Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եզեկիայի հիվանդությունը և ապաքինումը1 Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվ…
Եզեկիայի հիվանդությունը և ապաքինումը
1 Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ. Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու”»։
2 Եզեկիան երեսը շրջեց դեպի պատը, աղոթք արեց 3 ու ասաց. «Ո՛վ Տեր, հիշի՛ր ինձ, Տե՜ր, քանզի քո առաջ արդարությամբ ու ճշմարիտ սրտով ընթացա և քո առջև հաճելի գործերը կատարեցի»։ Ապա դառնապես լաց եղավ Եզեկիան։
4 Տերը, խոսքն ուղղելով Եսայուն, ասաց. 5 «Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքի ձայնը և տեսա քո արցունքները. ահավասիկ քո կյանքի ժամանակի վրա ավելացնում եմ տասնհինգ տարի. 6 Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու այդ քաղաքը, պիտի պահապան լինեմ այդ քաղաքին”։ 7 Եվ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, որ Աստված կատարելու է այն խոսքը, որ ասաց. 8 “Ահավասիկ ես հետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստվերը. քո տան տասը աստիճաններով ներքև իջած շողքը ես տասը աստիճանով հետ եմ շրջելու”»։ Եվ շողքը բարձրացավ տասը աստիճան, հասավ այնտեղ, ուր ստվերն էր իջել։
9 Հուդայի երկրի արքա Եզեկիայի աղոթքն այն ժամանակ, երբ նա հիվանդացավ և ապաքինվեց հիվանդությունից։
10 «Ես ասացի, որ երբ իմ օրերն սպառվեն,
մնացած տարիներս թողած՝ ընկնելու եմ գերեզմանի դռները։
11 Ասացի, որ երկրի վրա այլևս չեմ տեսնի Աստծու փրկությունը,
ոչ էլ՝ այնտեղ բնակվողներից որևէ մեկին։
12 Զրկվեցի իմ ազգատոհմից,
թողեցի իմ մնացած կյանքը,
որը ելավ ու հեռացավ ինձնից,
ինչպես նա, որ քանդում է կանգուն տաղավարը։
Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատվի,
ինչպես ջուլհակի ոստայնը, որ մոտ է կտրվելու։
13 Այն օրը ես հանձնվեցի մինչև առավոտ.
ասես առյուծը ջարդել էր իմ բոլոր ոսկորները.
ցերեկից գիշեր հանձնված մնացի։
14 Ճչում էի ծիծեռնակի պես
և աղավնու նման մնչում,
որովհետև աչքերս տկարացան նայելուց դեպի երկնքի բարձունքը՝
դեպի Տերը, որը փրկեց ինձ,
փարատեց իմ հոգու ցավերը,
15 և ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնություն իմ անձի։
16 Այդ մասին քեզ պատմվեց, Տե՛ր,
և դու արթնացրիր իմ հոգին,
ես մխիթարվեցի և ապրեցի։
17 Ահավասիկ խաղաղության փոխվեց իմ դառնությունը.
դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանվեմ,
ինձնից հետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։
18 Դժոխքում գտնվողները քեզ չեն փառաբանելու,
մեռածները չեն օրհնելու քեզ,
և ոչ էլ քո ողորմությանն են հուսալու
գերեզման իջածները։
19 Այլ ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպես ես այժմ։
Այսուհետև մանուկներ պիտի ծնեմ,
որ պատմեն քո արդարության մասին,
20 ո՛վ փրկիչ իմ Տեր։
Եվ իմ կյանքի բոլոր օրերին
քո աստվածային տաճարի առաջ
չեմ դադարելու սաղմոսարանով օրհներգելու քեզ»։
21 Ապա Եսային Եզեկիային ասաց.
«Թզի չի՛ր վերցրու, մանրի՛ր և դի՛ր վերքիդ վրա, և կառողջանաս»։
22 Իսկ նա պատասխանեց. «Դա նշան է, որ Աստծու տաճարը պիտի մտնեմ»։