Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Ելիմելեքի ընտանիքի դժբախտությունները1 Դատավորների կառավարման օրերին ս…

Ելիմելեքի ընտանիքի դժբախտությունները

1 Դատավորների կառավարման օրերին սով եղավ երկրում։ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց բնակվելու Մովաբի դաշտում։ 2 Այդ մարդու անունը Ելիմելեք էր, նրա կնոջ անունը՝ Նոոմին, իսկ նրա երկու որդիների անունները՝ Մաալոն և Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին, Հուդայի ցեղից։ Նրանք գնացին Մովաբի դաշտը և մնացին այնտեղ։ 3 Ելիմելեքը՝ Նոոմինի ամուսինը, մեռավ, և կինը մնաց իր երկու որդիների հետ։ 4 Նրանք մովաբացի կանայք առան. մեկի անունը Օրփա էր, մյուսինը՝ Հռութ։ Նրանք այնտեղ բնակվեցին մոտ տասը տարի։ 5 Մաալոնը և Քելլոնը՝ երկուսն էլ մեռան այնտեղ, և կինը մնաց միայնակ՝ զրկված իր ամուսնուց և որդիներից։

Նոոմինը և Հռութը վերադառնում են Բեթղեհեմ

6 Նա ու իր երկու հարսները վեր կացան, վերադարձան Մովաբի դաշտից, որովհետև լսել էին, որ Աստված այցի է եկել իր ժողովրդին՝ նրան հաց տալու։ 7 Նա իր երկու հարսների հետ դուրս եկավ այն տեղից, որտեղ ապրում էր, և նրանք ճանապարհ ընկան՝ Հուդայի երկիր վերադառնալու համար։ 8 Նոոմինն իր երկու հարսներին ասաց. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր հոր տունը. Տերը թող ձեզ ողորմություն անի, ինչպես որ դուք այն մեռածներին և ինձ եք արել։ 9 Աստված տա, որ ամեն մեկդ հանգիստ գտնեք ձեր հոր տանը»։ Եվ համբուրեց նրանց։ Նրանք բարձրացրին իրենց ձայնը, լաց եղան 10 և ասացին նրան. «Այդպես չի լինի, մենք քեզ հետ կվերադառնանք քո ժողովրդի մոտ»։ 11 Նոոմինն ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, ինչո՞ւ գաք ինձ հետ, մի՞թե դարձյալ որդիներ կունենամ իմ որովայնում, որ ձեզ համար ամուսին լինեն։ 12 Վերադարձե՛ք, աղջիկնե՛րս, և գնացե՛ք, որովհետև ես պառավել եմ, էլ մարդու չեմ գնալու. եթե ասեի էլ, թե հույս ունեմ և կամուսնանամ ու որդիներ կծնեմ, 13 դուք պիտի սպասեի՞ք նրանց, մինչև որ մեծանան, և նրանց համար ձեզ հետ պիտի պահեի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից ավելի եմ դառնացած, որովհետև Տիրոջ ձեռքը ծանրացավ ինձ վրա»։ 14 Նրանք նորից բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան։ Օրփան համբուրեց իր սկեսրոջը և վերադարձավ իր ժողովրդի մոտ, բայց Հռութը գնաց սկեսրոջ հետևից։ 15 Նոոմինն ասաց Հռութին. «Ահա քո տագերակինը վերադարձավ իր ժողովրդի և իր աստվածների մոտ, դու էլ հե՛տ դարձիր քո տագերակնոջ հետևից»։ 16 Հռութն ասաց. «Ես չեմ թողնի քեզ և չեմ հեռանա քեզնից. ուր որ դու գնաս, ես էլ կգնամ, որտեղ որ մնաս, ես էլ կմնամ։ Քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, և քո Աստվածն իմ Աստվածն է։ 17 Որտեղ մեռնես, այնտեղ էլ ես կմեռնեմ և կթաղվեմ. թող Տերն այսպես և սրանից ավելին անի ինձ, միայն մահը կկարողանա բաժանել ինձ քեզանից»։ 18 Երբ Նոոմինը տեսավ, որ նա հաստատ որոշել է գնալ իր հետ, այդ մասին այլևս չխոսեց նրա հետ։

19 Նրանք երկուսով գնացին, մինչև որ հասան Բեթղեհեմ։ Երբ նրանք եկան Բեթղեհեմ, ամբողջ քաղաքն իրար անցավ նրանց պատճառով։ Ասում էին. «Սա՞ է Նոոմինը»։ 20 Նա ասաց նրանց. «Ինձ Նոոմին մի՛ կոչեք, այլ կոչե՛ք Դառնացած, որովհետև Ամենակարողը խիստ դառնացրեց ինձ։ 21 Լիքը գնացի, բայց Տերը դատարկ վերադարձրեց ինձ. հիմա ինչո՞ւ եք ինձ Նոոմին կոչում։ Տերն ինձ նկուն դարձրեց, և Ամենակարողը չարչարեց ինձ»։ 22 Եվ Նոոմինն ու իր հարսը՝ մովաբացի Հռութը, վերադարձան, գնացին Մովաբի դաշտից և գարու հնձի սկզբին եկան Բեթղեհեմ։