Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Իսրայելի գերությունից և Երուսաղեմի ավերածությունից հետո էր, երբ Երեմի…

Իսրայելի գերությունից և Երուսաղեմի ավերածությունից հետո էր, երբ Երեմիան նստել լաց էր լինում և այս ողբն ասում Երուսաղեմի վրա։

Երուսաղեմը՝ լքված որբևայրի

Ալեֆ

1 Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝

քաղաքը բազմամարդ,

տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ.

երկրի իշխանը հարկատու դարձավ։

Բեթ

2 Նա գիշերը դառնորեն լաց եղավ.

արցունքներ կան նրա ծնոտներին։

Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը,

որ մխիթարիչ լիներ նրան.

նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։

Գիմել

3 Հուդան մատնվեց գերության,

բազում տառապանքների,

նեղության, ստրկության ու ծառայության.

նա նստեց հեթանոսների մեջ և հանգիստ չգտավ.

թշնամական պաշարման մեջ՝ բոլոր հալածիչները նրա վրա հասան։

Դալեթ

4 Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին,

որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։

Նրա դարպասներն ամայացան,

նրա քահանաները հեծում,

հառաչում ու հոգոց են հանում։

Նրա կույսերը գերեվարվեցին,

իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։

Հեյ

5 Նրան նեղողները կանգնեցին նրա գլխին,

նրա թշնամիներն ուրախության մեջ են,

քանի որ Տերը խոնարհեցրեց նրան նրա բազմաթիվ ամբարշտությունների համար.

նրա մանուկները, նեղողների առաջն ընկած, գերի քշվեցին։

Վավ

6 Սիոնի դուստրերի ամբողջ վայելչությունը վերացավ.

նրանց իշխանները նմանվեցին այն խոյերին,

որոնք կեր չեն գտնում.

նրանք իրենց այնքան ցանկալի իրերը տվեցին կերակուրների համար,

որպեսզի հագեցնեն իրենց մարմինները։

Գնում էին նրանք մտամոլոր,

նեղողների առաջն ընկած,

հալածիչներից քշված։

Զայն

7 Երուսաղեմը հիշեց իր տառապանքի օրը և օրն իր բաժանումի,

թախծեց այն բոլոր փափագելի բաների համար,

որոնց արժանացել էր սկզբում։

Երբ ժողովուրդը թշնամիների ձեռքն ընկավ,

ոչ ոք չկար, որ օգներ նրան,

տեսան դա նրա ատելիները,

քամահրեցին ու ծաղրեցին նրա գերությունը։

Խեթ

8 Մեղք գործեց Երուսաղեմը,

դրա համար էլ նրան մեծարողները խայտառակեցին նրան,

քանզի տեսան նրա անարգանքը,

և նա ինքն էլ հետ դառնալով հոգոց էր հանում։

Տեթ

9 Նրա պղծությունն իր ոտքերի առաջ էր,

սակայն նա իր վախճանի մասին չմտածեց.

առատորեն արցունք թափեց,

բայց ոչ ոք չկար, որ մխիթարեր նրան։

Նայի՛ր տառապանքներիս, ո՛վ Տեր,

քանզի թշնամիներս հպարտացան իմ դեմ։

Յոդ

10 Թշնամին իր ձեռքը երկարեց իմ գանձերին։

Ես տեսա հեթանոսներին,

որոնք մտան քո սրբարանը,

մինչդեռ նրանց հրամայել էիր,

որ քո ժողովրդի սրբավայրը չմտնեն։

Կաֆ

11 Ամբողջ ժողովուրդը հաց էր փնտրում ու հառաչում.

ամեն բան, ինչ թանկ էր նրան,

տվեց հացի դիմաց, որպեսզի պահի իրեն։

Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս,

որ ես դարձա անարգված։

Լամեդ

12 Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ,

հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝

ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք.

Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա

և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։

Մեմ

13 Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին,

ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց,

կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։

Նուն

14 Տերը կանխավ ասաց ինձ իմ ամբարշտության մասին,

իր ձեռքը գցեց և իմ պարանոցին ծանրացրեց իր լուծը.

իմ զորությունը տկարացավ։

Տերն ինձ մատնեց իմ ցավերին, ու ես չեմ կարողանում հանդարտվել։

Սամեխ

15 Նա ջնջեց իմ միջից իմ ընտիր-ընտիր զորավորներին,

իմ ընտրյալների կոտորածի ժամն ազդարարեց.

Տերը, ինչպես հնձանում, ճզմեց կույսին՝ Հուդայի դստերը։

Այն

Ահա թե ինչու եմ ինձ լացի տվել։

16 Աչքն իմ արցունք թափեց,

քանզի նրանք, ովքեր իմ մխիթարիչներն էին

և իմ հոգին ինձ էին վերադարձնում,

հեռացան ինձնից։

Իմ որդիները մատնվեցին կործանման,

որովհետև թշնամիներս զորացան։

Պե

17 Սիոնն իր բազուկները տարածեց առ Աստված,

բայց չկար ոչ ոք, որ մխիթարեր նրան։

Նրա շուրջը նրան նեղողներն են.

նրանց մեջ Երուսաղեմը մի նողկալի կին դարձավ։

Ցադե

18 Արդար է Տերը,

ես դառնացրի նրան։

Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսե՛ք այս

և տեսե՛ք իմ ցավերը.

իմ օրիորդներն ու երիտասարդները քշվեցին գերության։

Քոֆ

19 Ես կանչեցի իմ սիրեկաններին,

բայց նրանք արհամարհեցին ինձ.

իմ քահանաներն ու երեցներն այստեղ՝ քաղաքում, մեռան.

կերակուր փնտրեցին կենդանի մնալու համար,

սակայն չգտնվեց։

Ռեշ

20 Նայի՛ր, Տե՛ր, ես նեղության մեջ եմ.

ոսկորներս հալումաշ եղան,

սիրտս մեջս տրորվեց, դառնացած եմ։

Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց,

ինչպես մահը՝ ներսից։

Շին

21 Լսե՛ք, լսե՛ք այս.

ես հեծում ու հառաչում եմ,

և ոչ ոք չկա, որ մխիթարի ինձ։

Իմ բոլոր թշնամիներն իմացան

իմ վրա եկած չարիքների մասին

և ոտնահարեցին ինձ,

քանզի դո՛ւ ստեղծեցիր այդ օրը,

դո՛ւ կանչեցիր այդ ժամանակը,

որ վայը գա ինձ վրա։

Տավ

22 Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ,

և դու ճռաքա՛ղ արա նրանց այնպես,

ինչպես ճռաքաղ արեցիր ինձ իմ բոլոր մեղքերի համար,

քանզի անթիվ են իմ հառաչանքները,

և սիրտն իմ լի է տրտմությամբ։