Հին Կտակարան
Նոր Կտակարան
Նամակներ՝ ուղղված Եգիպտոսի հրեաներինԱռաջին նամակ1 «Երուսաղեմի ու Հուդ…
Նամակներ՝ ուղղված Եգիպտոսի հրեաներին
Առաջին նամակ
1 «Երուսաղեմի ու Հուդայի երկրի հրեա եղբայրները ողջունում և հարատև խաղաղություն են մաղթում Եգիպտոսի կողմերում ապրող հրեա եղբայրներին։ 2 Աստված թող ձեզ բարիք պարգևի և հիշի իր հավատարիմ ծառաներ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ կնքած ուխտը, 3 այնպիսի սիրտ տա ձեզ, որ ըստ ամենայնի պաշտեք իրեն և հոժարակամ ու սրտանց կատարեք նրա կամքը, 4 բաց անի ձեր սրտի աչքերն ու ականջները իր օրենքների ու հրամանների համար և խաղաղություն հաստատի, 5 լսի ձեր խնդրանքները, բարեհաճ լինի ձեր նկատմամբ և ձեզ չլքի նեղության ժամանակ։ 6 Ահա այժմ մենք աղոթում ենք ձեզ համար։
7 Դեմետրիոսի թագավորության օրոք՝ հարյուր վաթսունինը թվականին, մենք՝ հրեաներս, այս նամակը գրեցինք ձեզ այն նեղության մեջ, որ մեզ վրա էր հասել այն ժամանակից ի վեր, երբ Յասոնն ու նրա հետ եղածներն ապստամբեցին սուրբ երկրի ու թագավորության դեմ, 8 կրակի մատնեցին տաճարի դարպասը և անմեղ արյուն թափեցին։ Մենք աղոթք արեցինք Տիրոջը, և լսեց մեզ. մենք զոհ մատուցեցինք, խունկ ու նաշիհի ընծաներ և դրեցինք ամենօրյա հացերը։ 9 Արդ, Տաղավարահարաց տոնը կատարե՛ք Քասղև ամսին»։
Երկրորդ նամակ
10 «Հարյուր ութսունութ թվականին երուսաղեմացիները և Հուդայի բնակիչները, ծերակույտը և Հուդան ողջունում են ու խաղաղություն մաղթում Պտղոմեոս արքայի դաստիարակ Արիստաբուլոսին, որ օծված քահանաների ցեղից է, ինչպես նաև Եգիպտոսի կողմերում ապրող հրեաներին։ 11 Մենք՝ Աստծու շնորհիվ մեծամեծ փորձություններից փրկվածներս, չափազանց գոհ ենք նրանից, որովհետև թեև թագավորի դեմ պատերազմելու պատրաստություն էինք տեսել, նա ինքը վանեց նրանց, 12 ովքեր եկել, շրջափակել ու պաշարված էին պահում սուրբ քաղաքը, 13 որովհետև երբ Անտիոքոս թագավորն ինքը անթիվ-անհամար զորքերով գնաց պարսից կողմերը, այնտեղ՝ Նանեի տաճարում, կոտորվեցին Նանեի տաճարի քրմերի խորամանկ դավով։ 14 Նանե աստվածուհու հետ ամուսնանալու պատրվակով Անտիոքոսն ինքը իր բարեկամների հետ եկել էր այդտեղ, որպեսզի այդտեղի բոլոր գանձերը վերցնի իբրև օժիտ։ 15 Տաճարի քրմերը բոլոր գանձերը դրեցին նրա առաջ, և նա համաձայնվեց ներս մտնել սակավաթիվ մարդկանցով։ Երբ սրահից ներս մտավ, հանկարծ փակեցին պարսպի արտաքին դարպասները, որտեղից մտել էր Անտիոքոսը, 16 և բացելով առաստաղի տակ գտնվող գաղտնի պատուհանները՝ սկսեցին այնտեղից մեծ-մեծ քարեր նետել և տեղնուտեղը սպանեցին առաջնորդին ու զինվորներին։ Ներսում նրանց կտոր-կտոր անելուց հետո կտրեցին նրանց գլուխները և պարսպից շպրտեցին ժողովրդի մեջ։ 17 Այս ամենի համար օրհնյալ է ամբարիշտներին պատժող Աստվածը։
18 Արդ, քանի որ ուզեցինք Քասղև ամսի քսանհինգին տոնել տաճարի սրբագործումը, հարմար գտանք այդ մասին հայտնել նաև ձեզ, որպեսզի դուք ևս կատարեք Տաղավարահարաց ու կրակի տոնը այնպես, ինչպես հաստատել էր Նեեմիան, որը կառուցեց տաճարն ու սեղանը և դրա վրա զոհեր էր մատուցում։
