Հին Կտակարան
Նոր Կտակարան
Շմավոնը հաջորդում է Հովնաթանին1 Շմավոնը լսեց, որ Տրիփոնը մեծ զորք է հ…
Շմավոնը հաջորդում է Հովնաթանին
1 Շմավոնը լսեց, որ Տրիփոնը մեծ զորք է հավաքել՝ Հուդայի երկրի վրա հարձակվելու և բնակիչներին կոտորելու համար։ 2 Երբ տեսավ, որ ժողովուրդը ահի և խուճապի մեջ է, ինքը վեր կացավ եկավ Երուսաղեմ, հավաքեց ժողովրդին 3 և քաջալերեց նրանց՝ ասելով. «Դուք ինքներդ էլ գիտեք, թե որքան գործեր ենք արել ես, իմ եղբայրներն ու իմ հոր տունը։ Քանի՜-քանի՜ պատերազմներ ենք մղել, որքա՜ն նեղություններ կրել հանուն մեր սրբարանի, մեր օրենքների ու քաղաքի, 4 որովհետև Իսրայելի ու ձեր բոլորի համար զոհվեցին իմ բոլոր եղբայրները, և ես եմ մնացել միայն։ 5 Քավ լիցի, որ իմ անձը խնայեմ որևէ դժվարության ժամանակ։ Թեև ես ավելի քաջ չեմ, քան իմ եղբայրները, 6 բայց մեր ազգի, մեր սրբարանի և օրենքների, մեր կանանց ու որդիների վրեժը լուծելու համար ավելի կզորանամ, քանի որ բոլոր հեթանոսներն ահա հավաքվել են, որ հարձակվեն և մեր հիշատակը ջնջեն երկրի երեսից»։
7 Երբ նա խոսում էր, ժողովուրդը ոգևորվում ու հուսադրվում էր։ 8 Նրանք պատասխան տվեցին, սկսեցին խոսել բարձր ձայնով ու ասացին. «Դու ես մեր առաջնորդը Հուդայի ու քո եղբայր Հովնաթանի փոխարեն։ 9 Ղեկավարի՛ր մեր պատերազմը, և ինչ որ ասես, կհնազանդվենք քեզ»։ 10 Նա հավաքեց բոլոր ռազմիկներին և շտապեց կառուցել Երուսաղեմի պարիսպը։ 11 Աբեսաղոմի որդի Հովնաթանին էլ մեծ զորքով ուղարկեց Հոպպե։ Նա այնտեղից վտարեց պահապաններին և ինքը մտավ, ամրացավ այնտեղ ու պահպանում էր այն։
Հովնաթանի վախճանը
12 Դրանից հետո Տրիփոնը մեծ զորքով շարժվեց Պտղոմայիսից, որ գա Հուդայի երկիր։ Նա հսկողության ներքո իր հետ բերում էր Հովնաթանին։ 13 Շմավոնը բանակ էր դրել Ադիդայում՝ դաշտի դիմաց։ 14 Երբ Տրիփոնը տեղեկացավ, որ Շմավոնը նստել է իր եղբայր Հովնաթանի փոխարեն և պատրաստվում է պատերազմ տալու, բանագնացներ ընտրեց և ուղարկելով նրա մոտ՝ ասաց. 15 «Հովնաթանն այստեղ բանտարկված է այն դրամի համար, որ պարտք է արքունիքին։ 16 Արդ, հարյուր քանքար արծա՛թ բերել տուր և նրա որդիներից երկուսին ինձ մո՛տ ուղարկիր, որպեսզի երբ իրեն ազատ արձակենք, չապստամբի մեր դեմ»։
