Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ծանր ժամանակը1 «Այն ժամանակ կելնի Միքայել մեծ իշխանը, որ կանգնած է քո…

Ծանր ժամանակը

1 «Այն ժամանակ կելնի Միքայել մեծ իշխանը, որ կանգնած է քո ժողովրդի որդիների համար։ Եվ կլինի նեղության ժամանակ, նեղություն, որպիսին չի եղել այն օրվանից, երբ ազգ եղավ երկրի վրա, մինչև այն ժամանակը։ Եվ այն ժամանակ կփրկվի քո ժողովուրդը, ամեն ոք, որ գրված կլինի գրքի մեջ։ 2 Երկրի հողում ննջեցյալներից շատերը կարթնանան. ոմանք՝ հավիտենական կյանքի համար, իսկ ոմանք՝ նախատինքի և հավիտենական ամոթի համար։ 3 Իմաստունները կծագեն ինչպես լուսավորություն երկնակամարում, և արդարներից շատերը՝ իբրև հավիտենական ու հավերժ աստղեր։ 4 Եվ դու, Դանիե՛լ, փակի՛ր այդ խոսքերը և կնքի՛ր այդ գիրքը մինչև վախճանի ժամանակը, մինչև շատերը սրբվեն, և շատանա գիտությունը»։

Դանիելի վերջին տեսիլքը

5 «Ես՝ Դանիելս, տեսա. և ահա երկու հոգի կային գետի այս կողմում և այն կողմում 6 և ասացին այն մարդուն, որ բեհեզ էր հագել և կանգնել էր գետի ջրերի վրա. “Մինչև ե՞րբ պիտի տևի այդ հրաշքների վախճանը, որ ասացիր”։ 7 Եվ լսեցի այն մարդուց, որ բեհեզ էր հագել և կանգնել էր գետի ջրերի վրա. իր աջ ձեռքը և իր ձախ ձեռքը դեպի երկինք բարձրացրեց ու երդվեց հավիտենական Կենդանիով, թե ժամանակին, ժամանակներում և ժամանակի կեսին, երբ սրբված ժողովրդի ուժի ցրումն ավարտվի, կիմանան այդ ամենը։ 8 Ես լսեցի, բայց չհասկացա և ասացի. “Տե՛ր, ի՞նչ է դրանց վախճանը”։ 9 Ասաց. “Գնա՛, Դանիե՛լ, քանի որ այս խոսքերն արգելված ու կնքված են մինչև վախճանի ժամանակը։ 10 Շատերը կընտրվեն, կսպիտակեն, կփորձվեն ու կսրբվեն. անօրեններն անօրենություն կգործեն, և ամբարիշտները չեն հասկանա, բայց իմաստունները կիմանան 11 պաշտամունքի շարունակության փոփոխման ժամանակից։ Եվ հազար երկու հարյուր երեսունհինգ օր “ավերածության պղծությունը” կպաշտվի։ 12 Երանի՜ նրան, ով կհամբերի և կհասնի հազար երեք հարյուր երեսունհինգ օրերին։ 13 Իսկ դու եկ հանգստացի՛ր, որովհետև դեռ օրեր ու ժամեր կան մինչև վախճանի ավարտը. դու կհանգստանաս և կարթնանաս քո ժամանակին՝ օրերի վախճանին”»։