Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Լավ է համով մի պատառը խաղաղությամբ, քան պիղծ միսը ու բարիքով լի տու…

1 Լավ է համով մի պատառը խաղաղությամբ, քան պիղծ միսը ու բարիքով լի տունը՝ թշնամությամբ։

2 Իմաստուն ծառան պիտի տիրի անմիտ տերերի վրա և ժառանգությունը բաժանի եղբայրների միջև։

3 Ինչպես արծաթը և ոսկին են փորձվում քուրայի մեջ, այնպես էլ Աստված է սրտերն ընտրում։

4 Չարագործը հնազանդվում է անօրենի լեզվին, իսկ արդարը չի նայում ստախոս շուրթերին։ Հավատացյալների համար ողջ աշխարհը լի է ինչքով, իսկ անհավատը մեկն իսկ չունի։

5 Ով ծաղրում է աղքատին, նա բարկացնում է նրա Արարչին, ով հարվածում է ընկածին, անպատիժ չի մնա, իսկ ով գթում է, ողորմություն պիտի գտնի։

6 Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։

7 Անմիտներին վայել չեն հավատարիմ շուրթերը, և ոչ էլ արդարներին՝ ստախոս շուրթերը։

8 Խրատը պահողի համար շնորհի վարձ է, քանզի ուր էլ դառնա, հաջողություն պիտի գտնի։

9 Ով բարեկամություն է փնտրում, սխալներն անտեսում է, իսկ երբ դրանք քննում է, բարեկամությունը վնասվում է։

10 Սպառնալիքները փշրում են իմաստունների սրտերը, իսկ անմիտը, թեպետ բազում հարվածներ ստանա, չի զգում։

11 Չարակամը հակառակություն է առաջ բերում, իսկ Տերն անողորմ հրեշտակ է արձակում նրա վրա։

12 Հոգսն իմաստունի սիրտն է ընկնում, իսկ անմիտները խորհում են չարիքի մասին։

13 Ով բարու փոխարեն չարն է հատուցում, չարը նրա տնից չի պակասի։

14 Խոսքի իշխանությունն արդարության սկիզբն է, իսկ հակառակությունն ու կռիվը առաջնորդում են չքավորության։

15 Ովքեր անիրավին համարում են արդար և արդարին՝ անիրավ, պիղծ ու գարշելի են Տիրոջ առջև։

16 Ինչպե՞ս է անմիտն ունեցվածք գտնում, քանի որ հասու չէ, թե ի՛նչ է իմաստությունը։

16ա Մեղսասերը խնդում է գժտություններով,

Ով խուսափում է ուսումից, չարիքի մեջ պիտի ընկնի։

17 Ամեն ժամ բարեկամներ կարող ես ունենալ, բայց վշտիդ մեջ եղբայրներդ պետքական կլինեն քեզ, քանզի դրա համար էլ ծնվել են նրանք։

18 Անմիտ մարդը ծափ է տալիս և ցնծում,

երբ բարեկամներին երաշխավոր է լինում, և մեղավորը խնդում է կռվի ժամանակ։

19 Մեղսասերը խնդում է գժտություններով,

20 Խստասիրտը բարիքի չի հանդիպի։ Հեղհեղուկ լեզվով մարդը չարիքի մեջ պիտի ընկնի։

21 Անմիտի սիրտը ցավ է իր մարմնի անդամներին։ Անխրատ որդու համար հայրը չի կարող ուրախ լինել, իսկ իմաստուն որդին ուրախացնում է իր մորը։

22 Ուրախ սիրտը լավ դեղ է. հոգսաշատ մարդու ոսկորները ցամաքում են։

23 Կաշառքի համար գրկաբացը հաջողություն չի գտնի իր ճանապարհին, ամբարիշտը խոտորվում է արդարության ճանապարհներից։

24 Խոհուն մարդու դեմքն իմաստուն է, անմիտ մարդու աչքերն աշխարհի ծայրերին են։

25 Անմիտ որդին հոր բարկությունն է և ցավ է իր ծնողների համար։

26 Արդար մարդու տուժելը բարի չէ, ոչ էլ իշխանի նենգելը իրավունքի մեջ՝ արդարի հանդեպ։

27 Խիստ խոսքը զսպողն իմաստուն է, համբերատար մարդը՝ խոհուն։

28 Անմիտին հարցրին, թե ի՛նչ է իմաստությունը, և ճանաչո՞ւմ է այն. պապանձվեց նա, և կարծեցին, թե իմաստուն է։