Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

1 Եվ երբ Իսրայելի որդիներն ու Հուդայի երկրի բնակիչները լսեցին, թե Հող…

1 Եվ երբ Իսրայելի որդիներն ու Հուդայի երկրի բնակիչները լսեցին, թե Հողոփեռնեսը և Ասորեստանի արքայի զորավարներն ի՛նչ արեցին հեթանոս ազգերի հետ և թե ինչպե՛ս քանդեցին նրանց մեհյանները և կորստյան մատնեցին դրանք, 2 շատ վախեցան Երուսաղեմի և իրենց Աստծու տան համար ու խռովվեցին, 3 որովհետև նոր էին վերադարձել գերությունից, նոր էին հավաքվել Հուդայի երկրում և նոր էին պղծությունից սրբագործել Տիրոջ՝ իրենց Աստծու սեղանը, սպասքը և տունը։ 4 Եվ ուղարկեցին Սամարիայի, Կովնայի և Բեթորոնի, Բելմայինի, Երիքովի, Քովբայի, Եսովմրայի շրջանները և Շաղիմի հովիտները, 5 զբաղեցրին բոլոր բարձր լեռների գագաթները, պարսպապատեցին այնտեղ գտնվող բոլոր գյուղերը, պատերազմի պատրաստության համար պաշար ամբարեցին, քանի որ անդաստանները հնձելու ժամանակն էր։
6 Իսկ Հովակիմը՝ մեծ քահանան, որ այն ժամանակ Երուսաղեմում էր, գրեց Բետիղուայի և Բետոմեսթեմի բնակիչներին, որոնք Եսդրելովմի դիմաց էին, այն դաշտի հանդիման, որ մոտ է Դովթայիմին, 7 և ասաց. «Ոտքի՛ ելեք, փակե՛ք լեռնանցքները», որովհետև դրանք էին Հուդայի երկրի մուտքերը։ Նրանց համար դյուրին էր դրանց դեմ կանգնել, քանի որ կիրճերը նեղ էին, այնպես որ երկու այր կարող էին պահել։ 8 Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես հրամայեց իրենց Հովակիմ մեծ քահանան և Իսրայելի ժողովրդի ծերակույտը, որ նստում էր Երուսաղեմում։ 9 Եվ Իսրայելի բոլոր այրերն ամբողջ հոգով աղոթեցին Տիրոջը և խոնարհեցրին իրենց անձերը։ 10 Իրենք և իրենց կանայք, բոլոր պանդուխտներն ու վարձկաններն իրենց անասունների վրա ծանրոցներ դրեցին, իսկ արծաթով գնված ծառաները քուրձ գցեցին իրենց մեջքներին։ 11 Երուսաղեմում բնակվող Իսրայելի բոլոր այրերն իրենց կանանց ու երեխաների հետ աղաչանքներով ընկան Տիրոջ տաճարի առջև, մոխիր լցրին իրենց գլուխներին, թոթափեցին իրենց քուրձերը Տիրոջ առջև, 12 քուրձերով ծածկեցին սրբության սեղանը և ողջ սրտով միաբերան գոչեցին առ Աստվածն Իսրայելի, որ իրենց երեխաները հափշտակության չմատնվեն, իրենց կանայք՝ ավարի, իրենց ժառանգության քաղաքները չապականվեն, սրբությունները չպղծվեն և հեթանոսների նախատինքին ու ամոթին չարժանանան։
13 Եվ Տերը լսեց նրանց ձայնը, տեսավ նրանց նեղությունը. ժողովուրդը ողջ Հուդայի երկրում և Երուսաղեմում շատ օրեր պահքի մեջ էր ամենակալ Տիրոջ սրբությունների առջև։
14 Եվ Հովակիմ մեծ քահանան, բոլոր քահանաներն ու Տիրոջ սպասավորները, որ Տիրոջ առջև էին, քուրձ հագած էին մատուցում ամենօրյա ողջակեզները, ինչպես նաև ժողովրդի հոժարակամ զոհերն ու ընծաները։ 15 Իրենց գլուխների վարշամակների վրա մոխիր էր, և իրենց ողջ հոգով աղաչում էին Տիրոջը, որ բարիք անի Իսրայելի տանը։