Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սողոմոնի իմաստուն խոսքերի երկրորդ ժողովածուն1 Սողոմոնի առակներից, որո…

Սողոմոնի իմաստուն խոսքերի երկրորդ ժողովածուն

1 Սողոմոնի առակներից, որոնք օրինակել են Հուդայի արքա Եզեկիայի բարեկամները։

2 Աստծու փառքը ծածկում է խոսքերը, թագավորի փառքը հրամանները պատվելն է։

3 Անքննելի են երկնքի բարձունքները, երկրի խորությունները, թագավորի սիրտը։

4 Չփորձված արծաթը մաքրի՛ր կրակով, և կմաքրվի այն միանգամից։ 5 Ամբարիշտներին կորցրո՛ւ թագավորի երեսից, և նրա աթոռը կհաստատվի արդարությամբ։

6 Մի՛ հպարտացիր թագավորի առջև, և մի՛ մոտեցիր մեծամեծերի տեղերին, 7 քանզի լավ է, որ մեկը ասի քեզ. «Վե՛ր բարձրացիր ինձ մոտ», քան թե խոնարհվես հզորի առջև։

Խոսի՛ր աչքովդ տեսածի մասին. 8 հանդուգն կերպով կռվի մեջ մի՛ մտիր, որ հետո չզղջաս։ Երբ քո բարեկամը քեզ նախատի, 9 խո՛ւյս տուր նրանից և մի՛ արհամարհիր։

10 Գուցե նախատի քեզ բարեկամդ, և քո թշնամությունն ու մարտը չվերջանա, այլ մահվան պես քեզ լինի։ 10ա Շնորհն ու բարեկամությունը ազատ են. քո մեջ հաստատի՛ր դրանք ու չես նախատվի, և խաղաղ կանցնի քո ժամանակը։

11 Իմաստուն խոսքերը նման են սարդիոնով շարված ոսկի խնձորի։

12 Իմաստուն խոսքերը լսող ականջների համար շարված ոսկե գինդ և պայծառ սարդիոն են։

13 Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։

14 Նրանք, ովքեր սուտ խոստումներով են պարծենում, նման են սաստիկ հողմերի, ամպերի և անձրևների։

15 Երկայնամտությունից հաջողություն է գտնում թագավորը, անսանձ լեզուն փշրում է ոսկորները։

16 Որդյա՛կ, երբ մեղր գտնես, չափո՛վ կեր. որ չհագենաս և չփսխես։ 17 Քո ոտքով քի՛չ հաճախիր բարեկամիդ, որ չձանձրանա քեզնից և չատի քեզ։

18 Սրած սուր նետի և սուսերի պես է իր բարեկամի մասին սուտ վկայություն տվողը։

19 Չարի ճանապարհները և անօրենի ոտքերը պիտի կորչեն չարի օրը։

20 Ինչպես քացախն է անօգուտ վերքին, այնպես էլ մարմնի ցավերից տրտմում է սիրտը։ 20ա Ինչպես ցեցը հագուստին, որդը՝ փայտին, այնպես էլ տրտմությունը վնաս է մարդու սրտին։

21 Եթե քաղցած է թշնամիդ, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր։ 22 Եթե այդ անես, նրա գլխին կրակի կայծեր կկուտակես, և Տերը քեզ բարություն կհատուցի։

23 Հյուսիսի քամին ամպեր է բերում, լիրբ երեսը գրգռում է լեզուն։

24 Լավ է ապրել տանիքի տակ՝ մի անկյունում, քան նույն տան մեջ՝ բամբասող կնոջ հետ։

25 Ինչպես պաղ ջուրն է ծարավ մարդուն հաճելի, այնպես էլ հեռվից եկած բարի լուրը։

26 Ինչպես մեկը խցանում է աղբյուրի ակը և ապականում ջրերի հոսանքը, այնպես էլ տգեղ է արդարի կորանալը ամբարիշտի առջև։

27 Շատ մեղր ուտելը լավ չէ, բայց հարկավոր է հարգել պատվական խոսքերը։

28 Առանց խորհրդի գործ անող մարդը նման է պարիսպները կործանված քաղաքի։