Հին Կտակարան
Նոր Կտակարան
Ամուսնության գիշերը1 Երբ նրանք ընթրելն ավարտեցին, Տովբիային տարան աղջ…
Ամուսնության գիշերը
1 Երբ նրանք ընթրելն ավարտեցին, Տովբիային տարան աղջկա մոտ։ 2 Երբ նա ներս մտավ, հիշեց Ռաֆայելի խոսքերը, վերցրեց խնկի մոխրախառն կրակը, նրա վրա դրեց ձկան սիրտն ու լյարդը և ծխեց։ 3 Երբ դևն առավ այդ հոտը, փախավ Եգիպտոսի սահմանների վերին կողմը, և հրեշտակը կապեց նրան։ 4 Երբ երկուսով անկողին մտան, Տովբիան ելավ մահճից և ասաց. «Քո՛ւյր, դու է՛լ արի, աղոթքի կանգնենք, որպեսզի Աստված մեզ ողորմի»։ 5 Տովբիան սկսեց աղոթել ու ասաց.
«Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, մեր հայրերի՛ Աստված,
հավիտյանս օրհնյալ և փառավորյալ է քո սուրբ անունը,
թո՛ղ քեզ փառաբանեն երկինքն ու քո բոլոր արարածները։
6 Դու ստեղծեցիր Ադամին և որպես զորավիգ ու օգնական՝
նրան տվեցիր Եվային՝ նրա կնոջը,
և նրանցից առաջ եկավ մարդկային ողջ ցեղը։
Դու ասացիր. “Լավ չէ, որ մարդ մենակ լինի.
նրա համար իր նման օգնական ստեղծենք”։
7 Այժմ, Տե՛ր, ոչ թե պոռնկության համար եմ առնում իմ այս քրոջը,
այլ ազնվությամբ։
Նայի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր ինձ,
որպեսզի մենք միասին ծերանանք»։
8 Աղջիկը նրա հետ ասաց՝ ամեն,
9 և այն գիշեր երկուսով միասին քնեցին։
10 Իսկ Հռագուելը գնաց և նրա համար գերեզման փորեց, քանզի վախենում էր, թե գուցե նա էլ մեռնի։ 11 Ապա եկավ իր տունը 12 և ասաց իր կին Հեդնային. «Աղախիններից մեկին ուղարկի՛ր, որպեսզի տեսնի, թե կենդանի՞ է արդյոք, եթե ոչ, կթաղենք նրան, որպեսզի ոչ ոք չիմանա»։ 13 Աղախինը ներս մտավ ու տեսավ, որ երկուսով քնած են։ 14 Նա դուրս ելավ ու ասաց, որ կենդանի են։
Հռագուելի օրհներգությունը
15 Հռագուելն օրհնաբանեց Աստծուն ու ասաց.
«Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, Աստված,
քո բոլոր օրհնությունների ու փառքերի մեջ.
թող քեզ օրհնեն քո բոլոր սրբերը, քո բոլոր ստեղծածները,
թող հավիտյան օրհնեն քեզ քո ընտրյալները։
16 Օրհնյալ ես դու, Տե՛ր, Աստված,
քանզի ուրախացրիր ինձ, և ինձ հետ չպատահեց այն,
ինչ ենթադրում էի, այլ մեզ հետ վարվեցիր քո առատ ողորմության համաձայն։
17 Օրհնյալ ես դու, Տե՛ր,
որովհետև ողորմեցիր այս երկու միամորիկ զավակներին։
Տե՛ր, սրանց ողորմությո՛ւն արա,
և առողջությամբ ու ուրախությա՛մբ հասցրու իրենց կյանքի ավարտին»։
18 Ապա նա իր ծառաներին հրամայեց լցնել գերեզմանը։
19 Նա տասնչորս օր հարսանեկան խնջույք արեց նրանց համար։ 20 Հռագուելն ասաց Տովբիային. «Երդվեցնում եմ քեզ, որ այստեղից չես գնա, մինչև չավարտվեն հարսանիքի տասնչորս օրերը։ 21 Իսկ հետո կվերցնես իմ ունեցվածքի կեսը, և դու ու աղջիկը խաղաղությամբ կգնաք քո հոր մոտ, իսկ երբ ես ու իմ կինը մեռնենք, կստանաք մնացած ամբողջ ունեցվածքը»։