Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Խնկարկության սեղանը(Ելք 37.25-28)1 «Խնկարկության սեղան կպատրաստես չփտ…

Խնկարկության սեղանը

(Ելք 37.25-28)

1 «Խնկարկության սեղան կպատրաստես չփտող փայտից։ 2 Այն կշինես քառակուսի՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և երկու կանգուն բարձրությամբ, եղջյուրները նույն կտոր փայտից։ 3 Մաքուր ոսկով կպատես այն, ինչպես նաև դրա կասկարան, չորս կողմերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը ոսկե պսակ կդնես։ 4 Երկու կողմերից մաքուր ոսկուց երկուական օղակներ կպատրաստես պսակից ներքև։ Դրանք կամրացնես նրա երկու անկյուններին, որպեսզի լծակները օղակների մեջ անցկացնելով՝ այն բարձրացվի։ 5 Լծակները կպատրաստես չփտող փայտից ու դրանք կպատես ոսկով։ 6 Այն կդնես պատվիրանները պարունակող տապանակի առջև գտնվող վարագույրի առաջ, որով ես երևալու եմ քեզ այնտեղ։ 7 Ահարոնն ամեն առավոտ դրա վրա մանրացրած, բաղադրյալ խունկ թող դնի, և երբ կանթեղներն է պատրաստում, թող դրա վրա ծխի։ 8 Երբ Ահարոնը երեկոյան վառի կանթեղները, Տիրոջ առաջ՝ խնկարկության սեղանի վրա, միշտ խունկ թող ծխի։ Դա նրանց սերունդների մեջ խնկարկության մշտնջենական կարգ թող լինի։ 9 Խնկարկության սեղանի վրա օտար խունկ մի՛ ծխեք, ողջակեզներ, զոհեր ու գինի մի՛ մատուցեք։ 10 Ահարոնը տարին մեկ անգամ խնկարկության սեղանի եղջյուրների վրա մեղքերի թողության և քավության ծես պետք է անի մեղքերի քավության համար զոհվող կենդանու արյամբ։ Նրա սերունդները տարին մեկ անգամ թող սրբագործեն այն, որովհետև դա Տիրոջ սրբությունների սրբությունն է»։

Սրբարանի տուրքը

11 Տերն ասաց Մովսեսին. 12 «Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։ 13 Մարդահամարի ենթարկվողները պետք է փրկագին վճարեն երկդրամյանի կեսի չափով՝ ըստ սրբարանի սակագնի։ Երկդրամյանը քսան դանգի է հավասար։ Երկդրամյանի կեսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։ 14 Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կանցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պետք է վճարեն։ 15 Իսրայելի որդիներից մեծահարուստը թող չավելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի Տիրոջը որպես տուրք հասանելիք կես երկդրամյանը, որպեսզի դա ձեզ համար քավություն լինի։ 16 Իսրայելի որդիներից կվերցնես Տիրոջ հասանելիք արծաթը և այն կհատկացնես Վկայության խորանի սպասավորությանը։ Դա Տիրոջ առաջ հիշատակ կլինի Իսրայելի որդիների համար՝ որպես քավություն նրանց»։

Պղնձե ավազանը

(Ելք 38.8)

17 Տերն ասաց Մովսեսին. 18 «Պղնձե ավազա՛ն պատրաստիր պղնձե պատվանդանով, որպեսզի լվացվեք նրա մեջ։ Այն դի՛ր Վկայության խորանի ու զոհասեղանի միջև։ Դրա մեջ ջուր կլցնես։ 19 Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ կլվանան իրենց ձեռքերն ու ոտքերը։ 20 Երբ մտնեն Վկայության խորանը, ջրով թող լվացվեն, և չեն մեռնի։ Կամ երբ մերձենան զոհասեղանին՝ ծառայելու և Տիրոջը ողջակեզները մատուցելու, 21 թող լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպեսզի չմեռնեն։ Դա նրանց համար թող հավիտենական օրենք լինի, նրա և նրա հետնորդների համար»։

Օծության յուղը

(Ելք 37.29ա)

22 Տերն ասաց Մովսեսին. 23 «Վերցրո՛ւ անուշահոտ խունկեր. զմռնենու հինգ հարյուր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կեսի չափ՝ երկու հարյուր հիսուն սիկղ, անուշաբույր կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ, 24 սրբարանի հինգ հարյուր սիկղ հիրիկ և մեկ հիմեն ձիթապտղի ձեթ։ 25 Կպատրաստես սուրբ օծության յուղ, եփված յուղ ըստ անուշահոտություն պատրաստող վարպետների արվեստի։ Այն սուրբ օծության յուղը թող լինի։ 26 Դրանով կօծես Վկայության խորանը, Ուխտի տապանակը, 27 զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, 28 ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։ 29 Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն։ Ամեն ոք, որ դիպչի դրանց, կմաքրվի։

30 Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբես նրանց, որպեսզի ինձ համար քահանայագործեն։ 31 Կասես Իսրայելի որդիներին. “Օծության այս յուղը թող սուրբ լինի ձեզ և ձեր սերունդների համար։ 32 Այն մարդու մարմինը օծելու համար թող չօգտագործվի։ Ձեզ համար նույն բաղադրությամբ նման բան չպատրաստեք, որովհետև դա սրբություն է և ձեզ համար սրբություն էլ թող մնա։ 33 Ով այդպիսի բան պատրաստի և ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից”»։

Խունկը

(Ելք 37.29բ)

34 Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ անուշաբույր նյութեր. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ։ Դրանք թող քաշով իրար հավասար լինեն։ 35 Եվ դրանցով յուղագործի արվեստով բաղադրյալ խունկ կպատրաստես, մաքուր, սուրբ գործ։ 36 Դրանք կմանրացնես և կդնես Վկայությունների դիմաց՝ Վկայության խորանի մեջ, որտեղից պիտի երևամ քեզ։ Այդ խունկը սրբություն թող լինի ձեզ համար։ 37 Ձեզ համար նույն բաղադրությամբ խունկ մի՛ պատրաստեք, որովհետև դա Տիրոջը պատկանող սրբություն է։ 38 Այն մարդը, որ նույն այս բաղադրությամբ խունկ կպատրաստի հոտոտելու համար, կվերանա իր ժողովրդի միջից»։