Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դանիելի վերջին մեծ տեսիլքը1 Պարսից Կյուրոս արքայի երրորդ տարում մի բա…

Դանիելի վերջին մեծ տեսիլքը

1 Պարսից Կյուրոս արքայի երրորդ տարում մի բան հայտնվեց Դանիելին, որի անունը կոչվեց Բաղդասար։ Ճշմարիտ է այն բանը, և մեծ զորություն ու հանճար տրվեց նրան տեսիլքի մեջ։ 2 «Այդ օրերին ես՝ Դանիելս, ամբողջ երեք շաբաթ սգի մեջ էի։ 3 Ախորժակով հաց չկերա, միս ու գինի չմտան իմ բերանը, և յուղով չօծվեցի մինչև ամբողջ երեք շաբաթվա վերջը։ 4 Առաջին ամսվա քսանչորսերորդ օրը ես կանգնած էի մեծ գետի ափին, որ Տիգրիս-Դկլաթն է։ 5 Բարձրացրի աչքերս, և ահա փառահեղ հագնված մի մարդ՝ իր մեջքին Ոփազի ոսկուց գոտի կապած։ 6 Նրա մարմինը ծովագույն էր, նրա երեսը նման էր փայլակի տեսքի, նրա աչքերը՝ կրակի ճառագայթների, նրա բազուկներն ու ազդրերը՝ փայլուն պղնձի տեսքի, և նրա խոսքերի ձայնը՝ զորքի ձայնի։ 7 Եվ միայն ես՝ Դանիելս, տեսա տեսիլքը, և այն մարդիկ, որ ինձ հետ էին, չտեսան տեսիլքը, այլ մեծ ահ ընկավ նրանց վրա, և զարհուրած փախան։ 8 Ես մենակ մնացի և տեսա այն մեծ տեսիլքը, և իմ մեջ ուժ չմնաց. փառքս ոչնչության վերածվեց, և չդիմացա զորությանը։ 9 Եվ նրա խոսքերի ձայնը լսեցի. նրա խոսքերի ձայնը լսելիս քարացել էի, և դեմքս գետին էր խոնարհվել։ 10 Եվ ահա ձեռքն ինձ մեկնելով՝ ինձ ծնկներիս և ձեռքերիս թաթերի վրա կանգնեցրեց 11 և ինձ ասաց. «Դանիե՛լ, հաճելի՛ մարդ, խելամո՛ւտ եղիր խոսքերիս, որ պիտի խոսեմ քեզ հետ, և մնա՛ քո տեղում, որովհետև այժմ ուղարկվեցի քեզ մոտ»։ Եվ երբ նա ինձ հետ այս բաներն էր խոսում, դողալով ոտքի ելա։ 12 Եվ ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, Դանիե՛լ, որովհետև այն օրվանից, երբ սիրտդ տվեցիր խելամուտ լինելու և վշտանալու քո Աստծու առաջ, քո խոսքերը լսելի եղան, և ես եկա քո խոսքերի պատճառով։ 13 Պարսից թագավորության իշխանը քսանմեկ օր ինձ հակառակվում էր, և ահա Միքայելը՝ առաջին իշխաններից մեկը, եկավ ինձ օգնելու, և թողեցի նրան այնտեղ՝ պարսից թագավորության իշխանի հետ, 14 և եկա քեզ խելամուտ դարձնելու, թե վերջին օրերին ինչքա՛ն և ի՛նչ դեպքեր են անցնելու քո ժողովրդի վրայով, որովհետև այդ տեսիլքն օրերի համար է»։ 15 Եվ երբ նա ինձ հետ այս խոսքերով խոսում էր, երեսիս վրա գետին ընկա և քարացել էի։ 16 Եվ ահա մեկը՝ մարդու որդու նմանությամբ, մոտենում էր իմ շրթունքներին. բերանս բացեցի, խոսեցի և ասացի այն մարդուն, որ իմ դիմացն էր. «Տե՛ր, երբ դու ինձ երևացիր, փորս խռովվեց իմ մեջ, և զորություն չկար իմ մեջ։ 17 Ինչպե՞ս պիտի կարողանա քո ծառան, տե՛ր, խոսել իմ տիրոջ հետ։ Իմ մեջ պահելու զորություն այլևս չկա, և շունչ չմնաց իմ մեջ»։ 18 Եվ մարդու տեսքով մեկն է՛լ ավելի ինձ մոտեցավ և ինձ զորացրեց։ 19 Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, հաճելի՛ մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր»։ Երբ նա ինձ հետ խոսում էր, զորացա և ասացի. «Թող խոսի տերը, որովհետև ինձ զորացրիր»։ 20 Եվ ասաց. «Գիտե՞ս, թե ինչո՛ւ եկա քեզ մոտ. արդ վերադառնում եմ պատերազմ տալու պարսից իշխանի դեմ. ես գնում էի, և գալիս էր հունաց իշխանը։ 21 Բայց կպատմեմ քեզ, ինչ սահմանված է ճշմարտության գրքում, և ոչ ոք ինձ օգնական չէ այս բաներում, բացի ձեր Միքայել իշխանից»։