Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տովբիթը կուրանում է1 Երբ ես վերադարձա իմ տունը, ինձ տվեցին իմ կնոջը՝ …
Տովբիթը կուրանում է
1 Երբ ես վերադարձա իմ տունը, ինձ տվեցին իմ կնոջը՝ Աննային, և իմ որդի Տովբիային։ Պենտեկոստեի տոնին, որը սուրբ օր է, Զատիկից յոթ շաբաթ հետո, ինձ համար ճոխ ճաշ պատրաստվեց, և ես բազմեցի՝ ուտելու և խմելու։ 2 Իմ առջև բազմաթիվ խորտիկներ տեսնելով՝ ասացի իմ որդուն. «Գնա՛, հրավիրի՛ր մեր աղքատ եղբայրներից, ում որ գտնես. ես կսպասեմ քեզ»։ 3 Նա վերադարձավ և ասաց. «Հա՛յր, մեր ազգից մեկը՝ ոտքերը կտրված, մեռած ընկած է հրապարակում»։ 4 Ես նախքան ճաշելս գնացի, վերցրի նրան ու բերեցի իմ տունը, մինչև որ արեգակը մայր մտնի։ 5 Վերադառնալով՝ լվացվեցի ու տրտմությամբ կերա իմ հացը։ 6 Եվ հիշեցի Ամովսի մարգարեությունը, որ ասաց. «Ձեր տոները սգի կփոխարինվեն, իսկ ձեր ուրախությունները՝ տրտմության», և սաստիկ լաց եղա։ 7 Երբ արեգակը մայր մտավ, փոս փորեցի ու թաղեցի նրան։ 8 Իմ մերձավորները ծաղրում էին՝ ասելով. «Դեռ չի՞ վախենում մեռնել այս արածի համար, ինչի համար արդեն հալածվել է. վերադառնալով դարձյա՞լ թաղում է դիակները»։
9 Նույն գիշերը, երբ թաղելուց հետո վերադարձա, պղծված լինելով՝ ննջեցի դրսում՝ գավթի պատի մոտ, և երեսս չծածկեցի։ 10 Չգիտեի, որ պատին ճնճղուկներ կային։ Երբ աչքերս բացեցի, ճնճղուկները տաք ծրտեցին աչքերիս մեջ։ Դրանից աչքերս սպիտակ փառով պատվեցին։ Գնացի բժիշկների մոտ, սակայն նրանք ինձ ոչնչով չօգնեցին։ Մինչև Ելիմայիդա գնալս Աքիաքարն էր հոգ տանում ինձ՝ ռոճիկ տալով։
11 Իմ կինը մանում ու գործում էր իր ձեռքերով 12 ու տալիս էր գործատուներին, և նրանք նրան վարձ էին տալիս։ Մի անգամ էլ նրան հավելյալ մի ուլ տվեցին։ 13 Երբ մոտեցավ ինձ, ուլն սկսեց մկկալ, և ես ասացի նրան. «Որտեղի՞ց բերեցիր այդ ուլը, մի՞թե գողացված է, վերադարձրո՛ւ իր տերերին, քանի որ ես չեմ կարող գողացված բան ուտել»։ 14 Իմ կինն ասաց. «Իմ աշխատանքի դիմաց ինձ պարգևատրեցին»։ Ես չհավատացի նրան և ստիպեցի տալ իր տերերին՝ միաժամանակ ամաչելով նրա արածի համար։ Իսկ նա ինձ ասաց. «Որտե՞ղ են քո ողորմություններն ու քո արդարությունները։ Ահա թե ինչպես դրանք երևան եկան»։