Հին Կտակարան
Նոր Կտակարան
բ. Եղջյուրների տեսիլքը1 Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա չորս եղջյուրն…
բ. Եղջյուրների տեսիլքը
1 Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա չորս եղջյուրներ 2 և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Ասաց ինձ. «Դրանք այն եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և Իսրայելը»։ 3 Եվ Տերն ինձ ցույց տվեց չորս հյուսն։ 4 Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։
գ. Չափելու լարի տեսիլքը
5 Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա մի մարդ, և իր ձեռքին երկրաչափ լար ուներ։ 6 Ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Եվ ասաց ինձ. «Երուսաղեմը չափելու և տեսնելու, թե որչա՛փ է նրա լայնությունը և որչա՛փ՝ երկարությունը»։ 7 Եվ ահա հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, հանգիստ կանգնած էր, և ուրիշ հրեշտակ ելավ նրան ընդառաջ 8 և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։
9 Ես նրա համար շուրջանակի հրեղեն պարիսպ կլինեմ և փառքով կբնակվեմ նրա մեջ”»։
Տիրոջ վերադարձի հրավեր
10 «Հե՛յ, հե՛յ, փախե՛ք հյուսիսի երկրից,- ասում է Տերը,-
քանի որ երկնքի չորս հողմերից
կհավաքեմ ձեզ,- ասում է Տերը։
11 Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք,
Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։
12 Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Փառքի հետևից ինձ արձակեց դեպի այն ազգերը, որ կողոպտեցին ձեզ, որովհետև ով մոտենա ձեզ, նման է նրան, ով հարվածում է իր աչքի բիբին։ 13 Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։
14 «Խնդա՛ և ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի,
քանի որ ահա ես կգամ
ու կբնակվեմ քո մեջ,- ասում է Տերը,-
15 և այդ օրը շատ ազգեր կապավինեն Տիրոջը
և կլինեն նրա համար ժողովուրդ ու կբնակվեն քո մեջ»։
Եվ կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։ 16 Եվ Տերը սուրբ երկրում կժառանգի Հուդան՝ իր բաժինը, և դարձյալ կընտրի Երուսաղեմը. 17 և թող ամեն մարմին երկնչի Տիրոջ երեսից, քանի որ Տերը բարձրացել է իր սուրբ ամպերից։