Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իմաստության դերը պատմության մեջ. Ադամից մինչև Մովսես1 Իմաստությունը հ…
Իմաստության դերը պատմության մեջ. Ադամից մինչև Մովսես
1 Իմաստությունը հաստատուն պահեց առաջին մարդուն՝ ողջ աշխարհի նախահորը։ Նա փրկեց նրան իր հանցանքներից 2 և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։ 3 Իսկ անիրավը բարկությամբ հեռացավ դրանից և կործանվեց իր եղբայրասպան զայրույթի մեջ։ 4 Դրա համար էլ իմաստությունը երկրորդ անգամ փրկեց հեղեղված երկիրը չնչին այն փայտի շնորհիվ, որի նավապետն էր արդարը։ 5 Իմաստությունն էր նույնպես, որ միաբանությամբ չարության մեջ խռնված ազգերի միջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծու առջև և հարազատ որդու նկատմամբ տածած գթությամբ պահպանեց հզորին։ 6 Ամբարիշտների կորստի ժամանակ իմաստությունը փրկեց արդարին՝ փախցնելով նրան Պենտապոլիի վրա իջնող հրից։ 7 Այնտեղ որպես չարիքի վկա՝ հողերը ծխալով դեռևս մնում են խոպան, պտղատու տունկերը ժամանակին պտուղ չեն տալիս, և որպես անհավատ հոգու հիշատակ՝ կանգուն է աղի արձանը։ 8 Զանց անելով իմաստությունը՝ նրանք ոչ միայն վնաս կրեցին բարին չճանաչելու համար, այլև աշխարհում անմտության հիշատակ թողեցին, որպեսզի իրենց հանցանքները ծածկված չմնան։ 9 Իսկ իմաստությունն իրեն աղաչողներին փրկեց վշտերից։ 10 Նա եղբոր բարկությունից փախածին առաջնորդեց դեպի ուղիղ շավիղներ, նրան ցույց տվեց Աստծու արքայությունը և սրբությունները ճանաչելու գիտությունը տվեց նրան։ Հաջողություն և շահ տվեց նրան իր տքնությունների մեջ և բազմացրեց նրա վաստակը։ 11 Բռնացողների ագահությունից պաշտպանեց և մեծացրեց նրան 12 ու պահպանեց թշնամիներից։ Նրան զգուշացրեց դարանակալներից և հաղթող դարձրեց բուռն պատերազմում, որպեսզի գիտենա, որ աստվածպաշտությունը զորավոր է ամեն բանից։ 13 Իմաստությունը չլքեց վաճառված արդարին, այլ մեղքերից փրկեց նրան, 14 նրա հետ իջավ փոսը և կապանքների մեջ նույնիսկ չթողեց նրան, մինչև իսկ նրա ձեռքը թագավորական գավազան դրեց և իշխանություն տվեց իրեն նեղողների վրա։ Ցույց տվեց, որ ստախոսներ էին նրան բամբասողները, և հավիտենական փառք տվեց նրան։
Ելք
15 Իմաստությունը սուրբ ժողովրդին և անարատ սերնդին փրկեց նեղիչ ազգի ձեռքից։ 16 Մտավ Տիրոջ ծառայի հոգու մեջ և հրաշագործություններով ու սքանչելիքներով դիմագրավեց ահազդու թագավորներին. 17 սրբերին հատուցեց իրենց վաստակի վարձը, նրանց առաջնորդեց սքանչելի ճանապարհով, ցերեկը նրանց հովանի եղավ, իսկ գիշերը՝ աստղալույս։ 18 Նրանց անցկացրեց Կարմիր ծովով և տարավ նրանց առատ ջրերի միջով։ 19 Ընկղմեց նրանց թշնամիներին, իսկ նրանց վեր հանեց անդունդի խորքերից։ 20 Դրա համար էլ արդարները կողոպտեցին ամբարիշտներին և օրհնեցին, Տե՛ր, քո սուրբ անունը, քո ձեռքը, որ մարտնչում էր իրենց համար, օրհնեցին միահամուռ։ 21 Քանզի իմաստությունը բացեց համրերի բերանը և հստակախոս դարձրեց մանուկների լեզուն։