիտի լինի։ Մեր եղբայրները կցրվեն օրհնյալ երկրից, Երուսաղեմն ավերակ ու անապատ կդառնա, այնտեղ գտնվող Աստծու տունը կհրկիզվի և մի որոշ ժամանակ ավերված կլինի։ 5 Բայց Աստված կրկին կողորմի նրանց ու կվերադարձնի հայրենի երկիր, և նրանք կկառուցեն Տունը, բայց ոչ առաջինի նման, մինչև որ լրանան հավիտենության ժամանակները։ Դրանից հետո կվերադառնան գերությունից և փառքով ու մեծ պատվով կկառուցեն Երուսաղեմը։ Աստծու տաճարը փառավոր շինվածքներով նրա մեջ կկառուցվի հավիտյան բոլոր սերունդների համար, ինչպես դրա մասին ասել են մարգարեները։ 6 Բոլոր հեթանոսները դարձի կգան՝ ճշմարտությամբ երկնչելու Տիրոջից՝ Աստծուց, և կկործանեն ու կմերժեն իրենց կուռքերին։ 7 Բոլոր հեթանոս ժողովուրդները կօրհնաբանեն Տիրոջը, և նրա ժողովուրդը կխոստովանի Աստծուն։ Տերը կփառավորի իր ժողովրդին, և կցնծան բոլոր նրանք, ովքեր Տիրոջը՝ Աստծուն, ճշմարտությամբ ու արդարությամբ կսիրեն՝ ողորմություն անելով մեր եղբայրներին։ 8 Արդ, որդյա՛կ իմ, դու գնա՛ այստեղից, որովհետև Հովնան մարգարեի ասածն անպատճառ կլինի։ 9 Բայց դու պահի՛ր օրենքներն ու պատվիրանները և ողորմած ու արդա՛ր եղիր, որպեսզի քեզ համար լավ լինի։ Երբ կթաղես ինձ և քո մորն ինձ հետ, այլևս չմնաս Նինվեում։ 10 Որդյա՛կ իմ, տե՛ս, թե Ամանն ի՛նչ արեց Աքիաքարին, որը սնել էր նրան, թե ինչպե՛ս նրան լույսից տարավ խավար, որքա՛ն չարիք գործեց նրա նկատմամբ։ Բայց Աքիաքարը փրկվեց, իսկ նա ստացավ հատուցումը. նրա փոխարեն ինքն իջավ խավարի մեջ։ Մանասեն ողորմություններ արեց և իր դեմ նյութված մահվան օրը փրկվեց, իսկ Ամանը որոգայթն ընկավ և կործանվեց։ 11 Ահա, որդյա՛կ իմ, տե՛ս, թե ի՛նչ է անում ողորմությունը, կամ ինչպե՛ս է փրկում արդարությունը»։
Երբ այս ասաց, հոգին ավանդեց իր մահճում, քանի որ նա հարյուր հիսուն տարեկան էր։ Նրա որդին մեծ փառքով ու պատվով թաղեց նրան։ 12 Երբ Աննան մեռավ, նրան ևս թաղեց իր հոր մոտ։
Վերջաբան
Տովբիան իր կնոջ ու որդիների հետ գնաց Մարաց Եկբատան քաղաքը՝ իր աներ Հռագուելի մոտ։ 13 Նա արժանապատվորեն ծերացավ։ Նա փառքով ու պատվով թաղեց նաև իր աներոջն ու զոքանչին և ժառանգեց նրանց ունեցվածքն ու իր հայր Տովբիթի ունեցվածքը։ 14 Նա մեռավ հարյուր քսանյոթ տարեկանում Մարաց Եկբատան քաղաքում։ 15 Նախքան մեռնելը լսեց Նինվեի կործանման մասին, որի բնակիչներին գերեցին Նաբուքոդոնոսորն ու Ասուերոսը։ Տովբիան նախքան մեռնելը ուրախացավ Նինվեի կործանման համար։ Նա փառք տվեց՝ գոհանալով Աստծուց, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն։