Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տասը կույսերի առակը1 «Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը…
Տասը կույսերի առակը
1 «Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։ 2 Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ 3 Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ 4 Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ 5 Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին և քուն մտան։ 6 Կեսգիշերին մի ձայն լսվեց. “Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ”։ 7 Այդ ժամանակ բոլոր կույսերն արթնացան և իրենց լապտերները կարգի բերեցին։ 8 Հիմարներն իմաստուններին ասացին. “Մեզ ձեր յուղի՛ց տվեք, որովհետև մեր լապտերներն ահա հանգչում են”։ 9 Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. “Այնպես չլինի, որ թե՛ մեզ և թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ և գնե՛ք ձեզ համար”։ 10 Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։ 11 Ավելի ուշ եկան նաև մյուս կույսերը և ասացին. “Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա մեզ համար”։ 12 Նա պատասխան տվեց և ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ”։ 13 Արթո՛ւն մնացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը, ո՛չ էլ ժամը»։
Երեք ծառաների առակը
(Ղուկ. 19.11-27)
14 «Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց։ 15 Մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մեկին էլ՝ մեկ քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և ճանապարհ ընկավ։ 16 Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։ 17 Նույնպես և նա, որ երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ 18 Իսկ նա, որ մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթ դրամը թաքցրեց։ 19 Բավական ժամանակ անց վերադարձավ ծառաների տերը և նրանցից հաշիվ պահանջեց։ 20 Մոտեցավ նա, որ հինգ քանքար էր ստացել, հինգ քանքար ևս ներկայացրեց և ասաց. “Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. արդ, ահա հինգ քանքար ևս շահեցի”։ 21 Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։ 22 Մոտեցավ և նա, որ երկու քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, ինձ երկու քանքար տվիր, ահա երկու քանքար ևս, որ դրանց վրա շահեցի”։ 23 Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։ 24 Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ 25 Վախեցա, գնացի և քո այս քանքարը հողի մեջ թաքցրի։ Արդ, ահա քոնը՝ քեզ”։ 26 Տերը դիմեց նրան և ասաց. “Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ 27 Ուստի դու պետք է իմ արծաթ դրամը գոնե դրամափոխների մոտ դնեիր, որ վերադառնալիս տոկոսով պահանջեի այն, ինչ իմն էր։ 28 Արդ, սրանից վերցրե՛ք այդ քանքարը և տվե՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29 որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ 30 Իսկ այս անպիտան ծառային հանե՛ք արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց”»։
Վերջին դատաստանը
31 «Արդ, երբ Մարդու Որդին գա իր փառքով, և բոլոր հրեշտակները՝ նրա հետ, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ 32 Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։ 33 Ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին՝ իր ձախ կողմում։ 34 Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը, 35 որովհետև քաղցեցի, և ինձ կերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր տվեցիք, օտարական էի, և ինձ հյուրընկալեցիք, 36 մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ խնամեցիք, բանտում էի, և ինձ այցելեցիք”։ 37 Այդ ժամանակ արդարները կդիմեն նրան և կասեն. “Տե՛ր, քեզ ե՞րբ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք, 38 քեզ ե՞րբ օտարական տեսանք և հյուրընկալեցինք, կամ մերկ և հագցրինք, 39 քեզ ե՞րբ հիվանդ կամ բանտում տեսանք և այցելեցինք”։ 40 Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
41 Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար, 42 որովհետև քաղցեցի, և ինձ չկերակրեցիք, ծարավեցի, և ինձ խմելու ջուր չտվեցիք, 43 օտարական էի, և ինձ չհյուրընկալեցիք, մերկ էի, և ինձ չհագցրիք, հիվանդ էի ու բանտում, և ինձ չայցելեցիք”։ 44 Այդ ժամանակ նրանք կպատասխանեն և կասեն. “Տե՛ր, քեզ ե՞րբ տեսանք քաղցած կամ ծարավ, կամ օտարական, կամ մերկ, կամ հիվանդ, կամ բանտում և չծառայեցինք քեզ”։ 45 Այն ժամանակ կպատասխանի նրանց և կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ այս փոքրիկներից որևէ մեկին չարեցիք, ինձ համար չարեցիք”։
46 Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։