17 Շմավոնը հասկացավ, որ խաբեություն կա նրա խոսքերի մեջ, բայց տվեց, որ տանեն արծաթն ու պատանիներին, որպեսզի չլինի թե թշնամություն ծագի ժողովրդի ու իր միջև, 18 և չասեն, թե՝ «Շմավոնը խնայեց արծաթը և չտվեց պատանիներին, որ տանեն, դրա համար էլ մարդը կորստյան մատնվեց»։ 19 Նա տվեց, որ տանեն հարյուր քանքարն ու պատանիներին, բայց Տրիփոնը խաբեց և Հովնաթանին ազատ չարձակեց։
20 Դրանից հետո Տրիփոնը եկավ, որպեսզի ներխուժի երկիր և կոտորի նրանց։ Նա շրջապատեց Ադովր տանող ճանապարհը։ Բայց ուր էլ գնում էր, Շմավոնն իր բանակով նրա դեմ էր ելնում։ 21 Երուսաղեմի միջնաբերդում գտնվողները Տրիփոնի մոտ բանագնացներ ուղարկեցին ու ստիպեցին, որ նա անապատով իրենց մոտ գա ու բերդի համար պաշար ուղարկի։ 22 Տրիփոնն իր գնդով պատրաստվեց գալ ու միջնաբերդ մտնել, բայց քանի որ այդ գիշեր սաստիկ ձյուն եկավ, չկարողացավ գալ, այլ ելավ, եկավ Գաղաադի կողմերը։ 23 Երբ նա մոտեցավ Բասկամային, այնտեղ սպանեց Հովնաթանին, որն այնտեղ էլ թաղվեց։ 24 Տրիփոնն այդտեղից վերադարձավ ու եկավ իր երկիրը։
25 Շմավոնը մարդ ուղարկեց, այնտեղից հանեց իր եղբայր Հովնաթանի ոսկորներն ու բերեց թաղեց Մովդիիմում՝ իր նախնիների քաղաքում։ 26 Մեծ ողբով լաց եղան նրա վրա բոլոր իսրայելացիները և բազում օրեր սուգ պահեցին։ 27 Նա իր հոր ու եղբայրների գերեզմանի վրա մահարձան կառուցեց։ Այն բարձր էր՝ շուրջանակի կոփածո քարերով։ 28 Դրա վրա իրար դեմ դիմաց բուրգեր կանգնեցրեց և դեմ հանդիման երեք զարդանշաններ դրեց՝ ի պատիվ իր հոր ու եղբայրների։ 29 Նա նաև բարձր սյուներ կանգնեցրեց և դրանց վրա զրահներ դրեց, որպես հավիտենական հիշատակ։ Զրահների կողքին էլ նավերի նմանությամբ քանդակներ արեց, որպեսզի դրանք երևան նրանց, ովքեր նավերով անցնում են ծովով։ 30 Մովդիիմում կառուցված այս շիրիմը մնում է մինչև այսօր։
Դեմետրիոսը հաստատում է դաշինքը հրեաների հետ
31 Տրիփոնը նենգությամբ վարվեց նաև պատանի Անտիոքոս արքայի հետ. սպանեց նրան 32 ու թագավորեց նրա փոխարեն։ Իր գլխին դրեց Ասիայի թագը և մեծամեծ հարվածներ հասցրեց երկրին։
33 Շմավոնը կառուցեց Հուդայի երկրի բերդերը, դրանք շրջապատեց բարձր պարիսպներով ու աշտարակներով, ամրացրեց դարպասներով ու նիգերով և լցրեց պարենով։ 34 Շմավոնն ընտրեց անվանի մարդկանց և ուղարկեց Դեմետրիոսի մոտ, որ երկրին զիջումներ անի, որովհետև Տրիփոնի բոլոր գործերը հափշտակություններ էին եղել։ 35 Դեմետրիոս թագավորը հետևյալ բովանդակությամբ պատասխան ուղարկեց նրան և այսպիսի հրովարտակ գրեց.
