Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայելի վերջնական վճիռը1 Ըստ Եփրեմի խոսքերի, նա Իսրայելի Աստծու օրեն…
Իսրայելի վերջնական վճիռը
1 Ըստ Եփրեմի խոսքերի, նա Իսրայելի Աստծու օրենքներն առավ,
դրանք դրեց Բահաղի մեջ ու մեռավ։
2 Արդ, դարձյալ աճեցին մեղանչելու մեջ
և իրենց համար կուռքերի պատկերի նմանությամբ
ձուլածոներ ստեղծեցին իրենց արծաթից՝
նրանց ճարտարների գործ նվիրելով։
Նրանք ասում են. «Զոհաբերե՛ք մարդկանց,
քանի որ հորթերը պակասեցին»։
3 Դրա համար կլինեն առավոտյան ամպի պես
և վաղորդյան ցողի պես, որ անցնում է,
կալից քշված փոշու պես,
և ծխնելույզներից ելնող ծխի պես։
4 «Ես եմ Տերը՝ քո Աստվածը,
որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը,
որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները,
բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար.
ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից.
ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես,
և ինձնից բացի, փրկիչ չկա։
5 Ես էի քեզ հովվում անապատում՝ անշեն երկրում։
6 Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան,
հպարտացան իրենց սրտերով,
դրա համար մոռացան ինձ։
7 Ես նրանց համար կլինեմ հովազի պես
և ընձառյուծի պես՝ ասորեստանցիների ճանապարհին։
8 Կհանդիպեմ նրանց քաղցած արջի պես
և կպատառոտեմ նրանց սրտերի առագաստը.
անտառի կորյունները կուտեն նրանց,
և վայրի գազանները կհոշոտեն նրանց։
9 Քո կործանման ժամանակ, Իսրայե՛լ,
ո՞վ պիտի օգնի քեզ։
10 Ո՞ւր է քո թագավորը. նա՛ կփրկի քեզ,
քո բոլոր քաղաքներում կդատի քեզ,
որի մասին ասացիր.
«Տո՛ւր ինձ թագավոր և իշխան»։
11 Քեզ թագավոր տվեցի իմ բարկությամբ
և ընդհատեցի իմ ցասումով։
12 Եփրեմն անիրավությունների կապոց է,
և նրա մեղքերը ծածկված են։
13 Ծննդկանի երկունքի պես ցավեր կհասնեն նրան.
դա է քո իմաստուն որդին.
դրա համար այժմ չի կարողանա դիմանալ որդիների կործանմանը։
14 Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։
Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը,
ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։
Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.
15 քանի որ նա եղբայրների մեջ կզատորոշի,
Տերը նրա վրա անապատից խորշակի հողմ կբերի,
կցամաքեցնի նրա առվակները
և կավերի նրա աղբյուրները։
Դա կչորացնի նրա երկիրը և նրա ցանկալի բոլոր անոթները»։