Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ծոմապահություն1 Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր,շեփորի պես բարձրացրո՛ւ ձա…
Ծոմապահություն
1 Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր,
շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ,
հայտարարի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի
և Հակոբի տանը՝ իր անօրենությունների մասին։
2 Օր օրի ինձ են փնտրում
և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները,
իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել
և իր Աստծու իրավունքը զանց չի առել.
ահա նրանք եկել և արդար դատաստան են որոնում։
Փափագում են մերձենալ Աստծուն
3 և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք,
և դու չտեսար,
զրկանքների ենթարկեցինք մեզ,
և դու չիմացար։
Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում
և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։
4 Հակառակության և կռիվների մեջ եք ծոմ պահում
և բռնցքահարում տկարին։
Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը.
դուք պիտի գաք բողոքեք ինձ,
և ես չպիտի լսեմ ձեզ։
5 Ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,
և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։
Եթե պարանոցդ կորացնես օղակի նման
ու տակդ քուրձ ու մոխիր տարածես,
6 սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր.
ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,-
ասում է Տերը։-
Քանդի՛ր անիրավության հանգույցը,
վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը,
ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին
և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։
Հացդ կիսի՛ր քաղցածի հետ
7 Քաղցածների՛ն բաժանիր քո հացը
և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը.
եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան,
բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր։
8 Այն ժամանակ այգաբացի պես կծավալվի քո լույսը,
և արագորեն կհասնի քո ապաքինումը,
քո առջևից կընթանա քո արդարությունը,
և Աստծու փառքը կպատի քեզ։
9 Այն ժամանակ կկանչես,
և Աստված կլսի քեզ.
մինչև դու խոսես, նա կասի. «Ահա հասել եմ»։
Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը,
ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը,
10 քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս
և չքավոր մարդկանց կշտացնես,
այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը,
քո խավարը կվերածվի միջօրեի։
11 Քո Աստվածն ամեն ժամ քեզ հետ կլինի,
քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա,
և քո ոսկորները կլիանան, ու կլինես ինչպես ջրարբի պարտեզ,
ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։
12 Քո դարավոր ավերակները կվերաշինվեն,
և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ.
դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող
և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։
13 Եթե ոտքդ հետ քաշես
և սրբության օրը քո ուզածը չկատարես,
զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր,
ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես,
այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։
14 Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները
և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը,
քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։