Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ խոսքը Զաքարիային1 Դարեհ արքայի երկրորդ տարում՝ ութերորդ ամսին, …

Տիրոջ խոսքը Զաքարիային

1 Դարեհ արքայի երկրորդ տարում՝ ութերորդ ամսին, Տիրոջ խոսքը եղավ Ադդովի որդու՝ Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին, և ասաց. 2 «Տերը մեծ ցասումով բարկացավ ձեր հայրերի վրա։ 3 Կասես նրանց. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք դեպի ինձ,- ասում է Զորությունների Տերը,- և կդառնամ դեպի ձեզ,- ասում է Զորությունների Տերը։- 4 Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։ 5 Ո՞ւր են ձեր հայրերն ու մարգարեները, մի՞թե հավիտյան պիտի ապրեն։ 6 Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։

Զաքարիայի տեսիլքները

ա. Ձիերի տեսիլքը

7 Տասնմեկերորդ ամսվա քսանչորսին, որ նույն Արացն է, Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ խոսքը եղավ Ադդովի որդու՝ Բարաքիայի որդուն՝ Զաքարիա մարգարեին, և ասաց. 8 «Գիշերվա տեսիլքի մեջ տեսա. ահա մի մարդ՝ աշխետ ձի հեծած, կանգնած էր երկու անտառախիտ լեռների միջև, և նրա հետևում՝ աշխետ, բծավոր ու սպիտակ ձիեր»։ 9 Եվ ասացի. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ. «Ես քեզ ցույց կտամ՝ ի՛նչ են դրանք»։ 10 Պատասխան տվեց այն մարդը, որ կանգնած էր լեռների միջև, և ասաց ինձ. «Դրանք են, որոնց Տերն ուղարկեց շրջելու երկրով մեկ»։ 11 Պատասխան տվեցին Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր լեռների միջև, և ասացին. «Շրջեցինք ողջ երկրով մեկ, և ահա ողջ երկիրը բնակեցված ու հանդարտ է»։ 12 Պատասխան տվեց հրեշտակը և ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց անտեսեցիր այս յոթանասուն տարիներին»։ 13 Եվ Ամենակալ Տերը պատասխան տվեց հրեշտակին, որ ինձ բարության խոսքեր և մխիթարության խոսքեր էր ասում։ 14 Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ.

«Աղաղակի՛ր և ասա՛.

Այսպես է ասում Ամենակալ Տերը.

“Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի

Երուսաղեմի և Սիոնի համար

15 և սաստիկ բարկությամբ եմ բարկացած այն ազգերի վրա,

որ միասին հարձակվեցին նրանց վրա։

Քանի որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց վրա,

բայց նրանք միասին հարձակվեցին չարիքի համար”։

16 Դրա համար այսպես է ասում Տերը.

“Կդառնամ դեպի Երուսաղեմը գթությամբ,

և իմ տունը վերստին կշինվի,-

ասում է Ամենակալ Տերը.

վերստին սահման կգծվի Երուսաղեմի համար”»։

17 Եվ հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, ասաց ինձ.

«Աղաղակի՛ր և ասա՛.

Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Քաղաքները դարձյալ կլցվեն բարիքներով.

և Տերը ողորմելու է Սիոնին և վերստին ընտրելու է Երուսաղեմը”»։