Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Վեճ նախնիների ավանդույթի շուրջ(Մրկ. 7.1-13)1 Այդ ժամանակ Հիսուսին մոտ…

Վեճ նախնիների ավանդույթի շուրջ

(Մրկ. 7.1-13)

1 Այդ ժամանակ Հիսուսին մոտեցան փարիսեցիներ ու դպիրներ, որոնք Երուսաղեմից էին, և ասացին. 2 «Ինչո՞ւ են քո աշակերտներն անտեսում ծերերի ավանդույթը և ձեռքերը չեն լվանում, երբ հաց են ուտում»։ 3 Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ եք անտեսում Աստծու պատվիրանը ձեր ավանդույթի պատճառով. 4 որովհետև Աստված ասաց. “Պատվի՛ր քո հորն ու մորը” (Ելք 20.12, Բ Օր. 5.16), և՝ “Ով չարախոսի իր հոր կամ մոր մասին, թող մահվան դատապարտվի” (Ելք 21.16, Ղևտ. 20.9)»։ 5 Մինչդեռ դուք ասում եք. «Ով իր հորը կամ իր մորն ասի. “Այն օգնությունը, որ ինձնից պիտի ստանայիր, Աստծուն եմ տվել”, 6 ուրեմն կարող է ազատվե՞լ իր հորը կամ իր մորը օգնելուց»։ Աստծու խոսքն անարգում եք ձեր ավանդույթի պատճառով։ 7 Կեղծավորնե՛ր, Եսային լավ է մարգարեացել ձեր մասին և ասել.

«Այս ժողովուրդն ինձ շրթունքներով է պատվում,

իսկ իրենց սրտերը շատ հեռու են ինձնից.

9 զուր են ինձ պաշտում.

եթե ուսուցանում են մարդկանցից թելադրված պատվիրաններ» (Ես. 29.13)։

Մաքուրը և անմաքուրը

(Մրկ. 7.14-23)

10 Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք և հասկացե՛ք. 11 մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ բերանից ներս է մտնում, այլ այն, ինչ ելնում է բերանից»։ 12 Այդ ժամանակ նրա աշակերտները մոտեցան և ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին այդ խոսքը, գայթակղվեցին»։ 13 Նա պատասխան տվեց նրանց և ասաց. «Ամեն տունկ, որ իմ երկնավոր Հայրը չի տնկել, արմատախիլ կլինի։ 14 Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում»։ 15 Պետրոսը դիմեց Հիսուսին և ասաց. «Բացատրի՛ր մեզ այս առակը»։ 16 Հիսուսն ասաց. «Դեռևս դո՞ւք էլ եք անմիտ 17 և չե՞ք իմանում, թե բերան մտնող ամեն ինչ որովայն է գնում և դուրս ելնում։ 18 Իսկ ինչ որ բերանից է ելնում, սրտից է գալիս և դա՛ է մարդուն պղծում, 19 որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյանք։ 20 Այս ամենն է պղծում մարդուն, իսկ անլվա ձեռքերով ուտելը չի պղծում մարդուն»։

Քանանացի կնոջ հավատը

(Մրկ. 7.24-30)

21 Այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի ու Սիդովնի կողմերը։ 22 Եվ ահա քանանացի մի կին, գալով այդ սահմաններից, սկսեց աղաղակել և ասել. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, դուստրս դաժանորեն դիվահարվում է»։ 23 Հիսուսը, սակայն, չպատասխանեց նրան։ Նրա աշակերտները մոտեցան և աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։ 24 Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։ 25 Կինը մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։ 26 Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Լավ չէ մանուկների հացն առնել և շների առաջ գցել»։ 27 Եվ նա ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»։ 28 Այդժամ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Ո՛վ կին, մեծ է հավատդ, թող քո ուզածի պես լինի քեզ»։ Եվ այդ նույն ժամին նրա դուստրը բժշկվեց։

29 Հիսուսը, հեռանալով այդտեղից, եկավ Գալիլեայի լճի եզերքը և լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ։ 30 Նրան մոտեցավ ժողովրդի մի մեծ բազմություն, որն իր հետ ուներ կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ և ուրիշ շատերի։ Նրանց բերեցին դրեցին նրա ոտքերի առջև, և բժշկեց նրանց։ 31 Ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խոսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկվում, կույրերը՝ տեսնում, և փառք էր տալիս Իսրայելի Աստծուն։

Հացի երկրորդ բազմացումը

(Մրկ. 8.1-10)

32 Հիսուսը, իր մոտ կանչելով աշակերտներին, ասաց. «Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն երեք օր է, ինչ ինձ մոտ են և ոչինչ չունեն, որ ուտեն։ Նրանց չեմ ուզում քաղցած արձակել, գուցե ճանապարհին ուժասպառ լինեն»։ 33 Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։ 34 Հիսուսը նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունեք»։ Նրանք ասացին. «Յոթ նկանակ և քիչ թվով մանր ձկներ»։ 35 Հիսուսը կարգադրեց ժողովրդին, որ նստեն գետնին։ 36 Ապա վերցնելով յոթ նկանակն ու ձկները՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ՝ ժողովրդին։ 37 Ամենքը կերան և հագեցան. յոթ լի զամբյուղ էլ մնացած կտորտանքներ հավաքեցին։ 38 Նրանք, ովքեր կերան, մոտ չորս հազար տղամարդիկ էին՝ չհաշված կանանց ու մանուկներին։

39 Երբ Հիսուսն արձակեց ժողովրդին, նավակ ելավ և եկավ Մագդաղայի սահմանները։