Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ո՞վ է մեծ(Մրկ. 9.33-37, Ղուկ. 9.46-48)1 Նույն օրն աշակերտները մոտեցան…

Ո՞վ է մեծ

(Մրկ. 9.33-37, Ղուկ. 9.46-48)

1 Նույն օրն աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայության մեջ»։ 2 Հիսուսն իր մոտ կանչեց մի մանկան, նրան կանգնեցրեց նրանց մեջտեղում 3 և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չփոխվեք և մանուկների նման չլինեք, երկնքի արքայություն չեք մտնի։ 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնի, ինչպես այս մանուկն է, նա՛ է մեծ երկնքի արքայության մեջ։ 5 Եվ ով իմ անունով մի այսպիսի մանկան ընդունի, ի՛նձ ընդունած կլինի։

Գայթակղության մասին

(Մրկ. 9.42-48)

6 Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը։ 7 Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով։ Հարկ է, որ գայթակղությունները գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով գայթակղություն կգա։ 8 Եթե ձեռքդ կամ ոտքդ գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից. քեզ համար ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել կյանք, քան թե երկու ձեռք ու երկու ոտք ունենալ և հավիտենական կրակի մեջ ընկնել։ 9 Եվ եթե աչքդ գայթակղեցնում է քեզ, հանի՛ր այն և դե՛ն նետիր քեզնից. քեզ համար ավելի լավ է մեկ աչքով հավիտենական կյանք մտնել, քան թե երկու աչք ունենալ և գեհենի կրակն ընկնել։

10 Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը. 11 որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու»։

Կորուսյալ ոչխարը

(Ղուկ. 15.3-7)

12 «Ինչպե՞ս է ձեզ թվում. եթե մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին փնտրելու։ 13 Եվ եթե պատահի, գտնի նրան, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ ոչխարի համար ավելի կուրախանա, քան իննսունիննի, որ մոլորված չեն։ 14 Այդպես էլ իմ երկնավոր Հայրը չի ցանկանա, որ այս փոքրիկներից մեկը կորչի»։

15 «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանի՛ր նրան, երբ դու ու նա առանձին եք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահած կլինես։ 16 Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք (Բ Օր. 19.15)։ 17 Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր։ 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում։ 19 Դարձյալ ասում եմ ձեզ. եթե երկրի վրա ձեզնից երկու հոգի միաբանվեն որևէ բանի համար, ինչ էլ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է, 20 որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։

21 Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան և ասաց. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ»։ 22 Հիսուսն ասաց նրան. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ»։

Պարտատեր ծառայի առակը

23 «Երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի, որը ցանկացավ իր ծառաների հաշիվները քննել։ 24 Երբ սկսեց հաշվեքննությունը, նրա մոտ բերվեց տասը հազար քանքարի մի պարտապան։ 25 Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նրա կնոջը, որդիներին և այն ամենը, ինչ ուներ, և հատուցել։ 26 Ծառան ընկավ նրա առաջ, երկրպագեց նրան և ասաց. “Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և բոլորը կհատուցեմ քեզ”։ 27 Ծառայի տերը գթալով արձակեց նրան և պարտքը ներեց։ 28 Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։ 29 Ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, սկսեց աղաչել նրան և ասել. “Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և կհատուցեմ քեզ”։ 30 Բայց նա չցանկացավ, այլ գնաց, նրան բանտը գցեց, մինչև պարտքը հատուցեր։ 31 Նրա մյուս ծառայակիցները, երբ տեսան պատահածը, վշտացան և եկան հայտնեցին իրենց տիրոջն այն ամենը, ինչ եղել էր։ 32 Այդ ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. “Չա՛ր ծառա, ամբողջ պարտքդ քեզ ներեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ 33 Արդ, պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ ողորմեցի”։ 34 Եվ նրա տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև հատուցեր ամբողջ պարտքը։ 35 Նույն կերպ էլ կանի ձեզ իմ Հայրը, որ երկնքում է, եթե յուրաքանչյուրդ սրտանց չների իր եղբոր հանցանքները»։