Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Տովբիան գնում է Մարաստան1 Տովբիան պատասխանեց և ասաց նրան. «Հա՛յր, կան…

Տովբիան գնում է Մարաստան

1 Տովբիան պատասխանեց և ասաց նրան. «Հա՛յր, կանեմ այն ամենը, ինչ պատվիրեցիր ինձ։ 2 Բայց ես ինչպե՞ս կարող եմ գտնել արծաթը, քանի որ այդ մարդուն չեմ ճանաչում»։ 3 Տովբիթը նրան տվեց այն մարդու ձեռքով գրված թուղթը, որի մոտ պահ էր տրված գանձը, և ասաց նրան. «Գտի՛ր մեկին, որ ուղեկից կլինի քեզ, ես վկճարեմ նրան, քանի դեռ կենդանի եմ, գնա՛ ու վերցրո՛ւ արծաթը»։
4 Տովբիան գնաց վարձկան փնտրելու և գտավ Ռաֆայել հրեշտակին, սակայն չգիտեր, թե նա ով է։ 5 Տովբիան նրան ասաց. «Դու կարո՞ղ ես ինձ հետ Մարաց երկրի Հռագիս քաղաքը գալ, ծանո՞թ ես այդ վայրերին»։ 6 Հրեշտակը նրան ասաց. «Կգամ քեզ հետ, ճանապարհը գիտեմ և ճանաչում եմ Գաբայելին՝ մեր եղբորը»։ 7 Տովբիան նրան ասաց. «Այստեղ մի փոքր սպասի՛ր, մինչև գնամ ու հորս տեղեկացնեմ»։ 8 Եվ նրան ասաց. «Գնա՛, բայց մի՛ ուշացիր»։ 9 Մտավ և ասաց հորը. «Ահա գտա մեկին, որ ինձ կընկերակցի»։ Իսկ հայրը նրան ասաց. «Նրան ինձ մո՛տ կանչիր, որպեսզի իմանամ, թե ո՛ր ցեղից է և վստահելի՞ է քեզ հետ գալու համար»։ 10 Նա ներս կանչեց նրան, և ողջույն տվեցին միմյանց։ 11 Տովբիթը նրան ասաց. «Եղբա՛յր, դու մեր ո՞ր ցեղից ես, պատմի՛ր ինձ»։ 12 Նա պատասխանեց. «Իմ ազգատո՞հմն ես ուզում, թե՞ վարձկան, որ քո որդու հետ գնա»։ Տովբիթն ասաց նրան. «Եղբա՛յր, ցանկանում եմ իմանալ քո տոհմը և անունը»։ 13 Նա ասաց. «Իմ անունը Ազարիա է, քո ազգականներից մեծն Անանիայի որդին եմ»։ 14 Տովբիթը նրան ասաց. «Բարով եկար, եղբա՛յր։ Մի՛ բարկացիր ինձ վրա, որ ցանկացա իմանալ քո տոհմը. դու իմ եղբայրներից ես, բարի և ազնվական տոհմից։ Ես ճանաչում էի և՛ Անանիային, և՛ Նաթանին՝ մեծ Սեմայի որդիներին։ Միասին Երուսաղեմ էինք գնում՝ երկրպագություն անելու և առաջնածիններին ու բերքի տասանորդը մատուցելու։ Նրանք մեր եղբայրների մոլորություններով չմոլորվեցին։ Մեծ սերնդից ու տոհմից ես, եղբա՛յր։ 15 Արդ, ասա՛ ինձ, ի՞նչ վարձ տամ քեզ. յուրաքանչյուր օրվա համար մեկ դրախմի կտամ, նաև բոլոր անհրաժեշտ պարագաները, ինչպես որ իմ որդուն։ 16 Եվ եթե ողջ-առողջ վերադառնաք, հավելյալ վարձ էլ կտամ»։
17 Նրանք համաձայնության եկան։ Հայրը Տովբիային ասաց. «Որդյա՛կ, պատրաստվի՛ր ճանապարհ ընկնելու, և թո՛ղ այն հաջողակ լինի»։ Տղան պատրաստեց ճանապարհի անհրաժեշտ պարագաները։ Հայրը նրան ասաց. «Որդյա՛կ, գնա՛ այդ մարդու հետ, և երկնքում բնակվող Աստված կհաջողեցնի ձեր ճանապարհը։ Նրա հրեշտակը թող ուղեկից լինի ձեզ»։ Երկուսով միասին ելան ու ճանապարհ ընկան։ Նրանց հետ էր նաև տղայի շունը։
18 Տովբիայի մայրը լալով ասաց. «Տովբի՛թ, մեր որդուն ինչո՞ւ հեռու ուղարկեցիր մեզանից, արդյոք նա չէ՞ մեր ծերության ապավենը, երբ մեր առջև է ելումուտ անում։ 19 Մեզ հավելյալ արծաթ պետք չէ, թող այն չլինի մեր որդու փոխարեն։ 20 Այն, ինչ Աստված տալիս է մեզ, բավական է մեզ»։ 21 Տովբիթն ասաց նրան. «Քո՛ւյր, մի՛ տրտմիր. նա ողջ առողջ կվերադառնա, և քո աչքերը կտեսնեն նրան։ 22 Որովհետև նրա բարի հրեշտակը կառաջնորդի նրան ու կհաջողեցնի նրա ճանապարհը, և ողջ-առողջ կվերադառնա»։ 23 Եվ մայրը դադարեց լաց լինելուց։