Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Լավ է անզավակ լինել առաքինությամբ, որովհետև առաքինի մարդու հիշատակն…

1 Լավ է անզավակ լինել առաքինությամբ, որովհետև առաքինի մարդու հիշատակն անմահություն է, որ ճանաչվում է թե՛ Աստծու և թե՛ մարդկանց կողմից։ 2 Առաքինությանը հպվելիս մարդիկ նմանվում են նրան, հեռանալուց հետո՝ անձկագին փափագում։ Հավիտենության մեջ նրանք պսակավորված պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը՝ անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար։ 3 Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, քանզի փտած շիվերը խոր արմատներ չեն տա, և խախուտ հիմքը հաստատուն չի լինի։ 4 Ու թեև միառժամանակ ճյուղերը կարող են բողբոջել, բայց լինելով անկայուն հաստատված՝ պիտի տարուբերվեն հողմից և հողմի ուժով էլ արմատախիլ պիտի լինեն։ 5 Արմատի շուրջն աճած թույլ շիվերը պիտի կոտրատվեն, ուտելու համար ժամանակին չպիտի հասունանա նրանց պտուղը, և ոչ մի բանի պիտանի չպիտի լինեն։ 6 Ապօրինի անկողնուց ծնված որդիները դատաքննության ժամանակ իրենց ծնողների անբարոյականության վկաներն են լինելու։
7 Իսկ արդարը, երբ հասնի իր վախճանին, հանգիստ կգտնի։ 8 Պատվաբեր ծերությունը ո՛չ երկարակեցությամբ է չափվում և ո՛չ էլ ապրած տարիների թվով։ 9 Մարդու համար իմաստությո՛ւնն է նրա ալեհերությունը, և անարատ կյանքն է նրա ծերության հասակը։ 10 Այդպիսի մարդը հաճելի եղավ Աստծուն, Աստված սիրեց նրան, և նրան իր կենդանության ժամանակ մեղավորների միջից փոխադրեց երկինք։ 11 Նա հափշտակվեց, որպեսզի չարությունը չայլափոխի նրա իմաստությունը, կամ նենգությունը չխաբի նրա հոգին։ 12 Անզգամության չար նախանձը շեղում է բարուց, և ցանկասիրության կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։ 13 Կատարյալը շատ շուտ լրացրեց երկար ժամանակը։ 14 Եվ որովհետև նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մեջ, իսկ մարդիկ տեսան դա և չհասկացան, ոչ էլ նույնիսկ մտածեցին այս մասին, 15 թե Աստծու շնորհն ու ողորմությունն իր սրբերի վրա են, և նրա այցելությունն անպակաս է իր ընտրյալների վրայից։ 16 Հանգուցյալ արդարը դատապարտում է կենդանի ամբարիշտներին, և վաղ հասունության հասած երիտասարդությունը դատապարտում է բազմամյա անիրավ ծերությունը։ 17 Իմաստունի վախճանը տեսնում և չեն հասկանում, թե ի՛նչ է խորհել Տերը նրա մասին և ինչի՛ց է զգուշացրել նրան։ 18 Մարդիկ կտեսնեն և կարհամարեն նրան, մինչդեռ Տերը պիտի ծիծաղի նրանց վրա։ 19 Եվ դրանից հետո նրանք պիտի լինեն անարգ կործանման և ամոթանքի մեջ՝ հավիտենական մեռելների հետ, որովհետև Տերը պիտի դեն շպրտի նրանց անշնչացած մարմինները, հիմքերից պիտի շարժի նրանց, մինչև որ նրանք իսպառ խոպան դառնան, տանջվեն ցավերի մեջ, և պիտի կորչի նրանց հիշատակը։ 20 Իրենց կուտակած մեղքերից տագնապելով՝ նրանց գործած անիրավությունները պիտի կշտամբեն նրանց դեմ հանդիման։