Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եղիուսը մեղադրում է Հոբին1 Եղիուսը նորից խոսեց ու ասաց.2 «Ո՛վ իմաստու…

Եղիուսը մեղադրում է Հոբին

1 Եղիուսը նորից խոսեց ու ասաց.

2 «Ո՛վ իմաստուններ, լսե՛ք ինձ,

և դուք՝ հանճարեղնե՛ր, ակա՛նջ դրեք.

3 քանզի ականջն է քննում խոսքերը,

իսկ կոկորդը կերակուրներն է ճաշակում։

4 Արդ, մենք մեզ համար ատյան ընտրենք

ու մեր մեջ իմանանք, թե ի՛նչն է բարի։

5 Քանի որ Հոբն ասաց. «Արդար եմ ես,

բայց Տերը մի կողմ է նետել իմ իրավունքները,

6 արդար դատաստան չի արել իմ հանդեպ.

նրա նետը մահացու է, թեև անիրավություն չեմ գործել»։

7 Արդ, կա՞ մարդ, որ Հոբի պես արհամարհանքն իբրև ջուր խմի՝

8 չմեղանչելով, ամբարշտություն չանելով,

անօրենություն անող մարդկանց գործերին չմասնակցելով,

չընթանալով ամբարիշտների հետ։

9 Չասես. «Ոչ մեկին պատիժ վրա չի հասնի,

մինչդեռ այցը Տիրոջ կողմից է լինելու»։

10 Դրա համար էլ, սրտո՛վ հանճարեղներ, ի՛նձ լսեք։

Այնպես թող չլինի, որ ես ամբարշտություն անեմ Տիրոջ հանդեպ

ու Ամենակալի առաջ աղմկեմ, թե արդար եմ։

11 Յուրաքանչյուր մարդու, ըստ նրա արարքների, կհատուցի,

ըստ նրա վարքի կփոխադարձի նրան։

12 Գուցե Տիրոջ մասին մտածում ես, որ կարող է անկարգ բանե՞ր անել,

կամ կաղավաղի՞ իրավունքն Ամենակալը։

13 Ո՞վ է ստեղծել երկիրը։