Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տերը պահպանում է Իսրայելին1 «Ընկավ Բելը, խորտակվեց Դագովնը.նրանց կուռ…
Տերը պահպանում է Իսրայելին
1 «Ընկավ Բելը, խորտակվեց Դագովնը.
նրանց կուռքերը դրվեցին կենդանիների և անասունների վրա։
Իբրև բեռ դրանք կապեցիք ու բարձեցիք տանջված 2 ու քաղցած կենդանիների վրա.
անզոր լինելով փրկվելու պատերազմից, լքված ու խեղճ՝
գրաստների հետ միասին գերության քշվեցին։
3 Լսե՛ք ինձ, ո՛վ դու Հակոբի տուն
և դուք, Իսրայելի բոլոր կենդանի մնացածնե՛ր,
դուք, որ որովայնից իսկ ընտրյալ եք
և մանկությունից
4 մինչև ծերություն՝ խրատված,
քանզի ես եմ։
Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, սակայն ես եմ.
ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ,
ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ,
ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։
5 Ո՞ւմ կնմանեցնեիք ինձ,
հապա մտածե՛ք, ո՛վ դուք, մոլորյալնե՛ր,
6 որ քսակից ոսկեղեն եք հանում,
արծաթ եք կշռում կշեռքով
և ոսկերիչներ վարձում,
որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն,
և խոնարհվելով երկրպագում եք դրանց։
7 Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք,
և երբ գետնին եք դնում,
այդպես մնում են տեղում ու չեն շարժվում.
եթե որևէ մեկը կանչի դրանց,
չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։
8 Հիշե՛ք այս և հոգո՛ց հանեք,
զղջացե՛ք դուք, մոլորյալնե՛ր,
սրտանց դարձի՛ եկեք,
9 մտաբերե՛ք առաջին գործերը՝ վաղուց կատարվածները,
քանզի ես եմ Աստվածը,
և ինձնից բացի մեկ ուրիշը չկա,
10 որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին,
երբ դեռ չեն եղել,
բայց անպայման կատարվելու են։
Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են,
և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
11 Ես արևելքից կանչեցի թռչուններին,
իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի.
խոսեցի ու բերեցի,
հաստատեցի և կատարեցի,
բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։
12 Լսե՛ք ինձ դուք, սրտով մոլորվածնե՛ր
և արդարությունից հեռացածներ.
13 մոտեցրի իմ արդարությունը,
և այն այլևս չի հեռանա,
իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի.
ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝
որպես փառավորություն»։