19 Որովհետև երբ մեր հայրերը գերի էին տարվում Պարսկաստան, այդ ժամանակվա բարեպաշտ քահանաները զոհասեղանից գաղտնի կրակ վերցրին և տարան թաքցրին մի անջուր ջրհորի խորշերում։ Այդ տեղը զգուշությամբ քողարկեցին այնպես, որ այդ վայրն աննկատ մնա։ 20 Շատ տարիներ անց, երբ Աստված կամեցավ, պարսից արքայի հրամանով Նեեմիան կրակը բերելու համար ուղարկեց այն քահանայապետերի թոռներին, որոնք թաքցրել էին այն։ Նրանք եկան, պատմեցին ու ասացին. “Մենք այնտեղ կրակ չգտանք, այլ միայն լճացած ջուր”։ 21 Ապա նրանց հրաման տվեց գնալ, հանել ջուրն ու բերել։ Երբ հասավ ողջակեզներ մատուցելու ժամանակը, Նեեմիան քահանաներին հրամայեց այդ ջուրը շաղ տալ փայտերի ու ողջակեզների վրա։ 22 Երբ դա արեցին, և մի փոքր ժամանակ անցավ, արեգակը շառագույն շողեր արձակեց դրա վրա, և կրակի բոցեր ելան սեղանի վրայի փայտերից ու լափեցին ողջակեզները, այնպես որ բոլորը սքանչացան։ 23 Մինչ ողջակեզներն այրվում էին, քահանաները, ձայն բարձրացնելով, սկսեցին աղոթել։ Հովնաթանն առաջնորդում էր, իսկ Նեեմիան և մյուսները նրա հետևից ձայնակցում էին։ 24 Աղոթքն այսպիսին էր. “Տե՛ր, Տե՛ր, բոլոր արարածների Աստված, ահեղ, հզոր, ճշմարիտ, արդար և ողորմած, դու ես միակ թագավորը, որ քաղցր ես, 25 դու ես, որ բոլորին մատակարարում ես ամեն ինչ, դու ես միայն արդար և ճշմարիտ, ամենակալ ու հավիտենական, դու ես, որ Իսրայելին փրկում ես բոլոր չարիքներից։ Դու ես, որ հայրերին ընտրյալներ դարձրիր և սրբագործեցիր նրանց։ 26 Հանուն քո ամբողջ ժողովրդի ընդունի՛ր այս զոհերը և պահպանի՛ր ու սրբագործի՛ր քո ժառանգությունը։ 27 Հավաքի՛ր մեր ցրված գերիներին, ազատի՛ր նրանց, որ անարգ ու պիղծ մարդկանց ծառայության տակ են, նայի՛ր քո ծառաներին, որպեսզի թշնամիներն իմանան, թե դու ես մեր Աստվածը։ 28 Քո հարվածներն իջեցրո՛ւ պիղծ ու անարգ հեթանոսների գլխին, որոնք բռնանում են և ամբարտավանորեն վարվում մեզ հետ։ 29 Քո ժողովրդին հաստատի՛ր քո սրբավայրում, ինչպես Մովսեսն է ասել”։
30 Քահանաներն իրենց օրհներգություններն էին երգում, 31 իսկ ողջակեզները տակավին այրվում, մոխրանում էին։ Երբ զոհաբերությունն ավարտվեց, Նեեմիան հրամայեց մնացած ջուրը շաղ տալ քարերի վրա։ 32 Երբ դա արեցին, բոցն ավելի բորբոքվեց։ Երբ բոցի լեզուները բարձրացան, զոհասեղանի կրակն ավելի բորբոքվեց ու մոխրացավ այն ամենը, ինչ դեռևս մնացել էր։ 33 Երբ այս հրաշքը հայտնի դարձավ, ու պատմեցին թագավորին, թե այն վայրում, որտեղ գերի քահանաները կրակն էին թաքցրել, ջուր է բխել, և Նեեմիան ու նրա մոտ գտնվող քահանաները դրանով են ողջակեզները սրբագործել, 34 թագավորը, վերահասու լինելով այս դեպքերի իսկությանը, հրամայեց շուրջանակի փակել այդ վայրը և տաճար կառուցել։ 35 Եվ բոլոր նրանց, ում հանդեպ թագավորը բարեհաճ էր, բազում նվերներ տվեց և ստացավ նրանցից։ 36 Նեեմիայի մոտ գտնվողներն այդ վայրն անվանեցին Նեփթե, որ թարգմանաբար նշանակում է “սրբագործում”։ Բայց շատերը դրան Նեփթայի անունն են տալիս»։