Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յոթերորդ տարին(Բ Օր. 15.1-11)1 Տերը Սինա լեռան վրա ասաց Մովսեսին. 2 «…
Յոթերորդ տարին
(Բ Օր. 15.1-11)
1 Տերը Սինա լեռան վրա ասաց Մովսեսին. 2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող հանգստանա այդ հողը, որ տալու եմ ձեզ իբրև Տիրոջ շաբաթ։ 3 Վեց տարի վարի՛ր քո արտը, վեց տարի էտի՛ր քո այգին և հավաքի՛ր դրանց բերքը։ 4 Յոթերորդ տարին շաբաթ՝ հանգիստ թող լինի այդ հողի համար՝ Տիրոջ շաբաթ։ Քո արտը չմշակես, քո այգին չէտես։ 5 Քո արտի ինքնիրեն աճածը չհնձես, Տիրոջը նվիրաբերվելիք խաղողը չքաղես, քանի որ այն հողի հանգստյան տարին է։ 6 Հանգստյան տարվա ինքնաբույս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մոտ բնակություն հաստատած օտարականի, 7 քո անասունի և վայրի կենդանիների համար։ Նրա տված ամբողջ բերքը թող կերակուր լինի նրանց համար”։
Հոբելյանական տարի
8 Հաշվի՛ր հանգստյան յոթ տարի՝ յոթ անգամ յոթ տարի, և կլինի քառասունինը տարի։ 9 Ապա, յոթերորդ ամսի տասներորդ օրը շեփորի ձայնով ազդարարե՛ք Քավության օրը ձեր ողջ երկրում, ձեր ամբողջ երկրում շեփորով ազդարարե՛ք։ 10 Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը, 11 որովհետև դա թողության ազդարարն է։
Հիսուներորդ տարին թող ձեզ համար հոբելյանական տարի լինի։ Մի՛ ցանեք և ոչ էլ հնձեք ինքնիրեն աճածը և մի՛ հավաքեք Տիրոջն ընծայվածը, 12 քանի որ թողության ազդարարն է. սուրբ թող լինի ձեզ համար։ Սնվե՛ք դաշտերի բարիքներից։ 13 Երբ թողության տարի հռչակվի, յուրաքանչյուր ոք թող վերադառնա իր կալվածքը։ 14 Եթե որևէ մեկն իր մերձավորին որևէ բան է վաճառում կամ իր մերձավորից որևէ բան է գնում, թող նրան չխաբի։ 15 Հռչակումից հետո եղած տարիների հաշվով պիտի գնես քո մերձավորից, և նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։ 16 Ինչքան շատ լինեն տարիները, այդքան թանկ պիտի լինի արժեքը, և ինչքան քիչ լինեն տարիները, այդքան էժան, որովհետև բերքի քանակով է նա վաճառելու այն։ 17 Եվ ոչ ոք իր մերձավորին չպետք է խաբի։ Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
18 Կատարե՛ք իմ բոլոր պատգամներն ու վճիռները, պահե՛ք ու կատարե՛ք դրանք և երկրի վրա կապրեք ապահով, 19 հողը կտա իր բերքը, դուք կուշտ կուտեք և երկրում կապրեք ապահով։ 20 Իսկ եթե ասեք. “Ի՛նչ պիտի ուտենք այդ յոթերորդ տարում, եթե չցանենք և մեր բերքը չհավաքենք”, 21 վեցերորդ տարում ես ձեզ կուղարկեմ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա բերք կտա։ 22 Ութերորդ տարում կցանեք, իսկ հին բերքը կուտեք մինչև իններորդ տարին. մինչև նոր բերքը հասնելը կուտեք հին բերքից։
Երկիրը՝ Աստծու սեփականություն
23 Հողը վերջնականապես չպետք է վաճառվի, քանզի հողն իմն է, իսկ դուք իմ առաջ պնդուխտ ու նժդեհ եք։ 24 Ձեր կալվածքը եղող ամբողջ հողի համար փրկագին պիտի տաք։ 25 Եթե մեկն աղքատանա և վաճառի իր կալվածքից, ապա իր մոտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով՝ փրկել իր մերձավորի կալվածքը։ 26 Իսկ եթե ազգական չունենա, բայց ինքը հետո հարստանա և ի վիճակի լինի իր կալվածքը հետ վերցնելու փրկագին տալ, 27 նա թող հաշվի և հանի վաճառքից հետո անցած տարիները և մնացածը վճարի նրան, ով գնել էր այն, և վերադարձնի իր կալվածքը։ 28 Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։
