Հին Կտակարան
Նոր Կտակարան
Սերմնացանի առակը(Մրկ. 4.1-12, Ղուկ. 8.4-10)1 Նույն օրը Հիսուսը տնից դ…
Սերմնացանի առակը
(Մրկ. 4.1-12, Ղուկ. 8.4-10)
1 Նույն օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց լճի եզերքին։ 2 Նրա շուրջը ժողովրդի այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց, իսկ ողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։ 3 Եվ նրանց հետ առակներով շատ բաներ էր խոսում և ասում. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ 4 Երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան այն։ 5 Մի ուրիշ մաս ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և քանի որ հողը խորունկ չէր, իսկույն բուսավ։ 6 Երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ 7 Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին այն։ 8 Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
10 Աշակերտները մոտեցան և ասացին նրան. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ»։ 11 Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված. 12 որովհետև ով ունի, նրան ավելիով կտրվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ 13 Դրա համար եմ առակներով խոսում նրանց հետ, որովհետև տեսնելով չեն տեսնում, լսելով չեն լսում և չեն հասկանում։ 14 Եվ նրանց վրա իրականանում է Եսայու մարգարեությունը, որ ասում է.
“Ինչքան էլ լսեք, չեք հասկանա,
ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի։
15 Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է,
ծանր են լսում իրենց ականջներով,
իրենց աչքերը փակել են.
այդ պատճառով աչքերով չեն տեսնում,
ականջներով չեն լսում,
սրտով չեն հասկանում,
որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։
16 Բայց երանի՜ ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են։ 17 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ բազմաթիվ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել այն, ինչ դուք տեսնում եք, բայց չտեսան, և լսել այն, ինչ դուք լսում եք, բայց չլսեցին»։
Հիսուսը մեկնում է սերմնացանի առակը
(Մրկ. 4.10-20, Ղուկ. 8.11-15)
18 «Եվ արդ՝ լսե՛ք սերմնացանի առակը։ 19 Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։ 20 Ապառաժի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն։ 21 Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։ 22 Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։ 23 Իսկ բարեբեր հողի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը և հասկանում է, պտուղ է տալիս. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, և մեկը՝ երեսուն»։
Որոմների առակը
24 Հիսուսը մի ուրիշ առակ էլ պատմեց նրանց և ասաց. «Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։ 25 Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ որոմ ցանեց և գնաց։ 26 Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ 27 Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. “Տե՛ր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր. ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը”։ 28 Տերն ասաց նրանց. “Թշնամի մարդն արեց դա”։ Ծառաները նրան ասացին. “Ուզո՞ւմ ես՝ գնանք քաղհանենք այն”։ 29 “Ո՛չ,- ասաց նրանց,- որոմը քաղելիս գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ 30 Թողե՛ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձքը, և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. “Նախ որո՛մը քաղեք և խրձե՛ր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքե՛ք իմ շտեմարանների մեջ”»։
Մանանեխի հատիկի և թթխմորի առակը
(Մրկ. 4.30-34, Ղուկ. 13.18-21)
31 Նրանց մի ուրիշ առակ էլ պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու սերմանեց իր արտի մեջ։ 32 Այն բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա»։
33 Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։
34 Այս ամենը Հիսուսն առակներով խոսեց ժողովրդի հետ և առանց առակի ոչինչ չէր խոսում նրանց հետ, 35 որպեսզի իրականանար մարգարեի միջոցով ասվածը.
«Առակներով կբացեմ իմ բերանը,
կբացահայտեմ ծածկված բաները,
որ կային աշխարհի սկզբից ի վեր» (Սաղ. 77(78).2)։
Հիսուսը մեկնում է որոմների առակը
36 Այդժամ Հիսուսը ժողովրդին թողեց և եկավ տուն։ Աշակերտները մոտեցան նրան և ասացին. «Բացատրի՛ր մեզ արտի որոմների առակը»։ 37 Հիսուսը ասաց նրանց. «Նա, որ սերմանում է լավ սերմը, Մարդու Որդին է, 38 իսկ արտն այս աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որ արքայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ 39 Թշնամին էլ, որ ցանեց այն, սատանան է։ Հունձքն այս աշխարհի վախճանն է, իսկ հնձողները՝ հրեշտակները։ 40 Ինչպես որ որոմն է հավաքվում և կրակի մեջ այրվում, այնպես էլ կլինի այս աշխարհի վախճանին։ 41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր գայթակղեցնողներին և նրանց, ովքեր Օրենքի դեմ են գործում, 42 և նրանց կգցեն կրակի հնոցը։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց։ 43 Այդժամ արդարներն արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։
Պահված գանձի, մարգարտի և ուռկանի օրինակը
44 «Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։
45 Երկնքի արքայությունը նաև նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է փնտրում, 46 և թանկարժեք մի մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ մարգարիտը։
47 Երկնքի արքայությունը նաև նման է ծով նետված և ամեն տեսակ ձուկ հավաքած ուռկանի, 48 որը երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին հավաքեցին լավերն ամանների մեջ, իսկ խոտանը դեն նետեցին։ 49 Այդպես կլինի այս աշխարհի վախճանին. հրեշտակները կելնեն ու չարերին արդարների միջից կզատեն 50 և նրանց կնետեն կրակի հնոցի մեջ։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։
51 Հիսուսը նրանց ասաց. «Ընկալեցի՞ք այս ամենը»։ «Այո՛, Տե՛ր,- պատասխանեցին նրանք»։ 52 Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։
Հիսուսը մերժվում է հայրենի քաղաքում
(Մրկ. 6.1-6, Ղուկ. 4.16-30)
53 Երբ Հիսուսն ավարտեց այս առակները, հեռացավ այդտեղից։ 54 Գալով իր հայրենի քաղաքը՝ սկսեց նրանց ուսուցանել իրենց ժողովարանում, այնպես որ նրանք զարմանում էին և ասում. «Որտեղի՞ց սրան այս իմաստությունն ու հրաշագործ զորությունը։ 55 Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։ 56 Մի՞թե սրա քույրերը բոլորն էլ մեզ մոտ չեն։ Արդ, որտեղի՞ց սրան այս ամենը»։ 57 Եվ գայթակղվում էին նրանով։ Հիսուսը նրանց ասաց. «Չկա մարգարե, որին իր գավառում և իր տանը չանարգեն»։
58 Եվ նրանց անհավատության պատճառով այնտեղ շատ հրաշքներ չգործեց։