Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աղոթք գթության1 Ինչպես մոմը՝ կրակի դիմաց,կրակը կայրի քո հակառակորդներ…
Աղոթք գթության
1 Ինչպես մոմը՝ կրակի դիմաց,
կրակը կայրի քո հակառակորդներին,
և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ.
քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։
2 Երբ հրաշալի գործեր կատարես,
քո ահից լեռները կսասանվեն։
3 Հնուց ի վեր չլսեցինք,
և ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մեկ այլ Աստված,
որ քո ողորմության վրա հույս դնողների համար այսպիսի բաներ աներ,
4 ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում
և հիշում քո ճանապարհները։
Եվ ահա դու բարկացար,
որովհետև մենք մեղք գործեցինք
և դրա համար էլ մոլորվեցինք։
5 Մենք ամենքս պիղծ դարձանք,
և մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց,
մեր անօրենությունների պատճառով
մենք ամենքս տերևի նման ցած թափվեցինք.
հողմերը քշեցին մեզ։
6 Ոչ մեկը չի կանչում քո անունը,
ոչ ոք չի մտածում քեզ ապաստանել.
ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր
և մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։
7 Տե՜ր, մեր Հայրն ես դու.
մենք կավ ենք, իսկ դու՝ մեր ստեղծիչը,
մենք ամենքս քո ձեռքի գործն ենք։
8 Տե՜ր, սաստիկ մի՛ բարկացիր մեզ վրա
և մեր մեղքերը հավիտյան մի՛ հիշիր։
Եվ հիմա նայի՛ր, Տե՛ր,
մենք ամենքս քո ժողովուրդն ենք։
9 Քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ,
Երուսաղեմն անապատ դարձավ ու անեծքի մատնվեց։
10 Մեր սուրբ տաճարն ու փառքը,
որտեղ մեր հայրերն օրհներգում էին,
հրո ճարակ դարձավ,
և մեր ողջ փառավորությունը կործանվեց։
11 Եվ այս ամենը դու հանդուրժում ես, Տե՛ր,
լռություն ես պահում ու սաստիկ նվաստացնում մեզ։