Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ազատագրում Հոգու միջոցով1 Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն …
Ազատագրում Հոգու միջոցով
1 Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են. 2 որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ 3 Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը, 4 որպեսզի Օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ Հոգու։ 5 Նրանք, որ ըստ մարմնի են ապրում, մտածում են մարմնական բաների մասին, իսկ նրանք, որ ըստ Հոգու են ապրում, մտածում են հոգևոր բաների մասին։ 6 Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն։ 7 Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։ 8 Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել։
9 Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ Հոգու, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նրան չի պատկանում։ 10 Իսկ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և Հոգին կյանք է տալիս արդարության համար։ 11 Եթե ձեր մեջ բնակվում է նրա Հոգին, ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։
12 Հետևաբար, եղբայրնե՛ր, մարմնին չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. 13 որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։ 14 Ովքեր առաջնորդվում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ, 15 որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ 16 Այս նույն Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծու որդիներ ենք։ 17 Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։
Սուրբ Հոգու խոստումները
18 Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքներն անհամեմատելի են գալիք փառքի հետ, որ մեզ է հայտնվելու։ 19 Որովհետև ստեղծագործությունն անհամբերությամբ սպասում է Աստծու որդիների հայտնությանը, 20 քանի որ ստեղծագործությունը հնազանդվեց ունայնությանը, ոչ իր կամքով, այլ նրա կամքով, ով հնազանդեցրեց նրա, 21 այն հույսով, որ ստեղծագործությունն ինքը նույնպես կազատվի ապականության ծառայությունից՝ Աստծու որդիների փառքի ազատության մեջ մտնելու համար։ 22 Որովհետև գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը մինչև այժմ հեծեծում է և երկունքի ցավերի մեջ է։ 23 Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։ 24 Այս հույսով էր, որ փրկվեցինք, իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մեկն էլ ինչո՞ւ հուսա այն, ինչ տեսնում է, 25 իսկ եթե հույս ունենք մի բանի, որ չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք։ 26 Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը. որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպե՛ս պետք է աղոթել։ Բայց Հոգին ինքը բարեխոս է լինում մեզ համար անմռունչ հառաչանքով։ 27 Իսկ նա, ով քննում է սրտերը, գիտի, թե ի՛նչ է խորհում Հոգին, որովհետև Աստծու կամքի համաձայն է բարեխոսում սրբերի համար։ 28 Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն. 29 որովհետև Աստված նրանց, որոնց սկզբից էր ճանաչում, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպեսզի նա լինի անդրանիկը բազմաթիվ եղբայրների մեջ։ 30 Եվ որոնց նախասահմանեց, նրանց նաև կանչեց, և որոնց կանչեց, նրանց նաև արդարացրեց, և որոնց արդարացրեց, նրանց նաև փառավորեց։
Աստծու սերը
31 Արդ ի՞նչ ասենք այս ամենի դիմաց։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ։ 32 Նա, որ իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։ 33 Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրյալներին։ Աստված է, որ արդարացնում է։ 34 Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ և Աստծու աջ կողմում է և բարեխոս է մեզ համար։ 35 Արդ, ո՞վ կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգը, թե՞ սուրը։ 36 Ինչպես որ գրված է.
«Քեզ համար ենք մեռնում ամեն օր.
համարվեցինք ոչխար սպանդի համար» (Սաղ. 43(44).23)։
37 Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց. 38 որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները, 39 ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է։