29 Եթե որևէ մեկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնվող մի բնակելի տուն, ապա փրկագին ունենա, նա կարող է այն հետ գնել մեկ տարվա ընթացքում։ 30 Իսկ եթե վաճառողը մեկ տարվա ընթացքում ի վիճակի չլինի այն հետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մեջ եղած տունը թող առհավետ պատկանի գնողին ու իր սերունդներին, և թողության տարում իսկ չվերադարձնի։ 31 Պարիսպ չունեցող ավաններում գտնվող տները թող ագարակների պես համարվեն։ Դրանք միշտ ենթակա են հետգնման, իսկ թողության տարում պետք է վերադարձվեն։ 32 Իսկ ղևտացիների քաղաքների տները, որոնք գտնվում են նրանց ժառանգական քաղաքներում, կարող են միշտ հետ գնվել ղևտացիների կողմից։ 33 Եթե որևէ մեկը ղևտացու տուն գնի, ապա թողության տարում նրանց ժառանգական քաղաքներում գտնվող տնից նա դուրս պետք է գա, որովհետև Իսրայելի որդիների մեջ ղևտացիների քաղաքներում գտնվող տները նրանց սեփականությունն են։ 34 Ղևտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնվում, վաճառքի ենթակա չեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։
Փոխատվություն աղքատներին
35 Եթե եղբայրդ աղքատանա և ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես, ինչպես եկվորին ու պանդուխտին։ Նա քեզ մոտ պիտի ապրի։ 36 Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես։ Վախեցի՛ր քո Աստծուց, ես եմ Տերը։ Քո եղբայրը թող քեզ մոտ ապրի։ 37 Նրան փողը տոկոսով չպիտի տաս և ավելին ստանալու ակնկալությա՛մբ չպիտի կերակրես նրան։ 38 Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեց ձեզ եգիպտացիների երկրից, որպեսզի ձեզ տա քանանացիների երկիրը և լինի ձեր Աստվածը։
Գերիների ազատագրում
39 Եթե քո եղբայրն աղքատանա և քեզ վաճառվի, ապա թող քեզ ստրուկի ծառայությամբ չծառայի։ 40 Վարձկանի կամ պանդուխտի նման թող լինի քեզ մոտ և թող աշխատի քեզ մոտ մինչև ազատագրման տարին։ 41 Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակվի և վերադառնա իր ցեղի մոտ և թող վերադառնա իր հայրենի կալվածքը։ 42 Որովհետև նրանք, որոնց ես հանեցի եգիպտացիների երկրից, իմ ծառաներն են. թող իբրև ստրուկ չվաճառվեն։ 43 Մի՛ տառապեցրու նրան չարչարանքով, երկնչի՛ր քո Տիրոջից՝ Աստծուց։ 44 Ստրուկներ կամ ստրկուհինե՛ր գնիր քո շուրջը եղող ազգերից։ 45 Կարող ես գնել նաև ձեր մեջ ապրող օտարականների զավակներից ու նրանց ազգականներից։ Ինչքան որ ձեր երկրում լինեն, կարող են դառնալ ձեր սեփականությունը։ 46 Նրանց կարող եք ժառանգություն թողնել ձեր որդիներին՝ իբրև մշտական ստրուկների, բայց ձեր եղբայրներին՝ Իսրայելի որդիներին, մի՛ տառապեցրեք չարչարանքով։ 47 Եթե քեզ մոտ հաստատված եկվորը կամ պանդուխտը հարստանա, և քո աղքատացած եղբայրը վաճառվի քեզ մոտ հաստատված այդ եկվորին կամ պանդուխտին կամ վերջիններիս ընտանիքներում ծնվածին, 48 վաճառվելուց հետո նա կարող է փրկագնով ազատվել. նրա եղբայրներից մեկնումեկը փրկագնով կարող է ազատել նրան։ 49 Նրան փրկագնով կարող է ազատել նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ցեղի արյունակից ազգականներից մեկը։ Իսկ եթե ինքը հարստանա, ինքը կարող է փրկագնով ազատել իրեն։ 50 Թող իրեն գնողի հետ հաշվեն իր փրկագնի չափը՝ նկատի ունենալով վարձու աշխատողի վարձի չափը և նրա մոտ աշխատած տարիների քանակը՝ սկսած իր վաճառվելու տարվանից մինչև ազատագրման տարին։ 51 Ինչքան շատ տարիներ լինեն մինչև ազատագրման տարին, այնքան համապատասխան արծաթ փրկագին պիտի հատուցվի, 52 իսկ եթե մինչև ազատագրման տարին քիչ տարիներ են մնացել, թող հաշվի և ըստ մնացած տարիների տա իր փրկագինը։ 53 Իբրև տարեկան վարձկանի՛ վարվիր նրա հետ։ Քո առջև մի՛ տառապեցրու նրան չարչարանքով։ 54 Իսկ եթե այս ձևերից որևէ մեկով չփրկագնվի, ապա ազատագրման տարում թող ազատ արձակվեն ինքն ու իր զավակները նրա հետ, 55 որովհետև Իսրայելի որդիները, որոնց հանեցի եգիպտացիների երկրից, իմ ստրուկներն ու ծառաներն են. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։