Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տիրոջ կշտամբանքն իսրայելացիներին1 Լսե՛ք այս պատգամը,որ Տերը խոսեց ձեզ…

Տիրոջ կշտամբանքն իսրայելացիներին

1 Լսե՛ք այս պատգամը,

որ Տերը խոսեց ձեզ համար, ո՛վ Իսրայելի տուն,

և բոլոր այն ազգերի համար,

որոնց հանեցի եգիպտացիների երկրից։

2 Բայց ձե՛զ ընտրեցի երկրի բոլոր ազգերից.

դրա համար ձեզնից վրեժխնդիր կլինեմ ձեր բոլոր չարիքների համար։

Մարգարեն չի կարող լռել

3 Երկու հոգի երբևէ միասին կգնա՞ն, եթե չճանաչեն իրար։

4 Առյուծն անտառից կմռնչա՞, եթե որս արած չլինի,

առյուծի կորյունն իր որջից իր ձայնը կհնչեցնի՞, եթե ոչինչ հափշտակած չլինի։

5 Թռչունն առանց որսորդի գետնին կընկնի՞,

թակարդը գետնի վրա կշրխկա՞,

եթե ոչինչ բռնած չլինի։

6 Կլինի՞, որ փող հնչի քաղաքում,

և ժողովուրդը չխռովվի.

քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։

7 Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի,

մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։

8 Առյուծը կմռնչա,

և ո՞վ կլինի, որ չի սարսռա։

Տերը՝ Աստված, խոսեց,

և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։

Սամարիայի դեմ

9 Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում

և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք.

«Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա

և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։

10 Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,-

քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։

11 Դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում Տյուրոսին.

«Այդ երկիրը, որ քո շուրջն է,

կավերվի, և քեզնից կվերանա քո ամբողջ զորությունը,

և կկողոպտվեն քո գավառները»։

12 Քանի որ այսպես է ասում Տերը.

«Ինչպես օրինակ, եթե հովիվը կարողանա

առյուծի բերանից պրծացնել կենդանու երկու սրունք

կամ ականջի մի բլթակ,

այնպես դուրս կպրծնեն Իսրայելի որդիները,

որ բնակվում են Սամարիայում՝

այն ազգի առջև,

և դամասկացիների մեջ։

13 Քահանանե՛ր, լսե՛ք և վկայությո՛ւն տվեք Հակոբի տան համար,-

ասում է Ամենակալ Տերը։

14 Քանի որ այն օրը,

երբ Իսրայելի ամբարշտությունների համար վրեժխնդիր կլինեմ նրանից,

վրիժառու կլինեմ նաև Բեթելի զոհասեղանի համար,

և կփշրվեն զոհասեղանի անկյուններն ու կթափվեն գետնին։

15 Եվ կոչնչացնեմ ձմեռային ապարանքներն ամառային ապարանքների վրա,

կանհետանան փղոսկրյա ապարանքները,

և շատ ուրիշ ապարանքներ կկործանվեն»,- ասում է Տերը։