Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Բորոտի բժշկումը(Մրկ. 1.40-45, Ղուկ. 5.12-16)1 Երբ Հիսուսն իջավ լեռից,…

Բորոտի բժշկումը

(Մրկ. 1.40-45, Ղուկ. 5.12-16)

1 Երբ Հիսուսն իջավ լեռից, նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն գնաց։ 2 Ահա մի բորոտ մոտեցավ, երկրպագեց նրան և ասաց. «Տե՛ր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել»։ 3 Հիսուսն իր ձեռքը երկարեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ բորոտությունը նրանից իսկույն մաքրվեց։ 4 Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։

Հարյուրապետի ծառայի բժշկումը

(Ղուկ. 7.1-10)

5 Երբ Հիսուսը Կափառնաում մտավ, նրան մոտեցավ մի հարյուրապետ, որ աղաչում էր նրան 6 և ասում. «Տե՛ր, ծառաս անդամալույծ պառկած է տանը և սաստիկ տառապում է»։ 7 Հիսուսը նրան ասաց. «Ես կգամ և կբժշկեմ նրան»։ 8 Հարյուրապետը պատասխանեց և ասաց. «Տե՛ր, արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, այլ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։ 9 Արդարև ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին թե՝ ե՛կ, և գալիս է, իմ ծառային էլ թե՝ այս բանն արա՛, և անում է»։ 10 Երբ Հիսուսը լսեց, զարմացավ և ասաց իր հետևից գնացողներին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայելում անգամ այսպիսի հավատ երբեք չգտա։ 11 Ասում եմ ձեզ, որ արևելքից ու արևմուտքից շատերը կգան և երկնքի արքայության մեջ սեղան կնստեն Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ, 12 իսկ արքայության որդիները կելնեն արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։ 13 Ապա Հիսուսը հարյուրապետին ասաց. «Գնա՛, և ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ»։ Եվ այդ օրը նրա ծառան առողջացավ։

Հիսուսը շարունակում է բժշկել

(Մրկ. 1.29-34, Ղուկ. 4.38-40)

14 Հիսուսը, Պետրոսի տունը գալով, տեսավ, որ նրա զոքանչը բարձր ջերմությամբ պառկած է։ 15 Բռնեց նրա ձեռքից, և ջերմությունը իջավ։ Նա ոտքի կանգնեց և սկսեց ծառայել նրան։

16 Երբ երեկո եղավ, Հիսուսի մոտ բերեցին բազում դիվահարների։ Նա խոսքով հանեց ոգիներին և բժշկեց բոլոր հիվանդներին, 17 որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասված խոսքը.

«Նա մեր հիվանդությունները վերացրեց

և մեր ցավերը կրեց» (Ես. 53.4ա)։

18 Հիսուսը, իր շուրջը մի մեծ բազմություն տեսնելով, կարգադրեց իր աշակերտներին, որ լճի մյուս կողմը գնան։ 19 Մի դպիր մոտեցավ և ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո հետևից կգամ, ուր էլ գնաս»։ 20 Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջ ունեն, երկնքի թռչուններն էլ՝ բույն, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ իր գլուխը դնի»։

21 Նրա աշակերտներից մեկն ասաց նրան. «Տե՛ր, թո՛ւյլ տուր ինձ, որ գնամ նախ հորս թաղեմ»։ 22 Հիսուսը նրան ասաց. «Ե՛կ իմ հետևից, և թող մեռածները թաղեն իրենց մեռելներին»։

Հիսուսը խաղաղեցնում է փոթորիկը

(Մրկ. 4.35-41, Ղուկ. 8.22-25)

23 Երբ Հիսուսը նավակ մտավ, աշակերտները գնացին նրա հետևից։ 24 Եվ ահա ծովում այնքան ուժեղ ալեկոծություն բարձրացավ, որ նավակը գրեթե ծածկվեց ալիքներով։ Իսկ նա ննջում էր։ 25 Աշակերտները մոտեցան, արթնացրին նրան և ասացին. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, որովհետև կորչում ենք»։ 26 Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։ 27 Մարդիկ զարմացան և ասում էին. «Ինչպիսի՜ մեկն է սա, որ թե՛ հողմերը և թե՛ լիճն են հնազանդվում նրան»։

Երկու դիվահարի բժշկումը

(Մրկ. 5.1-20, Ղուկ. 8.26-39)

28 Երբ լճի այն կողմը՝ գերգեսացիների երկիրն անցան, Հիսուսի դեմ ելան երկու դիվահար, որոնք դուրս էին եկել գերեզմաններից։ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր կարողանում անցնել այդ ճանապարհով։ 29 Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։ 30 Նրանցից ավելի հեռու խոզերի մի երամակ էր արածում։ 31 Դևերն աղաչում էին նրան և ասում. «Եթե մեզ այստեղից հանում ես, թո՛ւյլ տուր՝ խոզերի երամակը գնանք»։ 32 Ասաց նրանց՝ գնացե՛ք։ Դևերը դուրս եկան գնացին խոզերի երամակը։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դեպի լիճը թափվեց, և խոզերը ջրում սատկեցին։ 33 Խոզարածները փախան և քաղաք գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարներին պատահածը։ 34 Եվ ահա ամբողջ քաղաքը Հիսուսին ընդառաջ ելավ։ Երբ նրան տեսան, աղաչեցին, որ հեռանա իրենց սահմաններից։