Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Նեեմիայի աղոթքը և օգնության խնդրանքն Աստծուց1 Արտաշես արքայի քսաներոր…

Նեեմիայի աղոթքը և օգնության խնդրանքն Աստծուց

1 Արտաշես արքայի քսաներորդ տարվա Քաղսև ամսին ես մայրաքաղաք Շոշում էի։ 2 Ինձ մոտ եկան իմ եղբայրներից, նաև Հուդայի մարդիկ, և նրանց հարցրի փրկվածների մասին, որոնք ազատվել և վերադարձել էին գերությունից, ինչպես նաև Երուսաղեմի մասին։ 3 Եվ ինձ ասացին. «Գերությունից փրկվածներն այնտեղ՝ իրենց երկրում, մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, նրա դարպասներն՝ հրկիզված»։

4 Երբ այս ամենը լսեցի, նստեցի և լաց եղա, մի քանի օր սուգ արեցի ու պահք պահեցի, աղոթքի կանգնեցի Տիրոջ՝ երկնքի Աստծու առջև 5 և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները, 6 թող քո ականջները լսեն, և քո աչքերը տեսնեն։ Լսի՛ր և տե՛ս քո ծառայի աղոթքը, որ ես այսօր մատուցում եմ քո առաջ Իսրայելի որդիների՝ քո ծառաների համար, որոնք նեղության մատնվեցին մեր գործած մեղքերի պատճառով. մեղանչեցինք ես և իմ հոր տունը։ 7 Քանի որ շատ ծանր կերպով հանցանքների մեջ ընկանք և չպահեցինք քո օրենքը, հրամաններն ու պատվիրանները, որ պատվիրեցիր մեզ քո ծառա Մովսեսի միջոցով։ 8 Հիշի՛ր, Տե՛ր, այն խոսքը, որ պատվիրեցիր քո ծառա Մովսեսին՝ ասելով. “Եթե դուք չպահեք իմ օրենքը, ես ձեզ կցրեմ հեթանոսների մեջ, 9 իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։ 10 Եվ արդ, սրանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որոնց փրկեցիր քո մեծ զորությամբ և բարձր բազկով։ 11 Մի՛ լքիր, այլ քո ականջները թող լսեն քո ծառաների աղոթքները և անսան նրանց խնդրանքներին, որոնք երկնչում են քո անունից. իրագործի՛ր այսօր քո ծառայի խնդրանքը, արա՛ այնպես, որ ես գթություն գտնեմ այս մարդու առաջ»։

Այդ ժամանակ ես թագավորի մատռվակն էի։