36 «Դեմետրիոս արքան ողջունում է Շմավոն քահանայապետին՝ թագավորների բարեկամին, ծերակույտին ու հրեա ամբողջ ազգին։ 37 Ստացանք ոսկե թագն ու արմավենու ճյուղը, որ ուղարկել եք մեզ, և պատրաստ ենք կայուն խաղաղություն հաստատել ու գրել հարկահավաք պաշտոնյաներին, որ զիջեն ձեր պարտքերը։ 38 Ինչ որ մինչ այժմ հաստատել ենք ձեզ հետ, հաստատ թող մնա։ Ձեր կառուցած բերդերն էլ թող ձեզ պատկանեն։ 39 Ներում ենք նաև մինչև այսօր ձեր կատարած կամա թե ակամա մեղքերը և չեղյալ համարում թագի հարկը, որ պարտք եք. որևէ այլ մաքս, որ գանձվում էր Երուսաղեմից, այլևս թող չգանձվի։ 40 Եվ եթե ձեզնից որևէ մեկը պիտանի ու արժանի է՝ մեր թիկնազորի մեջ մտնելու, թող համարձակ արձանագրվի։ Մեր ու ձեր միջև խաղաղություն թող հաստատվի»։
41 Հարյուր յոթանասուն թվականին հեթանոսների լուծը վերացավ իսրայելյան ցեղի վրայից։ 42 Եվ ժողովուրդը մատյաններում ու առքուվաճառքի պայմանագրերում սկսեց գրել. «Շմավոն մեծ քահանայապետի և հրեա ազգի առաջնորդի ու զորավարի առաջին տարում»։
Շմավոնը գրավում է Գազարան և Երուսաղեմի միջնաբերդը
43 Այդ օրերին նա հարձակվեց Գազարա քաղաքի վրա, զորքով պաշարեց այն և մարտական մեքենա կառուցելով՝ այն մոտեցրեց պարսպին ու կործանեց աշտարակներից մեկը։ 44 Մեքենայից զինվորներ դուրս եկան ու ներխուժեցին քաղաք։ Մեծ խռովություն բարձրացավ քաղաքում։ 45 Քաղաքի բոլոր բնակիչները՝ կանանցով ու երեխաներով հանդերձ, ճչալով, օձիքները պատռելով և աղաղակ բարձրացնելով, դիմեցին Շմավոնին 46 և խնդրում էին խնայել իրենց, որպեսզի իրենց կատարած չարագործությունների համեմատ չդատի իրենց, այլ իր ողորմությամբ գթա իրենց։ 47 Շմավոնը մեղմացավ, դադարեցրեց պատերազմը և հրամայեց քաղաքից դուրս հանել նրանց։ Տները մաքրեցին նրանց կուռքերի բոլոր պիղծ աղտեղություններից, որից հետո նա եկավ և ներս մտավ ցնծությամբ ու օրհնությամբ։ 48 Այնտեղից մաքրեց բոլոր պղծությունները և այնտեղ բնակեցրեց Օրենքին հետևող մարդկանց։ Նա էլ ավելի ամրացրեց այն և բազմատեսակ ապարանքներ շինեց այնտեղ։
49 Երուսաղեմի միջնաբերդում մնացածները դեռևս պաշարված, արգելափակված էին. նրանք ո՛չ ելումուտ ունեին, ո՛չ առևտուր էին կարողանում անել։ Նրանք նեղվում, սովամահ էին լինում։ Նրանցից շատերը մեռան։ 50 Նրանք դիմեցին Շմավոնին՝ հաշտություն խնդրելով։ Նա համաձայնվեց, բայց նրանց այնտեղից դուրս հանեց և միջնաբերդը մաքրեց նրանց ամեն տեսակի պղծություններից։ 51 Նա այնտեղ մտավ հարյուր յոթանասունմեկ թվականի երկրորդ ամսի քսաներեքերորդ օրը՝ օրհնություն ու գոհություն մատուցելով, արմավենու ճյուղերով, ցնծությամբ փող ու սրինգ հնչեցնելով, որովհետև խորտակվել էր Իսրայելի երկրի ահեղ թշնամին։ 52 Նա հրաման տվեց ամեն տարի տոնել այդ օրը ուրախությամբ և ցնծությամբ։ Նա ամրացրեց միջնաբերդի մոտ գտնվող տաճարի լեռը, և ինքն իր սեփական զորագնդով բնակվեց այնտեղ։ 53 Շմավոնը, տեսնելով, որ իր որդի Հովնաթանը չափահաս ու կատարյալ տղամարդ է դարձել, նրան նշանակեց բոլոր զորքերի իշխան՝ առաջնորդ զորավար, և վերակացու կարգեց Գազարայում։