Հին Կտակարան
Նոր Կտակարան
Փառաբանության երգ1 Տե՛ր, Աստվա՛ծ իմ,ես պիտի փառաբանեմ քեզ,պիտի օրհնեմ…
Փառաբանության երգ
1 Տե՛ր, Աստվա՛ծ իմ,
ես պիտի փառաբանեմ քեզ,
պիտի օրհնեմ քո անունը,
քանզի սքանչելի բաներ կատարեցիր՝
առաջին խորհուրդը ճշմարիտ։
Այո՛, Տե՛ր, 2 քաղաքները վերածեցիր հողաբլուրների,
բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր.
թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։
3 Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ,
զրկված մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ,
4 որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար,
իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝
չար մարդկանցից փրկելով նրանց։
5 Դու ծարավածների համար ապավեն ես
և զրկված մարդկանց համար՝ ոգի։
Նմանվեցինք տկարացած մարդկանց՝ ծարաված Սիոնում,
ամբարիշտ մարդկանց պատճառով, որոնց ձեռքը մատնեցիր մեզ։
Տերը սրբում է արցունքները
6 Զորությունների Տերն այնպես պիտի անի,
որ բոլոր հեթանոսներն այս լեռան վրա ուրախություն վայելեն,
գինի խմեն,
օծվեն մրուրից մաքրված յուղով
7 և ընկղմվեն այս լեռան մեջ։
Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին,
քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի։
8 Մահը զորացավ և կուլ տվեց,
բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ կտրեց,
ժողովրդի նախատինքը վերացրեց ամբողջ աշխարհից,
քանի որ սա Տիրոջ բերանը խոսեց.
ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը,
այնպես էլ նա պիտի թուլացնի հզորների բազուկները։
9 Ու այն օրը պիտի ասեն.
«Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք,
նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք.
ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։
Աստված պատժում է Մովաբին
10 Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռան վրա,
իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի,
ինչպես որ կալն է ճզմվում կամնասայլի տակ։
11 Տերն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ
և այդպես նրան պիտի թշվառացնի ու կործանի,
հողին պիտի հավասարեցնի նրա հպարտությունը՝
նրա վրա տարածելով իր ձեռքերը։
12 Քո ապաստանի պարիսպների բարձրությունը պիտի խոնարհեցնի՝
գետնին հավասարեցնելով այն։